Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմպրոմցիները՝ բացառությամբ մի քանի հոգու, ստացել են տարիներով կուտակված աշխատավարձը

Հունվար 15,2018 17:24

Այսօր Aravot.am-ին էին դիմել «Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) նախկին աշխատակիցները: Այս անգամ պատճառն այլ էր, վերջիններս ոչ թե դժգոհում էին, որ կրկին իրենց խաբեցին ու տարիների աշխատավարձը չտվեցին, այլ տեղեկացրեցին, որ վերջապես իրենց գումարները ստացել են: «Մեզ շատ մեծ օժանդակություն ցույց տվեց մեր մարզպետը, ինքը բավականին մեծ աշխատանք տարավ այդ ուղղությամբ: Այս գործում մեզ օգնեց նաեւ մեր ոստիկանապետը: Եվ վերջապես մեր գումարները տվեցին: Միայն մի քանի հոգու աշխատավարձերը չեն տվել, բայց, թե պատճառը ո՞րն է, չգիտենք»,- մեզ հետ զրույցում ասացին ընկերության նախկին աշխատակիցները:

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի կառավարիչ Կարեն Ասատրյանն էլ ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչո՞ւ մյուս աշխատակիցների գումարները չեն տրվել. «Աշխատավարձ որպես այդպիսին չի տրվել, ընդամենը մեկ այլ կազմակերպության կողմից գնվել են նրանց պահանջի իրավունքները: Բայց թե այդ ընկերությունն ինչի՞ չի մյուսների գումարները տվել ես չեմ կարող ասել, քանի որ ինքս ոչ մի ներգրավվածություն չունեմ, «Վանաձոր-Քիմպրոմ»-ը նրանց գումար չի տվել»:

Նախկին աշխատակիցները նշեցին նաեւ, որ ներքին պայմանավորվածության համաձայն, ընկերությունն աշխատակիցներին պետք է վճարեր միայն մայր գումարը. «Մենք պայմանավորվել էինք, որ միայն մայր գումարը տան: Որ դատարանի որոշումով տրվող տոկոսներից մենք հրաժարվենք ու միայն մայր գումարը ստանանք, մենք էլ համաձայնել ենք: Ու ստացանք մեր աշխատավարձերը»:

Վերջիններս շնորհակալություն հայտնեցին նաեւ Aravot.am-ին խնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու եւ դրա մասին բարձրաձայնելու համար. «Շնորհակալություն եմ հայտնում նաեւ ձեզ ու բոլոր լրագրողներին, ովքեր միշտ լուսաբանեցին: Դուք մեզ բավականին օգնեցիք»:

Հիշեցնենք, որ «Վանաձոր-Քիմպրոմ»-ն իր աշխատակիցներին պարտքեր դեռեւս 2011 թվականից:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031