Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզը մնում է Փարիզ

Հունվար 13,2018 10:00
paris

«Փարիզն այլեւս եվրոպական քաղաք չէ: Այնտեղ վխտում են փախստականների ամբոխները, սեւերն ավելի շատ են, քան սպիտակները, իսկ այն սպիտակները, որ մնացել են, բոլորը միասեռական են». այսպիսի դատողություններ ես հաճախ լսում եմ այն մարդկանցից, որոնք երբեւէ Փարիզում չեն եղել, բայց նայում են ռուսաստանյան ալիքներ եւ հավատում են պուտինյան քարոզչությանը: Թույլ տվեք ձեզ տեղեկացնել, որ այդ ամենը սուտ է: Ես եղել եմ Փարիզում 1992-93 թվականներին եւ հիմա, ու չեմ կարող ասել, որ 25 տարում շատ բան է փոխվել: Այո, շատացել են ավտոմատներով զինված ոստիկանները, այո, կան մուրացկաններ Միջին Արեւելքից, բայց կան նաեւ ֆրանսիացի մուրացկաններ (ի դեպ, շրջմոլիկներ փողոցներում ավելի հաճախ են հանդիպում, քան Երեւանում), բայց Լուվրը, Օրսե թանգարանը, Մոնմարտրը, Լատինական թաղամասը, «Մուլեն ռուժը» եւ մնացածը իրենց տեղում են, Փարիզը շարունակում է մնալ Ֆրանսիայի եւ ֆրանսիացիների մայրաքաղաքը, եւ այդ ազգին հատուկ ճաշակը, հումորը, իսկապես դարավոր պետականության նշանները, կասեի նաեւ` հմայքը, զգացվում են ամեն քայլափոխի:
Ամենամեծ ստերից մեկը, որը տարածում են Եվրոպայի եւ, մասնավորապես, Փարիզի մասին, ընտանիքի ինստիտուտի քայքայման մասին սուտն է: Սովորաբար վերցնում են ինչ-որ մի արտառոց դեպք եւ դրանից հեռուն գնացող հետեւություններ են անում: Բայց այն, ինչ ես իմ աչքով եմ տեսել, սովորական ընտանիքներն են` երկսեռ ծնողներով եւ երեխաներով, որոնց միջեւ հարաբերությունները պակաս ջերմ չեն, քան հայկական ընտանիքներում:

Փարիզում մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս տեսանք երիտասարդ զույգերի, որոնք ունեին չորս-հինգ երեխա: Այս թեմայի վերաբերյալ մեկ այլ դիտարկում եւս. ի հեճուկս այն բոլոր խոսակցությունների, թե եվրոպական ընտանիքներում երեխաները պատանեկան տարիքից թողնում են տունը եւ կտրում կապերը ծնողների հետ, տեսանք բազմաթիվ տարեց ծնողների` Ֆրանսիայից եւ եվրոպական այլ երկրներից, որոնք իրենց հանգիստը կամ պարզապես ժամանցը անցկացնում էին չափահաս զավակների հետ: Ինձ թվում է` եվրոպացիները չեն հեռացել ավանդական արժեքներից, այնպես որ, սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե պետք է Եվրոպայից «հետ չմնալ» ընտանիքների «ազատականացման» հարցում:

Եվ վերջապես մի բան, որն իսկապես նախանձ էր շարժում: Փարիզի գրախանութների առատությունն ու բազմազանությունը: Այդ քաղաքի մետրոյում կարելի է տեսնել ոչ միայն մարդկանց, որոնք հեռախոսով ֆեյսբուքյան ժապավենն են տանում-բերում, այլեւ նրանց, ովքեր գիրք եւ թերթ են կարդում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. henri says:

    Թէև Փարիզ չեմ ծնած բայց 6 տասնեակ տարիներէ Փարիզ կ՛ապրիմ- ուսանողական օրերէս կը գործեմ Փարիզի մէջ – անդամ եմ շարք մը գրական-ակադեմական հաստատութիւններու-առանց երբեք հեռանալու արմատներէս – Օգտուած եմ 68-ի ընկերային շարժումի դասերէն- և մինչեւ այսօր կը հիանամ ֆրանսացի ժողովուրդի մարդկային կեցուածքին որ անխրով կը շարունակէ ճամբորդել հազարաւոր սեւամորթներու և ծայրագոյն արեւելքէն եկած բազմութիւններու հետ -կ՛օգտուի հանրային սպասարկութիւններէն անոնց նման – զարմանալի համբերութեամբ կը տանի անոնց յոռի վարժութիւնները և կը նկատեմ որ ամիսէ ամիս բարելաւումներ կ՛արձանագրէ- Թանգարաններուն մուտքին պոչ բռնող բազմութիւններուն մէջ օրէ օր կ՛աճի անոնց ներկայութիւնը-որովհետեւ աչալրջօրէն կը հետեւին իրենց մշակոյթը փոխանցելու իրենց նոր հիւրերուն առանց մեծ ցնցումներու ; այս է ֆրանսական մշակոյթին ուժը որ գիտէ նոյնիսկ ծոցի երկիրներուն մէջ արեւմտեան արժէքները սիրցնել տալ նոր Լուվրեր և նոր Օրսէներ առաջարկելով և իրագործելով ; Սա իսկական մշակոյթ է ;

  2. Լավատես says:

    Ուրիշի կնիկն էլ շատ սիրուն ա, էդ ուրիշի աչքը լույս, ի՞նձ ինչ, կարեւորը մարդ երջանիկ լինի նրանով, ինչ ունի:

  3. Հ.Շ. says:

    Լաւ ուրեմն, թոյլ տուէք որ ես ալ իմ վկայութիւնս պարզեմ: Լիովին հայ ծագումով, ի ծնէ ֆրանսայի քաղաքացի եմ: 70-80ական թուականներուն, երկար տեւողութեամբ բազմաթիւ անգամներ ապրած եմ Փարիզի շրջանը: Իսկ ասկէ ետք, գոնէ տասը անգամ այցելած եմ այդ քաղաքը:

    Ամենայն յարգանքովս հակառակ – նուրբ ու բարի – կարծիքներուն, իմ տեսածիս ու ապրածիս համաձայն, անհնար է չնկատելը որ այլ ազգութեամբ այլազան ժողովուրդներու մասսայական ներխուժումի պատճառով, անցած տասնամեակներու ընթացքին, չէ աղաւաղուած Փարիզը նախնական եւ աւանդական էութիւնը, բնոյթը, դիմագիծը: Կարգ մը թաղամասերու մէջ, շնորհիւ… շէնքերուն, մայթերուն եւ պատերուն, դեռ պատրանք մը պահպանուած է անշուշտ. միայն այդքան, սակայն…

    Այո, ֆրանսական դասական մշակոյթը հզօր ու շատ զօրեղ է, ֆրանսական «հանրապետական հալոցը» ձուլման արտակարգ ուժ ունի, սակայն saturation ըսուած բան մըն ալ կայ, ինչպէս նաեւ masse critique… Որոնց սահմանները շատոնց անցած են Ֆրանսայի գոնէ մեծ քաղաքաները…

    Առաւել, անցած մի քանի տարիներուն Փարիզի սրտին մէջ տեղի ունեցած ահաւոր, անասելի ահափեկչական գործողութիւններու պատճառով, նաեւ կան այդտեղ խորտակուած կորով, ներքին սոսկալի լարուածութիւններ, եւ առօրեայ անվտանգութեան լուրջ խնդիրներ: Բաղդատած անցեալին, օդին մէջ իսկ, ոեւէ տեղացիի դէմքին վրայ ու աչքերուն մէջ զգալի է այդ փոփոխութիւնը, նոյնիսկ եթէ այցելուն չտեսնել ձեւացնէ ապահովութեան նպատակով հաստատուած կոպիտ միջոցները, շատ մը վայրերում…

    Այս ամէնը քօղատելու, ծածկելու, տեւաբար ջանքեր կը կատարուին, սակայն ի զուր է:

    Երեւանը վստահաբար աւելի փայլուն ապագայ ունի, քան թէ Փարիզը: (Այս մէկը ցաւով կ’ըսեմ, որովհետեւ մէկուն փայլքը միւսին պիտի չխանգարէր…)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031