Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ-որ մի խմբի խմբային շահ է, ինչ-որ գաղտնի պրոյեկտը». ԱԺ-ում՝ աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի մասին

Հունվար 16,2018 17:44

Աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա հիշեցրեց, որ կառավարության ծրագրում պարտավորվել են, որ հանրային նշանակության կարեւոր հարցերն ընդունելուց առաջ հանրային իրազեկում պետք է անեն. «Բայց նորից կառավարությունը պախկվոցի խաղալու վարքագիծ հիշեցնող մարտավարությամբ հանդես եկավ, մինչեւ վերջին պահը թաքցրեց հանրությունից եւ ամսի 11-ի նիստում վերջին պահին սղացնելով՝ նորից անցկացրեց այդ որոշումը»:

Նա ասաց, որ հիմնավորվում է, թե ղեկով մեքենաների շահագործումը վտանգավոր է մարդկանց կյանքի ու առողջության համար. «Լավ, հարգելի կառավարություն, եթե այդպես է, ուրեմն ընդհանրապես պետք է արգելվի աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումը: Սա նման է այն վարքագծին, որ եթե մի օր հայտնաբերվի, որ ասպիրինը կամ անալգինը վտանգավոր են մարդու կյանքի ու առողջության համար, արգելեն ասպիրինի կամ անալգինի ներկրումը, բայց ասեն՝ ժողովրդի այն մասը, որը արդեն առել է ասպիրին ու անալգին, թող օգտագործի»: Պատգամավորի խոսքով՝ եթե իսկապես այդքան մեծ վտանգ է ներկայացնում իրենից աջ ղեկով մեքենան, կառավարությունը փաստորեն ասում է՝ ով ունի, թող իրեն սպանի, ով չունի, թող իրեն ապահովագրի այդ վտանգից:

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ նման կարեւոր նախագծեր ընդունելիս, որոնք շոշափում են ազգաբնակչության կենսական շահերը, պետք է հաշվի առնեն իրենց կարծիքը, չի կարելի այդպես գաղտնի անցկացնել: Նա ասաց, որ կասկածներ ունի, որ սա ինչ-որ մեկի կամ ինչ-որ մի խմբի խմբային շահ է, ինչ-որ գաղտնի պրոյեկտը, որը ուղղված է կոնկրետ անձանց կոնկրետ հավակնությունների կենսագործմանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031