Այս տարվանից գյուղատնտեսությունն էլ հարկվելու է

Այս տարվանից գյուղատնտեսությունն էլ հարկվելու է

Այս տարին մեկնարկել է հարկային անակնկալներով. բենզինի, դիզվառելիքի եւ սեղմված գազի վերջին թանկացումները, ըստ պաշտոնական պարզաբանման, հարկային նոր օրենսգրքի՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտնելով է պայմանավորված:

Գյուղատնտեսությունում էլ այս տարի հարկման նոր մեխանիզմ է գործելու:

Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանն ասաց, որ գյուղատնտեսությունն էլ այս տարվանից հարկվելու է: Ճիշտ է, փոքր գյուղացիական տնտեսություններն առայժմ չեն հարկվի, բայց դա ժամանակավոր է:

Բանն այն է, ինչպես պարզաբանեց տնտեսագետը, այս տարվանից մեր երկրում այլեւս չի գործելու առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մեզ տրված արտոնությունը, եւ 58.35 միլիոն դրամից ավելի գյուղատնտեսական ապրանք արտադրողները ավելացված արժեքի հարկ՝ ԱԱՀ պետք է վճարեն:

Մանուկյանի խոսքերով՝ Հայաստանն ԱՀԿ-ի անդամ լինելով, այդ կազմակերպությունից որոշակի ժամկետներով արտոնություն էր ստացել՝ հայրենական գյուղատնտեսական արտադրության նկատմամբ հարկման մեխանիզմ չկիրառելու: Սրա նպատակն այն է, որ նշված ոլորտը ոտքի կանգնի, զարգանա, որից հետո նոր անցնեն հարկման: Սկզբում այս արտոնության ժամկետը մինչեւ 2010 թվականն էր, հետո նորից մինչեւ 2018-ը հավելյալ ժամկետ տրվեց մեզ. «Ժամկետները սպառել ենք եւ նոր հարակային օրենսգրքով էլ գյուղատնտեսության այն բոլոր սուբյեկտները, որոնք տարեկան 58.35 միլիոնից ավելի արտադրանք են ստեղծում, ամբողջի համար ԱԱՀ են վճարելու»:

Ըստ տնտեսագետի, տնտեսվարողները ԱԱՀ վճարելուց խուսափելու կամ այն շրջանցելու մեխանիզմներ կարող են գտնել, դա շատ տարածված մեթոդ է: Օրինակ՝ որպեսզի մեկ խոշոր ընկերությունը 58.35 միլիոնի շեմի տակ չընկնի, կարող է իր խոշոր ընկերությունը տրոհել եւ 2-3 ընկերություն բացել:

«Ցավոք, մենք գյուղատնտեսությունում չունենք բավարար շահութաբերություն, բայց միջնաժամկետ հեռանկարում ողջ գյուղարտադրանքը հարկվելու է, որպեսզի համահունչ լինի ԱՀԿ չափանիշներին, ըստ որի սահմանված է՝ դու չպետք է քո հայրենական արտադրողներին արհեստական արտոնություններ տաս: Սրա համար է, որ զարգացած եւ զարգացող երկրներում հարկում են: Բայց նրանք անուղղակիորեն փորձում են գյուղացու հոգսը հոգալ: Օրինակ՝ գյուղատնտեսության ապահովագրություն է գործում, երաշխավորված պայմանագրեր կան, լոգիստիկ շղթաներ եւ այլն: Այսինքն՝ անուղղակիորեն փորձում են աջակցել: Որովհետեւ ուղղակի աջակցությունը, ինչպես օրինակ հարկային արտոնությունը, խիստ վիճահարույց է»,-ասաց Մանուկյանը:

Եթե մենք այս մեխանիզմին չանցնենք, հնարավոր է ԱՀԿ անդամ որեւէ պետությունը հայց ներկայացնի Հայաստանի դեմ. «Ճիշտ է, Հայաստանն իր արտադրանքի մասշտաբով այնպիսին չէ, որ դատական հայց ներկայացնեն, այսօր միայն Ուկրաինան է ներկայացրել՝ ծխախոտի առումով, բայց հասկանալի է, որ սա վտանգ է, եթե մենք չանենք պահանջը, մի օրը հայց կներկայացվի»:

ԱՀԿ-ի պահանջով ԱԱՀ-ի հարկման տակ են ընկնելու ասենք՝ ջերմոցներ, չրանոցները, խաղողի այգիները, կարտոֆիլի ցանքատարածությունները եւ այլն, որոնք մթերման են տալիս գյուղապրանքը՝ եթե հիմա նշված շեմը գերազանցելու է: Սակայն տնտեսագետն ասաց, որ ապագայում շեմ չի սահմանվելու, բոլորը հարկվելու են:

Արդյո՞ք հարկման պարագայում գյուղատնտեսությամբ զբաղվելն ու ներդրում անելը ձեռնտու կլինի, մեր այս հարցին Մանուկյանը պատասխանեց, որ գյուղատնտեսության ոլորտը ցածր եկամտաբեր է, գրեթե բոլորը վարկային բեռ ունեն, եւ արդյունքը բարձր շահութաբերություն չի ապահովում. «Այսօր գյուղացիական կոոպերացիաներ են գործում, բայց դրանք արդյունավետ չեն, ավելի շատ սովետի մոտեցումներով է ընկալվում: Եվ որպեսզի ֆերմերները կարողանան ինչ-որ առումով շահութաբեր լինեն,պետք է խոշոր միավորներ լինեն, մեծ ֆիրմաներ լինեն, միավորվեն, դրանք էլի կարող են որոշակի շահութաբերություն ունենալ, փոքրերը՝ ոչ, դրանք պարզապես սոցիալական խնդիր են լուծում՝ մի բան անեն, որ սոված չմնան»:

Բացի այս, Մանուկյանը նկատում է՝ գյուղատնտեսության երկարաժամկետ ռազմավարությունով ամեն ինչ արվում է, որպեսզի գյուղացիական տնտեսությունները խոշորացվեն, խոշոր ջերմոցներ, կամ ցանքատարածություններ լինեն. «Շարքային գյուղացիներն աստիճանաբար կամ սնանկանալու են կամ արտագաղթելու են եւ այդ հողերը հայտնվելու են ջերմոցների կամ այլ գյուղոլորտում գործող այլ խոշորների ձեռքին: Բայց տնտեսական անվտանգության եւ որ ամենակարեւորն է՝ ժողովրդագրական առումով, սա վատ երեւույթ է: Բայց ամեն ինչ արվում է, որ խոշոր ֆերմերներին ձեռնտու լինի, այլ ոչ շարքային գյուղացուն: Այս առումով ապահովագրությունը շատ կարեւոր է, եւ կարեւոր է, որ պետությունը մասնակցություն ունենա այդ ապահովագրության բեռում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք