Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդական կրքերի հանդարտեցման նախանշաննե՞ր

Հունվար 08,2018 23:23

Ժողովրդական բացայայտ, իսկ այժմ երեւի թաքուն կրքերը հանդարտեցնելու նախանշանները ակներեւ են դարձել երէկւայ՝ օրէնսդիր, գործադիր, դատական իշխանութիւնների եւ անվտանգութեան ու իրաւապահ մարմինների միջեւ կայացած համատեղ նիստի ընթացքում բարձրաձայնւած յայտարարութիւններում:

Շուրջ 70 ձերբակալեալի ազատ արձակման, ֆիլտրացւած սոցցանցերի վերագործարկման, ռադիօ-հեռուստատեսութեան կազմակերպութեան լրատւական ծրագրերի վերանայման գծով նոր քաղաքականութեանց մշակման եւ այլեւայլ խնդիրների մասին համատեղ խորհրդակցական նիստում յայտարարութիւններին զուգահեռ՝ խորհրդարանի եւ միջամուխ միւս մարմինների կողմից մի շարք թանկացումների (բենզին, ձու, երկրից ելքի տուրք եւ այլն…) առկախումը թերեւս միտւած են հէնց վերոգրեալ կրքերի հանդարտեցմանը…:

Ժողովրդական խաղաղ ցոյցեր ու հաւաքներ անցկացնելու մնայուն վայր ճշտորոշելու Թեհրանի Քաղխորհրդի (աւագանիների) առաջարկն էլ թէեւ վերոգրեալների շարքին կարելի է դասել, բայց պարզ է, որ լոկ դրանով չէ, որ ժողովուրդ-իշխանութիւն փոխյարաբերութիւններին ինստիտուցիոնալ կերպարանք է հաղորդւում… խնդիրը, կարծում ենք հիմնականում կայանում է նրանում, որ առհասարակ Իրանի հասարակա-քաղաքական շրջանակներում կուսակցականացման աւանդոյթը խորթ է եղել կամ էլ կայացածութեան հոլովոյթ չի ապրել…: Սա, անշուշտ առանձին քննարկելիք թեմա է:

Մինչ այդ, սակայն, ժողովրդական արդարացի յոյզերին, պահանջներին եւ առաւել եւս՝ կրքերին բաւարարութիւն տալու կոչւած եւ հէնց այդ նպատակին ծառայելու համար ժողովրդի կողմից ընտրւած իշխանութիւնները պէտք է օր աւուր եւ առաւել քան երբեւէ կանոնակարգեն-մշակեն եւ որ կարեւոր է՝ դիւրացնեն նոյն ժողովրդի հետ յարաբերւելու, խորհրդակցել-քննարկելու առիթներն ու պատեհութիւնները:

Այլապէս՝ ժողովրդական զանգւածները եւ առաջին հերթին՝ երիտասարդ, ուսանող, գործազուրկ եւ անկարող ու սոցիալ-տնտեսապէս  խոցելի խաւերը նման պատեհութիւնները կորոնեն այսպէս ասած՝ ինստագրամային կամ թելեգրամային փոխյարաբերութիւններում, խորթանալով ու հեռանալով պետական-պաշտօնական հաւաստիքներից…:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

 ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031