«Սա վրեժխնդրություն է եւ հետապնդում». փաստաբանին արգելել են տեսակցել Խանդոյանին

«Սա վրեժխնդրություն է եւ հետապնդում». փաստաբանին արգելել են տեսակցել Խանդոյանին

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանին այսօր կալանավայրում թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Արայիկ Պապիկյանը: Նա նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ պահվում է Խանդոյանը, առանց բացատրության իրեն արգելել են տեսնել նրան: «Անունս գրիչով ջնջված էր…չգիտեմ՝ պատճառը ո՞րն է, բայց ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ՝ դատավոր Մեսրոպ Մակյանն է նման հանձնարարական տվել՝ տեղեկացնելով ՔԿՀ-ին, որ տվյալ քրեական գործով այլեւս Խանդոյանի պաշտպանը չեմ: Բայց խնդիրն այն է, որ ես այսօր տեսակցել եմ նաեւ Արմեն Լամբարյանին, եւ ոչ մի խնդիր չի առաջացել»,-պատմեց Արայիկ Պապիկյանը:

Նա հիշեցրեց, որ «Սասնա ծռերը» բոյկոտել են նիստերը եւ հրաժարվել իրենց պաշտպաններից, բայց դա չի ենթադրում, թե իրեն իրավունք ունեն արգելելու տեսակցել Արայիկ Խանդոյանին, որին տեւական ժամանակ է՝ իրավաբանական ծառայություններ է մատուցում: Փաստաբանը ենթադրում է, որ նման վերաբերմունքը վրեժխնդրության եւ հետապնդման  դրսեւորում է Արայիկ Խանդոյանի հանդեպ: Պապիկյանը նաեւ տեղեկացրեց, որ օրերս հացադուլից դուրս եկած Խանդոյանի առողջական վիճակը լավ չէ:

«Նա երկու օր առաջ տեղափոխվել էր «Էրեբունի ԲԿ», հետո վերադարձվել «Նուբարաշեն» ՔԿՀ: Այժմ նա ՔԿՀ-ի բուժմասում է պահվում. դա սովորական խուց է, եւ նրան առանձնահատուկ բժշկական օգնություն չի ցուցաբերվում»,-նշեց Արայիկ Պապիկյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք