Սա պատերազմ է

Սա պատերազմ է

Ռուսաստանը պատերազմ է հայտարարել ազատ խոսքին, ազատությանը եւ բանականությանը: Պաշտոնապես հայտարարվում է, որ թիրախում են, այսպես կոչված, «արտասահմանյան գործակալները», որոնք գործ ունեն տեղեկատվության, տեղեկատվությունը մեկնաբանելու հետ, սակայն ակնհայտ է, որ իրականում հարցն ավելի խորն է, եւ նախաձեռնությունը գալիս է ամենաբարձր մակարդակից:

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայությունը, ՌԴ Պետական Դուման ուրբաթ օրը՝ հունվարի 12-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Զանգվածային լրատվամիջոցների մասին» եւ «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքների փոփոխությունները, որոնց համաձայն՝ պետությունն առանձին քաղաքացիների կկարողանա տալ «արտասահմանյան գործակալի» կարգավիճակ, ինչպես նաեւ պարտադրում է այն ԶԼՄ-ներին, որոնց ռուսական գերատեսչություններն անվանել են «արտասահմանյան գործակալներ», ՌԴ-ում ստեղծել իրավաբանական անձ եւ նշել, որ հրապարակումը կատարվում է «արտասահմանյան գործակալի» կողմից: Ընդունված օրենքը նորմ է պարունակում, ըստ որի՝ եթե հղում է արվում ՌԴ-ում «արտասահմանյան գործակալ» ճանաչված ԶԼՄ-ի տեղեկատվությանը, ապա հրապարակման ժամանակ նույնպես պետք է այդ կարգավիճակը նշվի:

Օրինագծի վերաբերյալ զեկույցով հանդես եկած Պետդումայի փոխխոսնակ, նախկին հեռուստահաղորդավար, իր մի շարք օտարատյաց հայտարարություններով հայտնի Պյոտր Տոլստոյն առանձին նշեց, որ տվյալ նորմը լինելու է չափազանց խիստ. «ԶԼՄ-արտասահմանյան գործակալների կողմից ստեղծված նյութերի տարածման եւ մեջբերման ժամանակ պետք է անհրաժեշտ լինի նշել, որ տեղեկատվության աղբյուրը արտասահմանյան գործակալ է: Այդ դրույթը վերաբերում է բոլոր տեղեկատվական ռեսուրսներին՝ սկսած հեռուստաընկերություններից եւ տպագիր ԶԼՄ-ներից, վերջացրած սոցցանցերի օգտատերերով, բժշկական եւ խոհարարական կայքերով»: Բացի դրանից, օրինագիծը կարող է տարածվել նաեւ առանձին քաղաքացիների վրա, որոնք ֆինանսավորում են ստանում այլ երկրների պետական միջոցներից: Համաձայն ռուս պաշտոնյաների նախկինում հնչեցրած մեկնաբանությունների՝ «արտասահմանյան գործակալ» կարող է ճանաչվել նույնիսկ բլոգերը:

Պետդումայի՝ ԶԼՄ-ների հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Լեւինն իր գործընկերներին հասցեագրված պարզաբանման մեջ ուղղակի հայտարարեց, որ օրենքի կիրառումը լինելու է ընտրողաբար. «Երբ մենք խոսում ենք ֆիզիկական անձանց մասին, խոսքը բացառապես այն անձանց մասին է, որոնք ֆինանսավորում են ստանում, ուղղակի կամ անուղղակի, այն երկրներից, որտեղ սահմանափակումներ կան ռուսական ԶԼՄ-ների համար»: Եթե մեդիան, որը ճանաչված է ռուսական իշխանությունների կողմից որպես «արտասահմանյան գործակալ», չկատարի ընդունվող օրենքների պահանջները, ապա սկզբից չինովնիկները պետք է պահանջեն կատարել դրանք ոչ պակաս, քան 15-օրյա ժամկետում, իսկ եթե դա տեղի չունենա, ապա որոշում կընդունեն առ այն, որ «այդպիսի անձանց տեղեկատվական ռեսուրսների մուտքը սահմանափակվում է «Ինտերնետ» ցանցի մուտքի տրամադրման ծառայություն մատուցող կապի օպերատորի կողմից՝ համաձայն ՌԴ կառավարության կողմից սահմանված կարգի»:

Նշվում է նաեւ, որ ռուս օրենսդիրները մտադիր են փաստաթուղթն ընդունել հրատապ կարգով, եւ երկրորդ ընթերցման համար նախատեսված ուղղումները պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան հունվարի 16-ին, ինչի մասին հաղորդվում է Պետդումայի օրինաստեղծ գործունեությանը վերաբերող պաշտոնական կայքէջում:

Անշուշտ, ՌԴ իշխանության այս քայլը պայմանավորված է Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության թեժացման որակապես նոր փուլով: Ռուսական վերնախավի նյարդերը խիստ պրկված են ս.թ. փետրվարի 1-ին ընդառաջ, երբ պարզ կդառնա իրենց գործունեությամբ ռուսական ագրեսիվությունը սնուցող՝ ՌԴ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ցուցակը, որոնց վրա կդրվեն աննախադեպ կոշտ սահմանափակումներ՝ համաձայն նախագահ Թրամփի կողմից ստորագրված «ԱՄՆ-ի հակառակորդներին պատժամիջոցներով հակազդեցության մասին» օրենքի (CAATSA, 02.08.2017թ): Բացի դրանից, Ռուսաստանը ստիպեց Արեւմուտքին ներքաշվել տեղեկատվական պատերազմի մեջ եւ կրկին «զորակոչել» այդ ոլորտի՝ վաղուց մոռացված մասնագետներին, որոնք էլ, խորամուխ լինելով ռուսական ԶԼՄ-ների գործունեության էության մեջ, բացահայտեցին դրա չափազանց դեստրուկտիվ բնույթը եւ մշակեցին հակաքայլեր:

Պարզ դարձավ, որ պետական հովանավորությունը վայելող եւ պետության կողմից ահռելի բյուջեով ապահովված ռուսական մեդիան ոչ այլ ինչ է, քան զորատեսակ, զորք, որտեղ աշխատում են ոչ թե տեղեկատվություն ստեղծող լրագրողներ, այլ «սպեցպրոպագանդայի» նրբությունները լավագույնս յուրացրած, տարբեր շարժառիթներով մոտիվացված պրոֆեսիոնալներ, որոնք գործում են մի ռազմավարության, մի մտահղացման շրջանակներում, որը լավագույնս ձեւակերպել է ՌԴ Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ Սերգեյ Կարագանովը («Ապագա աշխարհակարգ», «Ռոսիյսկայա գազետա», 07.09.2017թ). «ԽՍՀՄ փլուզումից հետո կարճ ժամանակով հայտարարվեց «լիբերալ աշխարհակարգ», որի փլուզմանը Ռուսաստանն իսկապես անմասն չմնաց՝ իր ինքնուրույնությամբ, Ուկրաինայում եւ Սիրիայում գործողություններով: Եվ ճիշտ էլ արեց»՝ այնուհետեւ նշելով. «Եթե հաջողվի պայմանավորվել նոր ռազմաքաղաքական հենքի վերաբերյալ, ապագա աշխարհակարգը կարող է լինել ավելի լավը, քան բազմաթիվ այլք նախկինում: Իսկ միգուցե կլինի նաեւ գեղեցիկ: Ինչպիսին էր երկու հարյուր տարվա վաղեմության՝ իմ սիրելի Վիեննայի կոնցերտը»:

Հետեւելով ռուսական պրոպագանդայի «կարմիր թելին», որն անցնում է լրահոսով, հեռուստահաղորդումներով, «բարու եւ չարի» դասակարգման տրամաբանությամբ, այլեւս իմաստ էլ չունի ապացուցելու, որ այդ պրոպագանդան լուծում է բացառապես մեկ խնդիր. այդ՝ ըստ էության կոշտ ռազմաքաղաքական ռազմավարության տեղեկատվական ապահովում: Եվ զարմանալ պետք չէ այն հակազդեցությունից, որը մտադիր է ապահովել Արեւմուտքը, որի առանցքային պաշտոնյաներն այլեւս չեն թաքցնում, որ Ռուսաստանը միջազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է: Ընդ որում, այդ մոտեցման մեջ կոնսենսուս կա ԱՄՆ-ի ողջ քաղաքական դասի շրջանում, ինչի դրսեւորումն էր ազդեցիկ սենատոր-դեմոկրատ Բեն Կարդինի կողմից ներկայացված 200-էջանոց զեկույցը՝ «Պուտինի ասիմետրիկ գրոհն ընդդեմ ժողովրդավարության՝ Ռուսաստանում եւ Եվրոպայում. հետեւանքներն ԱՄՆ ազգային անվտանգության համար» (Putin’s Asymmetric Assault on Democracy in Russia and Europe: Implications for US National Security):

Այս պայմաններում խիստ բարձր է հավանականությունը, որ Մոսկվան հանդես կգա հերթական անպարկեշտ առաջարկություններով՝ իր «դաշնակիցներից» պահանջելով ոչ միայն լոյալություն, այլեւ ավելին՝ ստանձնել Ռուսաստանի առնվազն «փաստաբանի» դերն Արեւմուտքում՝ գործի դնելով ունեցած հարաբերությունների ողջ ռեսուրսը: Արդեն իսկ դրա նախանշանները կան: Պրահայում ԽՍՀՄ մարշալ Իվան Կոնեւի արձանի ցուցանակի վրա ընդամենը խմբագրումներ կատարելու պատճառով ՌԴ դեսպանի «ցասմանը» հանկարծ միացավ Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը: Կոնեւը, ինչպես հայտնի է՝ որպես պատմական փաստ, ոչ միայն ազատագրել է Պրահան 1945-ին, այլեւ դրանից հետո 1956-ին եւ 1968-ին Բուդապեշտի եւ Պրահայի ապստամբություններն է արյան մեջ խեղդել՝ դառնալով հունգար, չեխ եւ սլովակ ժողովուրդների դահիճը: Եվ պաշտոնական Երեւանի որոշմամբ, ինչպես պարզվեց, ՀՀ դեսպանը հայտնվեց նույն խայտառակ «շրջապատում» Ադրբեջանի եւ Բելառուսի դեսպանների հետ միասին՝ ստորագրելով մի անարժանապտիվ կոլեկտիվ նամակ ինչ-որ «պահանջով»:
Իհարկե, դեռ չկա բացատրություն, թե այս քայլի ինչն է եւ որ մասով է «բխում» մեր պետության եւ հայ ժողովրդի շահերից, սակայն պարզ է դառնում, որ հայ հասարակությունը եւ Հայաստանի Հանրապետությունը խնդիր ունեն պաշտպանելու երկրի արժանապատվությունը, թույլ չտալու, որ երկիրը դառնա ռուսների քմահաճույքները բավարարող գործիք, այդ թվում՝ պաշտպանելու նրանցից, ովքեր առանց իրենց հաշիվ տալու կարող են մեր պետությանը ներքաշել այս դիմակայության մեջ: Սա դիմակայություն էլ չէ, սա պատերազմ է, որից մենք պետք է դուրս գանք առանց կորուստների, այդ թվում՝ առանց ազատությունների եւ արժանապատվության կորստի, մոբիլիզացնելով դրա համար մեր քաղաքացիների ողջ հանրային ռեսուրսը:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

16.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Грач says:

    Добрый день, ув. Рубен,
    ваш источник обсалютно необъективен , как и Вы. Все молчали когда страна с самими “свободными” СМИ и демократических возможностей высказывать своё мнение-США, ввела все, что описано Вами в статье к российским СМИ. Интересно, почему тогда Вы не ссылались на RT и написали статью про войну? Понятно одно , и “Голос Америки” и RT делают тоже самое, видят то, что выгодно их государством , и они оба не СМИ ( как и Вы не журналист, скорее, “политолог”), просто в США думали , что только они так могут, только им дозволено, и по этому такая реакция. Спасибо.

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք