Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհակալության ակցիա՝ ՌԴ դեսպանության առջեւ

Հունվար 16,2018 19:07

Հայաստանում Սիրիայի ուսանողական միությունը, Միջազգային հումանիտար զարգացման ՀԿ-ն եւ մի քանի այլ հասարակական կազմակերպություններ այսօր հավաքվել էին ՌԴ դեսպանատան առջեւ՝ շնորհակալական նամակ հանձնելու Սիրիայի ազատագրման գործում ցուցաբերած օժանդակության եւ Սիրիայի ժողովրդին, այդ թվում նաեւ այնտեղի հայկական համայնքին, պատերազմի տարիներին ցուցաբերած աջակցության համար:

«Հայրենանվեր երիտասարդների միավորում» ՀԿ նախագահ Ծովինար Կոստանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք հավաքվել ենք այստեղ երախտագիտության խոսք ասելու Ռուսաստանի Դաշնությանը այս տարիների ընթացքում Սիրիայի ժողովրդի եւ այնտեղ բնակվող հայկական ստվար համայնքի կողքին լինելու համար: Սիրիան Հայաստանի բարեկամական երկիր է եղել եւ առաջիններից մեկը, որ 1915 թվականին դռները բացել է հայերի առջեւ, որտեղ հայերը միշտ արժանապատիվ կյանք են ունեցել, երբեք ճնշված չեն եղել: Մենք ողջունում ենք, որ այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները համատեղ հումանիտար օգնություն են ցուցաբերում Սիրիայի բարեկամ ժողովրդին: Հույս ունենք, որ շուտով կգա ժամանակը եւ սիրիացիները կկարողանան արժանավայել ապրել եւ կերտել իրենց պատմությունը իրենց երկրում»:

«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ի ղեկավար Արման Ղուկասյանը նշեց, որ իրենք այստեղ են ի նշան երախտիքի, որ Ռուսաստանը մեծ ներդրում է ունեցել Սիրիայի ազատագրման գործում եւ հումանիտար օգնություն է ցուցաբերել ինչպես սիրիացիներին, այնպես էլ Քեսաբում բնակվող հայկական մեծ համայնքին: Այդ աջակցությունը այժմ շարունակում է նաեւ Հայաստանում ապրող սիրիահայ երիտասարդներին»: Հարցին, թե պատերազմի տարիներին սիրիացիներին օգնող նաեւ այլ երկրներ են եղել, որոնք դեսպանատներ ունեն Հայաստանում՝ իրենք չե՞ն պատրաստվում նրանց ներկայացուցչությունների առջեւ էլ երախտագիտության ակցիաներ կազմակերպել, Արման Ղուկասյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես Ռուսաստանի ցուցաբերած օգնությանն եմ ականատես եղել: Գիտեմ, որ կան այդպիսի երկրներ: Մենք կփորձենք ուսումնասիրել նաեւ դրանք»:

Իսկ Հայաստանում Սիրիայի ուսանողական միության նախագահ Ջուլիա Փամփալյանն ընդգծեց, թե Ռուսաստանը պատերազմի դաժան տարիներին եւ հիմա էլ Հայաստանի հետ միասին կանգնած է Սիրիայի կողքին եւ դրա համար են իրենք ցանկանում շնորհակալություն հայտնել: «Ես 2012 թվականին եմ Հալեպից տեղափոխվել Հայաստան: Սովորում եմ բժշկական համալսարանում: Այն ժամանակ ահաբեկչական շարժումներ էին Սիրիայում եւ բոլորիս էլ հայտնի են այն երկրները, որոնք նպաստեցին ահաբեկչական այդ շարժումներին: Ռուսաստանը, որպես երկիր օգնեց Սիրիային: Ես Հալեպից հեռացա, որովհետեւ համատարած վտանգ էր. արդեն խփում էին ամեն տեղ՝ թե համալսարաններին, թե եկեղեցիներին, թե բնակավայրերին ու մզկիթներին: Անգամ կրոնը չէին տարբերակում, խփում էին ամեն տեղ: Իմ ազգականներից երեք երիտասարդ է զոհվել ահաբեկչություններից», – ասաց Ջուլիա Փամփալյանը:

Նամակները հանձնվեցին Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդական Ալեքսանդր Վասիլեւին: «Շնորհակալություն: Մենք անպայման այս նամակները դեսպանության միջոցով կփոխանցենք Ռուսաստանի ղեկավարությանը: Իմ անունից կարող եմ ասել, որ Ռուսաստանը բացի ռազմական գործողություններից, որոնք փառք Աստծո, արդեն ավարտվել են, շարունակելու է հետեւողական քաղաքականություն վարել Սիրիայում իրավիճակը նորմալացնելու եւ կայունացնելու ուղղությամբ՝ հիմնական շեշտը դնելով հումանիտար ոլորտների վրա: Երկիրը պետք է վերականգնել: Ամենագլխավորը միասնական Սիրայի վերածնունդն է, ինչը, ցավոք, հեշտ խնդիր չէ: Կան ուժեր, որոնք դրան ակտիվորեն խանգարում են: Բայց ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունների հետ համատեղ մենք դա կհաղթահարենք», – ասաց ռուս դիվանագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ԱԲ says:

    Հայ ժողովուրդը կոյր եղել է, կայ ու կը մնայ:

    Այս ամէնը ծաղր ու զաւեշտ է. աշխարհում դեռ ոչ մի երկիր չի շահել ռուսական (խորհրդային) «օգնութիւնից»: Որտեղ ռուսական ոտք է մտել, այնտեղ կորուստները աղէտալի են եղել: Օրինակները բազմաթիւ են՝ ներառեալ Հայաստանը:

    Փառաբանէք ձեր ազատարարին, բայց տարիներ անց կը տեսնենք, թէ ինչի է վերածուել ռուսների «ազատագրած» Սիրիան. «Այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»:

    Բարին ընդ ձեզ,,

  2. Մարինա says:

    Ռուսաստանի իսկապես ահռելի ջանքերը Սիրիայում, որոնք ուղղված են ոչ միայն տարածաջրջանի կայունության ապահովմանը, այլև սիրիացի ժողովրդ բոլոր ազգային-կրոնական բոլոր հատվածների փրկությանը ահաբեկչական պատերազմից արաբախոս մամուլում հիմնականում վատաբանում են կատաղի հակասիրիական քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները, որոնց մեծ մասը, որպես կանոն, զուգահեռաբար փառաբանում է ահաբեկիչների գործողությունները Սիրիայում, որովհետև ուղղորդվում են համապատասխան ուժային կենտրոններից:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031