Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Ավագյան. «28 տարի առաջ հայերը Բաքվում ցեղասպանվեցին, ինչը ցեղասպանության դրվագներից մեկն էր»

Հունվար 13,2018 18:29

Հունվարի 13-ին «Նոյյան Տապանի» մամուլի սրահում կայացած ասուլիսում խոսվեց 1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվում հայերի ջարդերից, տեղահանված բնակչության ճակատագրից 28 տարի անց եւ թե ինչ արվեց ոճիրը չկրկնվելու և դրանից փրկված մարդկանց իրավունքների վերականգնման համար. Անդրադարձ եղավ նաեւ աշխարհի և ՀՀ իշխանությունների արձագանքներին:

«Մեր բնօրրանում արդեն հարյուրավոր տարիներ տարվում է ցեղասպանության գործընթաց, որը ծրագրավորված է թուրքական տարրի կազմակերպման, մասնակցության ու դրսի ուժերի միջոցով: Դրա վառ ապացույցը 1990 թվականի հունվարի 13-ին կատարվածն էր: Վերջին հարվածով իրենք բազմադարյան հայկական համայնքը Բաքվում վերացրին: Սա Ցեղասպանություն էր եւ ոչ մի կասկած դրանում չկա… Հայկական ԽՍՀԿ գերագույն խորհուրդը Ոսկանյանի ստորագրությամբ ժամանակին ընդունեց որոշում այն մասին, որ Ադրբեջանական ԽՍՀ-ի եւ Բաքվի տարածքում կատարվածը ցեղասպանության շարունակությունն է, իրենք Մոսկվայից պահանջեցին սա ճանաչել իբրեւ ցեղասպանություն»,- նշեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

Նրա ձեւակերպմամբ, 1988-ի Սումգայիթը եւ դրանից մեկ տարի առաջ Չարդախլուում տեղի ունեցած տեղահանությունն ու խոշտանգումները պլանավորած ընթացքի մասն էին, որի հետեւում կոնկրետ մարդիկ էին՝ Գորբաչով, Մութալիբով, Ալիեւ, Պոլյանիչկո. «Ազգանունները հայտնի են, նրանցից շատերը ողջ են: Ելնելով 1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվում կատարվածից, մեր անելիքը պետք է լինի այն, որ ոչ միայն գնահատենք իրողությունները, այլեւ փորձենք պատժել կազմակերպիչներին եւ իրականացնողներին: Սումգայիթին զուգահեռ Գանձակում էլ էին նման գործողություններ տեղի ունենում, Բաքվում էլ, մինչեւ իսկ այդ ամենը հասավ Գարդմանք… Տարօրինակ ձեւով ութսունութին Վեզիրովի կողմից խնդրանք հնչեց, որ հայերը վերադառնան: Հավանաբար, ցեղասպանության բնազդն էր բթացել, դրա համար էլ վերադարձան: Հատկապես 1990 թվականի դեկտեմբերին հայերը մորթվում էին դանդաղ, ինչը գագաթնակետին հասավ 1990 թվականի հունվարին, երբ խորհրդային իշխանության եւ խորհրդային միլիցիայի աչքի առաջ ամենավայրագ ձեւով հայ էին մորթում»:

Նրա վկայությամբ՝ խորհրդային ԶԼՄ-ներն էլ են փաստել, որ Բաքվում երեք հարյուր հազար հայ է ապրել, բազմաթիվ վկայություններ կան ամերիկյան մամուլում, ՄԱԿ-ը եւ այլ միջազգային կառույցներ վկայություններ ու նկարագրություններ են հավաքել, որոնք փաստում են Ադրբեջանի կողմից իրականացված հայերի ցեղասպանության մասին:

Տիկին Ավագյանն ընդգծում է. «Ցավոք, քսանութ տարի է անցել, Ադրբեջանական ԽՍՀ-ից 660 000 հայեր, որոնցից երեք հարյուր հազարը Բաքվում էին, այսօր Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից մնում են շրջանցված ու արհամարհված, եթե այդ մարդկանց մասին քննարկումներ են լինում, ապա միայն սոցիալ-տնտեսական համատեքստում: Քսանութ արի առաջ այսօրը հայերը Բաքվում ցեղասպանվեցին եւ դա հարյուր տարի ձգվող ցեղասպանության դրվագներից մեկն էր»:

Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում ՀԿ նախագահ Մարտին Իսրայելյանի համոզմամբ, 1905 թվականից իրականացվող ցեղասպանությունների շարքը ծրագրված էր: Նա նաեւ ցավ հայտնեց. «Առայսօր ոչ մի արձագանք Հայաստանի կողմից չկա, մինչդեռ դա՝ փախստականների հարցը բարձրացնելը համաշխարհային հասարակայնության առաջ, կարող էր մեր ամենահզոր զենքը լինել»:

Մարտին Իսրայելյանը 1999թ. 27-ը եւս համարում է միջազգային դավի շարունակություն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյան տապանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031