Ճապոնացի գիտնական. «Հայաստանի հնավայրերը վտանգված են»

 Ճապոնացի գիտնական. «Հայաստանի հնավայրերը վտանգված են»

Տոկայի համալսարանի դասախոս Մակոտո Արիմուրան արդեն 5 տարի է համագործակցում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ: «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում գիտնականը նշեց. «Ես Տոկայի համալսարանի դասախոս եմ եւ 5 տարի է համագործակցում եմ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ եւ իմ հետաքրքրության շրջանակներում է հասկանալ Հայաստանի Նեոլիթացման խնդիրը: Իսկ ինչ է դա: Բանն այն է, որ Նեոլիթի ժամանակ մարդիկ նստակյաց էին: Մերձավոր Արեւելքը, Կովկասը Նեոլիթացման կենտրոնական գոտիների մեջ են, ես աշխատել եմ նաեւ Սիրիայում եւ Թուրքիայում, որտեղ շատ կան Նեոլիթյան շրջանի հուշարձաններ, բայց Կովկասում 6-10-րդ հազարամյակը լավ ուսումնասիրված չէ»:

Ճապոնացի գիտնականի ձեւակերպմամբ, բազմաթիվ պեղումներ են կատարվում Արարատյան դաշտում, բայց այդ հատվածում 6-րդ հազարամյակից ավելի վաղ ժամանակվա հնավայրեր չկան, դրա համար էլ այլ տարածքներում են փորձել փնտրել:

«5 տարի առաջ ընդհանուր հետախուզական աշխատանքներ կատարեցինք Արմավիրում եւ գտանք Լեռնագոգ-1 բացառիկ հնավայրը … Այս տարի պեղել ենք, բազմաթիվ առարկաներ ենք գտնել օբսիդիանից, ոսկորից: Ռադիոածխածնային տվյալները փաստում են, որ Լեռնագոգ-1-ը 7-րդ հազարամյակ է թվագրվում: Ինձ համար անակնկալն այն էր, որ Լեռնագոգի հնավայրում ճարտարապետություն հայտնաբերեցինք: Այս տարածաշրջանում առաջին անգամ է հայտնաբերվում այդ ժամանակաշրջանով թվագրվող ճարտարապետություն: Փաստորեն, Լեռնագոգում ապրող բնակչությունը նստակյաց է եղել, ապրելու համար ինչ-որ բաներ է ստեղծել: Այս տարի ամբողջությամբ կպեղենք հնավայրը»,-հավելեց Տոկայի համալսարանի դասախոսը:

Մակոտո Արիմուրան մտահոգություն հայտնեց. «Հայաստանում բազմաթիվ հնավայրեր վտանգված են, պետք է պահպանել, դա ձեր գանձն է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք