«Նախարարը նախկին չի լինում». Արծվիկ Մինասյանը`Արամ Հարությունյանին (Տեսանյութ)

«Նախարարը նախկին չի լինում». Արծվիկ Մինասյանը`Արամ Հարությունյանին (Տեսանյութ)

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Հարցի հիմնական զեկուցող, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց`ուսումնասիրել են ջրամատակարարման համակարգը եւ եկել այն եզրակացության, որ դրանում քիչ տեղ է զբաղեցրել ջրահեռացման խնդիրը։ Ներկայացված փաթեթի նպատակն էլ հենց ջրահեռացման հարցերի կարգավորումն է, ինչը իր համոզմամբ, կբերի շրջակա միջավայրի աղտոտման շեշտակի նվազեցման:

Արծվիկ Մինասյանն ասաց`հարցը մանրամասն քննարկել են բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հետ: Ու ինքն իրեն ուղղեց. «Նախարարը նախկին չի լինում»:

Արամ Հարությունյանն էլ ասաց`հարցը բնապահպանական առումով համարձակ է: Որոշ վերապահումներ ուներ: Դրանք Արծվիկ Մինասյանի համար այդքան էլ հասկանալի չէին, բայց խոստացավ քննարկել:

«Նախագծով սահմանվում է հասկացություն, թե որքան է կեղտաջուրը՝ կենցաղային, արտադրական, նաև հեղեղատներով տեղափոխվող, սահմանված արտանետումների հստակ չափանշով է սահմանվելու` ամեն մեկի համար տալով պատիժ: Մասնավորապես, նախատեսվում է, որ կեղտաջրերի հեռացման համար հստակ կանոններ գործեն, որ արտադրական կեղտաջրերը չխառնվեն կոյուղաջրերի հետ»,-ասաց բանախոսը`նշելով, որ լինում են դեպքեր, երբ կոյուղաջրերը գյուղացիների կողմից ոռոգման նպատակով են օգտագործվում, արդյունքում «ավերում են» ամեն ինչ՝ գյուղմթերքի որակ եւ այլն: Նախագծով նախատեսվում է, որ բոլոր համայնքները պետք է ունենան համակարգեր, որոնք ապահովելու են հեռացման եւ մաքրման կառուցվածքներ: Պետք է նաեւ բնակչության հասանելիություն լինի: Բայց, քանի որ համակարգերի ներդրումը մեծ բեռ է, պարտադրման գործողությունը հետաձգվել է 25-ից մինչև 30 թվական` հնարավորություն տալով թե մասնավոր հատվածին, թե կառավարությանը, ներգրավել աշխատանքներում:

Հաջորդ կարգավորմամբ, ջրի կրկնակի օգտագործման դեպքում արտոնություն կտրամադրվի: «Եթե առաջին անգամ օգտագործվող ջուրը վերածվում է կեղտաջրի կամ արտանետումների ծավալը մեծ է, բայց մաքրվում, նոր է հեռացվում, այդ դեպքում առաջակում ենք հարկային օրենսգրքի փոփոխությունների միջոցով, ոչ այս փաթեթով, հետագայում արտոնություններ սահմանել թե առաջնային, թե երկրորդային օգտագործողի համար, որպեսզի խթանենք համակարգը, որ կազմակերպությունները, համայնքները մասնակից դառնան այս համակարգին»,-մանրամասնեց նախարարը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը Արծվիկ Մինասյանից խնդրեց ժողովրդի համար պարզ եւ մատչելի ասել, թե այս փոփոխություններով ի՞նչ է սպասվում: «Պարզ, ժողովրդին հասկանալի ասեք` ի՞նչ է կատարվելու այս օրենքը ընդունելուց հետո։ Կոնկրետ Գեղարքունիքի մարզի հարցով ասեք. Սևանա լիճը համարվում է տարածաշրջանում եւ աշխարհում խմելու ջրի երկրորդ պաշարը, եւ հանրապետության առվակները, գետերը վերջնարդյունքում լցվում են Սեւան։ Ի՞նչ է կատարվելու թե գյուղական, թե քաղաքային համայնքներում օրենքի ընդունումից հետո»,-հարցրեց պատգամավորը: Նախարարը նկատեց`Սեւանա լիճը բնական էկոհամակարգ է, որը մաքրության տեսակետից պետք է օրինակ ծառայի: Մինչդեռ Սեւան լցվող գետերի մեծ մասի աղտոտումները մեծածավալ են, եւ ընդամենը 3 մեխանիկական մաքրման կայան կա:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք