Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդի մեծ մասը տոկոսի տակ է մի փոքր շերտի մոտ

Հունվար 09,2018 18:40
vark

Ինչո՞վ կարող է ապրել անաշխատանք՝ եկամուտներ չունեցող մարդը: Այս հարցն ունի մի քանի պատասխան. կամ գողությամբ, կամ ուրիշներից պարտք վերցնելով, կամ գթացող մարդկանց օգնությամբ, կամ էլ պետք է յոլա գնա մուրացկանության միջոցով: Մարդուն հաջողվում է գողություն անել մի քանի անգամ՝ մինչև բռնվելը, որից հետո հայտնվում է համապատասխան վայրում և դրանով իր «հարցը լուծվում է»: Գթացող մարդիկ համարյա չկան կամ լավագույն դեպքում նրանք ևս կարող են գթալ ամենաշատը մի քանի անգամ: Այսպիսի աղքատության պայմաններում, մուրացկաններին համարյա բանի տեղ դնող չկա:

Այնպես որ, շատ, թե քիչ ռեալ է պարտք վերցնելու տարբերակը, որը ևս կարելի է համարյա ավարտված համարել: Այս տարբերակը աշխատում էր Խորհրդային տարիներին և տասնյակ տարիներ առաջ, քանզի մարդիկ նման բանի կարիք քիչ ունեին և կար հարգանք ու պատիվ, որի  պատճառով մարդիկ օգնում էին նրանց, ովքեր դրա կարիքը ունեին: Վերջին մոտ 10 և ավելի տարիներին աշխատատեղերի առյուծի բաժինը համատարած և մեծ արագությամբ փակվեցին, որը բնականորեն բերեց մարդկանց համատարած գործազրկության և աղքատության, որի արդյունքում էլ բնական անհրաժեշտություն առաջացավ փող տրամադրող՝ տարաբնույթ բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնադրման համար, որոնք էլ դարձան միակ շտեմարանը, որոնց կարող էր դիմել ժողովուրդը վարկային (տոկոսով պարտք) գումարներ վերցնելու՝ գոյություն պաշտպանելու, երբեմն նաև  որոշակի գործեր ձեռնարկելու համար, քանզի միջոցներ հայթայթելու այլ ճանապարհ չկար: Եվ հենց այսպես էլ սկիզբ առավ ժողովրդի սնանկացման՝ կործանման գործընթացը:

Ժողովուրդն ինչ-ինչ սին հույսերով բանկերից գումարներ էր վերցնում և չունենալով որևէ եկամուտ, չէր կարողանում վճարել սահմանված բանկային վճարումները ու հայտնվում էր վարկի գումարի դիմաց գրավադրված գույքը կորցնելու վտանգի առաջ, իսկ առանց գրավադրման տրամադրված վարկերի բանկային չվճարումների համար հայտնվում էր անհուսալի գրավառուների շարքում և դասակարգվում (ժողովրդական լեզվով ասած, հայտնվում էր սև ցուցակում), որից հետո նա զրկվում էր հետագայում որևէ տեսակի վարկ ստանալու հնարավորությունից, որը փաստացի փակում էր նրա յոլա գնալու հետագա՝ միակ հնարավորությունը: Նշեմ նաև, որ գրավադրված գույքը կորցնելու դեպքում ևս, գրավառուները հայտնվում են սև ցուցակում և կախված վճարումների ժամկետների ուշացումներից, կարող են նաև դասակարգվել: Եվ այս ամենն այն դեպքում, երբ բանկերը և ունիվերսալ վարկային կազմակերպությունները (ՈՒՎԿ) իրենց կողմից տրամադրած գումարների մի մասը 2-6 տոկոս տոկոսադրույքով  ստանում են այլ երկրների ու միջազգային դոնորների կողմից՝ մեր պետությանն անտոկոս կամ 2-4 տոկոս տրամադրված վարկային միջոցներից, իսկ իրենք վարկերը մարդկանց տրամադրում են տարեկան մինչև 48 տոկոս տոկոսադրույքով:

Կան նաև այնպիսի վարկային կազմակերպություններ, որոնք վարկեր տրամադրում են շատ ավելի բարձր տոկոսադրույքներով ու այդ ամենը դարձյալ միայն այն դեպքում, երբ մարդը դասակարգված կամ սև ցուցակում չէ: Դրանցից կարելի է առանձնացնել այնպիսի վարկային կազմակերպություններ, ինչպիսիք են, օրինակ՝ «Varks», «Vivus» և որոշ այլ ՈՒՎԿ-ներ, որոնք վարկերը տրամադրում են տարեկան նվազագույնը 180 (ամսական՝ 15 տոկոս) տոկոս տոկոսադրույքով (անունը դնելով արագ և հեշտ վարկ, որոնք իրականում՝ իսկապես տրամադրվում են հաշված րոպեների ընթացքում), որն ամբողջ աշխարհում չլսված բան է և նման բացառիկ «ռեկորդը» հազարամյակներ շարունակ հնարավոր չի լինի գերազանցել: Համեմատության համար ասենք, որ ԱՄՆ-ում և Եվրոպական շատ երկրներում վարկերը կամ անտոկոս են, կամ վատագույն դեպքում՝ տարեկան 2-4 տոկոս (զարմանալի չէ, քանզի վարկի գաղափարն աշխարհում հենց այդպես է ծագել և այն պետք է տրամադրվի մարդկանց օգնելու, այլ ոչ թե քերթելու համար):

Հայաստանում չափազանց բարձր մասնագիտական մակարդակով մշակված և գործում է բանկային միասնական AKRA համակարգ, որտեղ ըստ վճարման ժամկետների, ներառված են բոլոր վարկառուների կատարված վճարումների պատկերը՝ վարկային պատմությունը, որի բազայի վրա էլ կազմվում են սև ցուցակներում գտնվող և դասակարգված վարկառուները, ովքեր դասակարգման ամսաթվից սկսած, մոտակա 5 տարիներին զրկվում են որևէ տեսակի վարկ ստանալու հնարավորությունից, իսկ ուշացրած պարտավորությունները՝ սահմանված տույժ ու տուգանքներով, երկրաչափական պրոգրեսիայով շարունակում են աճել մինչև անվերջություն:

Այլ խոսքով, նման պատկերի պարագայում ավարտվում է նոր վարկ ստանալու հնարավորությունը, որով կարելի էր մարել գոնե հին վարկերի մայր գումարները, տոկոսները, միջնորդավճարները և սպասարկման վճարները ու ինչպես նշեցինք, դրանց տույժ ու տուգանքները շարունակում են անվերջ աճել: Պատկերավորության համար նշենք, որ մեկ մարդու վարկի չվճարված գումարները կարող են այնքան աճել, որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում դրանք կարող են կազմել մեկ կամ մի քանի բազմաբնակարան շենքի արժեքի չափ և գումարների աճի այդ ընթացքը ոչ մի կերպ կանգնեցնելու հնարավորություն չկա:

Եվ ահա, հենց այստեղ էլ գալիս է այն «երանելի» ժամանակը, երբ բանկերն արդեն վարկեր չեն տալիս և հերթը հասնում է ունևոր (խոսքը թալանած փողերի մասին է) մարդկանցից ամսական 15-18 (տարեկան՝ 180-216 տոկոս) տոկոսով գումարներ վերցնելուն, որը և հանգիստ, առանց խղճի խայթի անում են մեր «սիրելի, հայրենակից» ունևորները: Չեմ ուզում  խոսել այն մասին, թե դրանից հետո ինչ վիճակում են հայտնվում մեր խեղճ ու կրակ համերկրացիները, քանզի այդ թվաբանությունը բոլորի համար ավելի, քան մատչելի է:

Փաստացի, Հայաստանում մշակված է մարդկանց թալանելու, լիովին ունեզրկելու և ոչնչացնելու չափազանց ճկուն համակարգ, այն է. առաջին անգամները վարկեր կարող են վերցնել բանկերից, որից հետո դժվարությամբ՝ ՈՒՎԿ-ներից, իսկ դրանից հետո անհատ ունևորներից՝ մինչ իրենց ունեցվածքի վերջին կաթիլը կորցնելը: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքն ունի համապատասխան հոդված, ըստ որի ամսական 2 տոկոսից բարձր տրվող գումարները համարվում են վաշխառություն, սակայն ով է հետևում դրան, որ հլա մի հատ էլ վախենան պատժվելուց:

Ասվածից չափազանց պարզորոշ հասկացվում է, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը շատ բարձր տոկոսներով՝ տոկոսի տակ է ունևոր փոքրամասնության ձեռքի տակ և այս ողբերգությունը չի հուզում ոչ մեկին ու անգամ փորձ չի արվում այս եղեռնին որևէ կերպ լուծում տալ: Եվ այս ամենն ընդամենը մեկնաբանվում է այսպես. մարդիկ իրենց կամքով են գնացել և գնում դրան, ոչ ոք նրանց չի պարտադրում գնալ նման քայլի: Թող, բարի լինեն քայլեր անելուց առաջ մտածել…

Այ քեզ իսկական ժողովրդավարություն: Հետո էլ ասում են, թե Հայաստանում ժողովրդավարություն չկա: Բա սրանից ավելի մեծ ժողովրդավարություն կլինի±…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Լրիվ էմոցիաներ են առանց փաստերի.
    Հայաստանի բանկերում ժամկետանց վարկերը ընդանուրի 3-5տոկոսից չեն անցնում.
    Այսինքն ժողովուրդը վարկեր վերցնումա ու հիմնականում կարողանումա մարել.
    Այսինքն էտ որ սաղ ժողվուրդը վարկերա տակ ճկռումա չի կարում մարի միֆա.

    Վարկի մեջ վատ բան չկա. Ասենք սովետի ժամանակ վարկ չկար մարդը պիտի մի 10տարի փող հավաքեր բարձի տակ, որ ավտո առներ.
    Իսկ հիմա 24-25տարեկան երիտասարդը մի 200հազար դրամանոց գործա գտնում վեց ամսից վարկով ավտոյա առնում.
    Եթե եկամուտ շատանումա արդեն մտածումա հիփոթեքով տուն վերցնելու մասին, հետո վերանորոգելու մասին ու միշտ տենց վարկի տակա մնում.

    Եթե խելամիտ արվումա էտ ամենը առանց չարաշահելու հնարավորությունները գերագնահատելու, ոչ մի վատ հետևանքի չի բերում.

    Իսկ չարաշահողներ ամեն տեղել կան, անգամ շատ ավելի զարգացած երկրներում ասենք 2008-ին ԱՄՆ-ում միլիոնավոր մարդիկ հիփոթեքը չկարողացան մարել տները կորցրեցին.
    Համաշխարային ճգնաժամը հենց իրենց վարկեր տված բանկերի սնանկացումից սկսվեց.

Պատասխանել Աշոտ

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031