Թմրանյութից ավելի ուժեղ հայ ընտանիքները քանդում են խաղատները

Թմրանյութից ավելի ուժեղ հայ ընտանիքները քանդում են խաղատները

Կարծում եմ, բնավ պատահական չէր, որ Խորհրդային տարիներին թղթախաղի համար մարդկանց նկատմամբ քրեական գործ էին հարուցում, երբեմն նաև բանտ նստեցնում: Խորհրդային հսկա ինստիտուտները հանուն երկրի և մատաղ սերնդի ապագայի, գոնե երկու հարցերում՝ խորը գիտական, հոգեբանական ուսումնասիրությունների արդյունքում, արատավոր երևույթների՝ թմրանյութերի և ազարտային խաղերի վերաբերյալ չափազանց խիստ մոտեցում էին հանդես բերում ու դրանք բարձրացնում ընդհուպ պետական քաղաքականության մակարդակի: Այդ եզրահանգմանը նրանք հասել էին մի շարք գիտահետազոտական ինստիտուտների հսկայածավալ աշխատանքների արդյունքների հիման վրա և այն շատ խստորեն կիրառում էին երկրի կյանքում: Նրանք լիովին հասկացել էին այդ երևույթների քայքայիչ ու կործանարար ազդեցության մասին, որի հետևանքով էլ պետական հոգածություն էին հանդես բերում այդ հարցերի նկատմամբ:

Անկեղծ ասած, սա բավականին չարչրկված թեմա է, սակայն զարմանալ կարելի է, որ պատկան մարմինները ժողովրդավարության (ըստ իս, այս պարագայում ժողովրդավարությունը հասկացվում է բարձիթողի վիճակը) անվան ներքո և բյուջեն մի քանի կոպեկով ավելացնելու դիմաց, ուղղակի քանդում, արմատախիլ են անում բազմաթիվ հայ ընտանիքներ: Եթե նայենք վերջին ժամանակների վիճակագրությունը, ապա պարզորոշ կտեսնենք, թե հատկապես որքան հայ երիտասարդներ են իրենց կյանքին վերջ տվել, որքան ընտանիքներ են քայքայվել և այդ բոլորը հիմնականում խաղատներում տանուլ տված սարսափելի մեծ գումարների պատճառով: Մենք հենց այս օրերին էլ գտնվում ենք պատերազմական վիճակում և ամեն զինվորի մահը չափազանց ծանր ենք տանում: Դե, պատկերացրեք, թե որքան անտանելի է երկրի ոչ պատերազմական գոտում, հատկապես մայրաքաղաքում կատարվող, քանակապես անհամեմատ ավելի մեծ թվով՝ մոտավոր նույն տարիքի երիտասարդների ինքնասպանության դեպքերը՝ այդ խաղատներում (<<Vivaro>>, <<Toto>>, <<Gudwin>>, …)  սարսափելի մեծ գումարներ տանուլ տալու պատճառով և այդ ամենն այն պարագայում, երբ 25 և ավելի տարիներ երկիրը գտնվում է բացահայտ պատերազմական վիճակում, զինվորների մեծ պակաս ունենք, արտագաղթը, գործազրկությունը, գների աներևակայելի աճը,…, և նմանատիպ շատ այլ ծայրահեղ իրողություններ, բառի իսկական իմաստով ոչնչացնում են երկիրն ու ժողովրդին ու այս ամենն այն պարզ պատճառով, ինչ է, թե մի քանի հոգի չափազանց հարստանան և նաև մի քանի կոպեկ մտնի բյուջե:

Միթե՞ մարդկային միտքը կարող է ընկալել այն իրողությունը, որ բացահայտ պատերազմի մեջ գտնվող երկիրը, որն ունի զինվորների մեծ պակաս, ճիշտ նույն ժամանակահատվածում կարող է բացահայտ քաջալերել այնպիսի անարխիան, ինչպիսին ղումարի բացահայտ թույլտվության համակարգի ներդնումն է,  որի պարագայում փաստացի մատաղ երիտասարդության համար ստեղծվում է ավելի գայթակղիչ հնարավորություն՝ ժամանակն անցկացնել խաղատներում, թքած, թե չեն կործանվի և իրենք, և իրենց ընտանիքները, քան թե կռվել հայրենիքի համար: Միթե՞ համեմատելի իրավիճակներ են, երբ մի կողմից երիտասարդը զոհվում է պատերազմի դաշտում, իսկ մյուս կողմից խաղատներում տանուլ տալով մեծ գումարներ, զոհվում է և ինքը, և զոհում նաև իր ընտանիքը: Պատերազմական իրավիճակն այն բացառիկ պարագան է, երբ պետք է առաջնորդվել միմիայն պատերազմի օրենքներով և ի՞նչ խաղատների մասին է խոսքը, երբ դրանցով հերթական անգամ ոչնչացնում ենք մեր ժողովրդին և ինչ-որ տեղ անտեսելով պատերազմը, ժողովրդավարություն ենք խաղում և ուղիղ գծով խեղում երկիրը:

Մի պահ ենթադրենք, որ նույնիսկ պատերազմական վիճակ էլ չէ, ամեն դեպքում ինչպես կարելի է թույլ տալ, որ երկրում ազատ թևածի ղումարը և շարունակաբար կործանի հազարավոր ընտանիքներ: Բավական է հիշեցնել միայն, որ Ճապոնիայի նման երկրում լիովին արգելված են ազարտային խաղերը և ոչ այն պատճառով, որ այդ պետությունը բյուջե համալրելու կարիք չունի, այլ այն պատճառով, որ իրենք համարում են դա Ճապոնիայի համար կլինի բարոյական կործանում և դրա բերած դրամական օգուտներն անհամեմատ ավելի փոքր կլինեն, քան երկրում տիրող բարոյա-հոգեբանական վիճակի խաթարման հետևանքները: Ազարտային խաղերի թույլտվության պարագայում, երկրին պատճառված բարոյական վնասներն այնքան մեծ կլինեին, որ դրանց բացասական հետևանքները հեշտորեն կքանդեին և երկրի տնտեսությունը, և մնացած ամեն ինչ: Իհարկե, բացարձակ անհեթեթ կլինի մտածել, որ Ճապոնիայի նման երկրում նման տարրական հաշվարկների հարցում կարող են սխալվել:

Վիճակն այնքան պարզունակ է, որ եթե ամփոփենք ասվածը, ապա ոչ միայն այն պատճառով, որ երկիրը պատերազմական վիճակում է, այլև այն, որ հայի տեսակին հարիր չէ ու պատիվ չի բերում, որ իր հիմնական բնօրրանում՝ Հայաստանում թույլ տալ, որ օրը ցերեկով մի քանի հոգի անխնա թալանեն անաշխատանք, արտագաղթի եզրին հայտնված, առանց այն էլ բարոյապես ու նյութապես համարյա արդեն ոչնչացված հայ ժողովրդին…: Կույրին անգամ տեսանելի է, խաղատներից եկած վտանգը անհամեմատ ավելին է, քան թմրանյութինը, քանզի թմրանյութը ընտանիքում աստիճանաբար սպանում է մեկ հոգու և նրա վրա ծախսվող միջին գումարը էապես փոքր է խաղատներում տանուլ տված միջին գումարներից…

Պետությունը պարտավոր է՝ թեկուզ չափազանց ուշացած, ուղղակի՝ մեկ որոշումով  արգելելու ժողովրդի գլխին չարիք դարձած այդ խաղատների գոյությունը, այլապես բացարձակ անհնարին կլինի փրկել երկրի՝ ուղիղ գծով անդունդում հայտնվելը…

Հակառակ պարագայում, տպավորություն կստեղծվի, որ պետական որոշ օղակներում շահագրգռվածություն կա այդ խաղատների գոյության հարցում…

Կյանքը ցույց կտա, թե որն է ճշմարտությունը…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Եթե արգելեն կառաջանան ընդհատակյա խաղատներ.
    Ի դեպ սովետի ժամանակել չնայած խստությանը էտ ամենը կար, ու ավելի վատ տեսակով, մարդիկ սեկայով էին ղումար խաղում. Տենց պատմություններ լիքնեն երբ մարդը կնոջը կամ քրոջներ պարտվում ու ինքնասպաներ լինում.
    Ուղղալի էն ժամանակ ինֆորմացիան էդքան հասանելի չէր, ամեն մեկը միայն իր շրջապատում եղած դեպքերի մասիներ իմանում”

    Լեգալ խաղատանը մարդը գոնե ապառիկով չի կարա խաղա ու իր քրոջով խաղադրույք չեն ընդունում.

    Էլ չեմ ասում, որ ինտերնետի դարում կան բազում օնլայն խաղատներ, մարդիկ կխաղան ասենք անգլիական բուքմեյկերների սայթերում ու էտ գումարները որ մտնումա Հայաստանի բյուջե կգնա Անգլիայի բյուջե.

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք