Կարեւոր 20 տոկոսը

Կարեւոր 20 տոկոսը

Հայաստանում արտասահմանյան ներդրումներ չեն արվում բավարար ծավալով, եւ դրա պատճառները տարբեր են: Առաջինի մասին շատ է խոսվում` մեր պաշտոնյաների կոռումպացված լինելը, բիզնեսների մեջ խցկվելը, արտասահմանյան ներդրողների առջեւ արհեստական խոչընդոտներ ստեղծելը: Պատճառների այս խումբն իսկապես հիմնականն է, եւ եթե փորձենք որոշել դրա տեսակարար կշիռը, ապա այն «կզբաղեցնի» 50 տոկոսը:

Երկրորդ պատճառը նույնպես էական է եւ, ցավոք, մեզնից առանձնապես կախված չէ. եթե այս կամ այն ընկերությունը գործնական կապեր ունի Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, ապա այդ երկրների իշխանությունները, որպես կանոն, պայման են դնում տվյալ ընկերության առաջ. «Կա՛մ մենք, կա՛մ հայերը»: Ոչ մի լուրջ բիզնեսմեն, եթե նույնիսկ մեծ համակրանք ունի հայերի հանդեպ, չի փորձի փչացնել իր հարաբերությունները ավելի մեծ եւ հեռանկարային շուկա ունեցող երկրների հետ. գործնական շահն ավելի կարեւոր է, քան համակրանքն ու հակակրանքը: Այս պատճառը, կարծում եմ, «կքաշի» 30 տոկոս:

Բայց կա երրորդ պատճառը (20%), որն ամբողջությամբ կախված է մեզնից, ավելի ճիշտ` արտասահմանում ապրող մեր հայրենակիցներից: Նրանք իրենց հերթին բաժանվում են երկու` գրեթե հավասար մասի. կեսը նախկին հայաստանցիներն են, որոնք այստեղից գնացել են վերջին 25 տարում, եւ նրանց մեծ մասը չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Գնացածների այդ հատվածի համար որքան վատ լինի իրենց նախկին հայրենիքի վիճակը, այնքան ավելի լավ կզգան` իրենց գնալն արդարացված կլինի:

Երկրորդ կեսը «դասական» սփյուռքն է, մարդիկ, որոնք Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների քաղաքացիներ են եւ որոշակի ազդեցություն ունեն իրենց երկրներում, ի վերջո, նրանք նաեւ ընտրազանգված են: Դե հիմա պատկերացրեք, որ գալիս է ընտրությունների ժամանակը, եւ այդ երկրների քաղաքական գործիչներն ու կուսակցությունները խնդիր ունեն հաճոյանալու ազգությամբ հայ իրենց քաղաքացիներին: Ի՞նչ խնդիրներ են դնում մեր հայրենակիցներն այդ գործիչների եւ կուսակցությունների առաջ: Այդ խնդիրները գրեթե բացառապես կապված են 1915թ. իրադարձությունների, Ցեղասպանության ճանաչման հետ: Եվ եթե հանկարծ այդ երկրների նախագահները, պառլամենտները, նահանգները կամ քաղաքները ինչ-որ՝ թեկուզ ձեւական հայտարարություն են անում Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սփյուռքահայ կազմակերպությունները ցնծում են, համարում են դա կարեւոր նվաճում: Պառլամենտներն ու նախագահները «էժան են պրծնում»` հայերի ականջի համար հաճելի բառեր արտասանելով: Եթե սփյուռքը խնդիրներ դնի, որոնք կապված են Հայաստան պետության, նրա տնտեսության, ժողովրդավարության, օրենքի իշխանության հետ, դա ավելի բարդ գործ կլինի, բայց շատ ավելի կարեւոր եւ էական նշանակություն կունենա Հայաստանի համար:

Տարբեր երկրների հայ համայնքները սովորաբար ընկալվում են որպես միայն անցյալով ապրող մարդկանց խմբեր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Խնդիրն այդ 50(+ 1)% -ի մեջ է: Վերահսկիչ մասնաբաժինը պորտաբույծների ձեռքում է:
    Երկրորդ պատճառը.`Այն հայկական ծագումով «կուպեցը» (վաճառականը), որը ներդրումներ է կատարում Թուրքիայում եւ Ադրբեջանում, չպետք է օգտագործի «հայ» «բրենդը»: Կա՛մ մենք, կա՛մ թուրքերը:
    20% -ը հայկական ծագումով եւ միայն անցյալով ապրող մարդկանց խմբեր են` ամերիկացիներ, ասիացիներ, եվրոպացիներ, ավստրալիացիներ, աֆրիկացիներ եւ այլն: Պետք է պարզել եւ կողմնորոշվել, թե Հայաստանի այսօրվա հանրապետությունը որտեղ է գտնվում` Ասիայու՞մ, թե՞ Եվրոպայում: Միգուցե Ամերիկայու՞մ:

  2. Հ.Շ. says:

    Տոկոսները… չգիտեմ, սակայն այն ինչ վերաբերում է «դասական» Սփիւռքի վիճակին, հոգեվիճակին, մօտից ու լաւապէս ծանօթ ըլալլով նիւթին, կը վկայեմ՝ խորապէս ճիշդ ու ճշգրիտ են Խմբագրի հաստատումները:

    Սակայն վերլուծումը բաւարար չէ, քանզի հարկաւոր է նաեւ ուսումնասիրել պատճառները թէ, խի՞, այսպէս, սփիւռքահայութեան այդ հատուածը նախընտրում է հիմնականօրէն ապաստանիլ անցեալին մէջ, փոխանակ աւելի զբաղուելու այժմու Հայաստանով… Եթէ տոկոսներով պիտի խօսինք, այդ յանցանքին պատճառները կարելի չէ 100% սոյն սփիւռքահայութեան վերագրել միայն… Անոր մէջ ազդակ մըն է նաեւ Հայաստանի բնակչութեան մի մասի վերաբերմունքը, արտայայտութիւնները, կեցուածքը, թէ երկրի նկատմամբ եւ թէ նաեւ այդ դասական սփիւռքահայերի հանդէպ. եւ խօսքս Հայաստանից դուրս ելած, շուռ տուած, անտանելի դասալիքներին մասին չէ միայն, այլ նաեւ տակաւին Մայր Հայրենիքում բնակողների…

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք