Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգապահական խախտո՞ւմ, թե՞ հանցանք

Հունվար 13,2018 15:00

Առանց փորձագետի մասնակցության դեպքի
վայրը զննելու արձանագրության տակ ստորագրվել է

ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզային քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սամվել Ավդոյանն օպերլիազոր Փայլակ Շմավոնյանին խնդրել էր, որպեսզի վերջինս ստորագրի դեպքի վայրի զննության արձանագրության մեջ, միաժամանակ հետեւի, որ մնացած մասնակիցներն էլ արձանագրության տակ ստորագրեն՝ «մինչեւ ինքը կապամոնտաժի դեպքի վայրի դռան փականը»։ Տեսնելով, որ բոլորը ստորագրել են արձանագրության տակ, ստորագրում է նաեւ քննիչը եւ դուրս են գալիս դեպքի վայրից: Ըստ նրա վերաբերյալ քրեական գործի, քննիչն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, թե փորձագետը դեպքի վայր ժամանե՞լ է, թե՞ ոչ, կամ ո՞վ է փորձագետի փոխարեն ստորագրել։ Մինչդեռ առկա են եղել փորձագետի տվյալները: Արդարադատության մայոր Սամվել Ավդոյանը մեղադրվել էր «անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու համար»:
Թե առաջին ատյանի դատարանում, թե վերաքննիչ դատարանում ավագ քննիչն իրեն մեղավոր չի ճանաչել, այս գործը մեկ անգամ բեկանվել էր, քանի որ առաջին ատյանի դատարանն արդարացրել էր ավագ քննիչին, իսկ վերաքննիչը բեկանել էր այն, բավարարել մեղադրողի բողոքը, գործն ուղարկել նոր քննության: Գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում: Ի սկզբանե քննիչի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց չհեռանալու մասին:

Քննիչը նախաքննությունն իրականացնող մարմնին հայտնել էր եւ նույնը պնդել էր դատարաններում, որ ձեւաթղթի վրա նախատեսված տողում լրացրել է նաեւ փորձագետ Ա. Ղարիբյանի անունը, կրկին պնդել է. «Զննության տվյալներն արձանագրելուց հետո, արձանագրությունը բարձրաձայն ընթերցեցի, որից հետո, քանի որ ես էի ապամոնտաժելու բնակարանի մուտքի դռան փականի միջուկը` օտար մարմնի կամ հարմարեցված բանալու հնարավոր ներգործության հանգամանքը հետագայում պարզելու համար, այդ ընթացքում խնդրեցի օպերլիազոր Փայլակ Շմավոնյանին, որպեսզի մասնակիցներին ստորագրել տա արձանագրությունը` ձեւաթղթում նախատեսված համապատասխան տեղերում։ Փականի միջուկն ապամոնտաժելուց հետո, տեսնելով, որ դեպքի վայրի զննության արձանագրության նախանշված տեղերում ստորագրություններն առկա են, ստորագրեցի նաեւ ես եւ վերադարձա ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Ճիշտ է, փորձագետ Ա. Ղարիբյանը չի ժամանել դեպքի վայր` իրեն անհայտ պատճառներով, եւ այդ հանգամանքն անուշադրության եմ մատնել»: Զննությունն ավարտելուց հետո շտապ վերադարձել էր քննչական բաժին եւ ձեռնամուխ է եղել սույն դեպքով անհետաձգելի գործողություններ կատարելուն։ Քննիչը հատուկ քննչական ծառայություն հրավիրելուց հետո է տեղեկացել, որ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ առկա են անհայտ անձի կողմից կատարված ստորագրություններ: Ի դեպ, որպես դեպքի վայր ժամանող օպերատիվ քննչական խմբի ղեկավար, նա իրավասու էր որոշելու փորձագետի կողմից դեպքի վայրում որեւէ քրեագիտական գործողություն կատարելու անհրաժեշտությունը։ Ըստ քննիչի, իր նկատմամբ կարող էր ընդամենը կարգապահական վարույթ հարուցվել, եւ ոչ թե քրեական գործ:

Ս. Ավդոյանը եղել է հերթապահ քննիչ, երբ ստացվել է հաղորդում հանցագործության մասին: Խոսքը 2014թ. սեպտեմբերի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ մասից ստացված Թեհմինա Գրիգորյանի ահազանգի մասին է՝ բնակարանից գողություն կատարելու վերաբերյալ: Ամբաստանվողն օպերատիվ-քննչական խմբի կազմում մեկնել է հանցագործության դեպքի վայր՝ Նորակերտ գյուղի շենքերից մեկի այն բնակարանը, որտեղից կատարվել էր գողություն: Ս. Ավդոյանը, ըստ գործի նյութերի, որպեսզի ժամանակ չվատնի, առանց փորձագետի մասնակցության դեպքի վայրի զննության արձանագրությունում նշում է կեղծ տեղեկություններ: Մասնավորապես, զննությանն իրականում չմասնակցած ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի փորձագետ Ա. Ղարիբյանի տվյալները, որպես զննության մասնակցի, ինչպես նաեւ վերջինիս` որպես փորձագետի իրավունքներն ու պարտականություներն իր կողմից բացատրելու եւ պարտականությունները չկատարելու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացնելու վերաբերյալ տեղեկությունները, այն դնելով շրջանառության մեջ:

«Գնահատելով նախաքննությամբ ձեռք բերված եւ դատական քննությամբ հետազոտված ապացույցները, դատարանը գտնում է, որ Ս. Ավդոյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, ավելին, նրա արարքում բացակայում է նշված հոդվածի հանցակազմը, մասնավորապես՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող սուբյեկտիվ կողմը»,-արձանագրել էր դատարանն արդարացման դատավճռում, հետեւաբար, քրեական հետապնդում չի կարող իրականացվել, եթե անձի արարքում հանցակազմ չկա։
Այսինքն, գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ` հիմնավորելու Ս. Ավդոյանին մեղսագրվող արարքը։

Արդարացման դատավճռի համաձայն. «Ս. Ավդոյանին վերագրվող որեւէ գործողություն, որ նա կատարել է անձնական, շահադիտական դրդումներով, կամ այլ նպատակով, կամ խմբային շահերից ելնելով, ինչը հանդիսանում է պարտադիր եւ միաժամանակյա պայման` տեղի ունեցած հանցագործությունը հիմնավորված համարելու եւ փաստելու համար չի ապացուցվել»։

Իսկ մեղադրյալն էլ պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը։
Եվ քանի որ գործով ապացույցներն անբավարար են` մեղադրական դատական ակտ կայացնելու համար, ըստ դատարանի՝ քննիչը պետք է արդարացվի:
Ի դեպ, այս գործով քաղաքացիական հայց, դատական ծախսեր չեն եղել, ըստ էության տուժող էլ չի եղել:

Ինչ ցուցմունք էր տվել վկա փորձագետը՝ Ա. Ղարիբյանը դատարանին հայտնել էր, որ իր ստորագրությունը կեղծված է. «Դեպքի վայրից ահազանգ չի ստացել։ Ինքը դեպքերի մասին տեղեկացվում է հեռախոսով՝ հերթապահ մասի միջոցով։ Էջմիածնի տարածքում հիմնականում ինքն է լինում, տրանսպորտ ունի, բայց լինում են բացառություններ։ Ս. Ավդոյանի հետ գտնվել է նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ։ Թե ով է կեղծել իր ստորագրությունը, դա իր իրավասություններից դուրս է: Դատախազ Ս. Մարտիրոսյանն է զանգել, հարցրել՝ իրե՞նն է ստորագրությունը, թե՞ ոչ, դեպքի վայրում ինքը եղե՞լ է, թե՞ ոչ։ Փորձագետ ուզելու ահազանգ չի եղել, Ավդոյանը լավ քննիչ է»։
Հինգ երեխաների հոր պաշտպանությունն իրականացրել են փաստաբաններ Հունան Բաբայանն ու Կարեն Հովհաննիսյանը: Մեղադրանքն էլ դատարանում պաշտպանել է դատախազ Արմեն Շահբազյանը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

12.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031