Ինչ է պատասխանելու Բաքուն Լավրովին

Ինչ է պատասխանելու Բաքուն Լավրովին

Մոսկվան շեշտել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հստակեցումը, մի բան, որից Ալիեւը բավական ջղաձգվում է

Հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Արտգործնախարարների ծրագրված այս հանդիպմանը նախորդեցին տարեվերջին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Արցախյան խնդրի վերաբերյալ հայտարարությունները:
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը տեղի է ունենում պաշտոնական Մոսկվայի կողմից Ղարաբաղյան խնդրի առնչությամբ ներկայացված ուշագրավ գնահատականների պայմաններում:

Ղարաբաղյան խնդիրը մեկ փաստաթղթով հնարավոր չէ կարգավորել՝ օրերս, ամփոփելով 2017 թվականը, մամլո ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք տարբեր ու ինտենսիվ ջանքեր ենք գործադրել, կողմերի դիրքորոշումներն ենք ամփոփել, փորձել ենք առանձնացնել այն կետերը, որոնց շուրջ նրանց դիրքորոշումները համընկնում են, միաժամանակ փորձել ենք հուշել այն փոխզիջումները, որոնք կողմերին կարող են բերել ընդհանուր հայտարարի այն հարցերում, որոնց շուրջ առկա են տարբեր մոտեցումներ»,- ասել է Լավրովը՝ հավելելով. «Խնդրի կարգավորման կոնկրետ ծրագրեր Ռուսաստանը չի կարող ունենալ, քանի որ հակամարտությունը կարող են կարգավորել միայն հակամարտող կողմերը»։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան անում են հնարավորը խնդրի կարգավորման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Լավրովը հավելել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկներին հակամարտող կողմերը տեղյակ են. «Կողմերը գիտեն, թե ինչ են մտածում համանախագահները, բայց որոշումը հակամարտող կողմերը պետք է կայացնեն։ Մենք ակնկալում ենք, որ դրական ազդանշաններ կստանանք երկու կողմից էլ»:

Նա նաեւ նշել է՝ համանախագահների կարծիքով՝ «կարեւոր է, որ այսօր հակամարտության գոտում հանգիստ լինի, որպեսզի հնարավոր լինի անցնել քաղաքական կարգավորմանը»։ «Մեկ փաստաթղթով այդ խնդիրը հնարավոր չէ կարգավորել, անհրաժեշտ է փուլային մոտեցում։ Մոտեցում, որը հաշվի կառնի այն հարցերը, որոնց շուրջ արդեն այսօր հնարավոր է համաձայնության գալ, նաեւ հաշվի կառնի աշխատանքներն այն հարցերի շուրջ, որոնք պահանջում են հավելյալ քննարկումներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- հայտարարել է Լավրովը:

Այսպիսով, Մոսկվան, ակնարկելով «հակամարտության գոտում հանգիստ լինելու» մասին, ըստ էության նկատի է ունեցել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառումը: Ընդ որում, սա Լավրովի մակարդակով արձանագրվում է այն դեպքում, երբ տարեվերջին ամանորյա իր ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ասել էր, թե իբր՝ «2017 թվականի գլխավոր արդյունքն» այն էր, որ «Հայաստանն անվերապահորեն միացավ բանակցություններին, չնայած այն իրողությանը, որ նախկինում նախապայմաններ էր առաջ քաշում», եւ որ «Հայաստանի կողմից առաջ քաշված նախապայմաններից եւ ոչ մեկը Ադրբեջանը չընդունեց, եւ բանակցություններն անվերապահորեն վերսկսվեցին»:
Փաստացի Մոսկվան եւս կրկնել է շփման գծում կայունության հաստատումը որպես պահանջ կամ նույնիսկ նախապայման հետագա քննարկումների համար: Հաջորդ կարեւոր հանգամանքն այն է, որ Մոսկվան շեշտել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հստակեցումը, մի բան, որից Ալիեւը բավական ջղաձգվում է:

Հաջորդը՝ Լավրովի մակարդակով արձանագրվեց, որ Մոսկվան Վաշինգտոնի եւ Փարիզի հետ միասին է փորձում խաղաղ կարգավորմանը նպաստել եւ չունի առանձին ծրագիր:
Իսկ Լավրովի, թերեւս, ամենակարեւոր դիտարկումը հետեւյալն է՝ «մեկ փաստաթղթով խնդիրը հնարավոր չէ կարգավորել, անհրաժեշտ է փուլային մոտեցում»:
Պաշտոնական Երեւանն արձագանքել է Լավրովի վերոնշյալ դիտարկմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը նշել է. «Խոսքը փաթեթային լուծման մասին է՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները»:

Իսկ ահա պաշտոնական Բաքուն ողջունել է Լավրովի՝ փուլային կարգավորման վերաբերյալ արած հայտարարությունը: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիեւն ասել է. «Ադրբեջանական կողմը ողջունում է ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը հայ-ադրբեջանական Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ»։

Ինչպես Արցախյան խնդրի կարգավորման առանձին սկզբունքները, այնպես էլ կարգավորման տարբերակն առհասարակ կողմերը մեկնաբանում են յուրովի: Հայկական կողմի համար, օրինակ, փուլայինի շրջանակներում Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչը, բնականաբար, պաշտոնական Բաքուն մերժում է: Բաքվին էլ ձեռնտու է կառչել Լավրովի «փուլային կարգավորում» ձեւակերպումից՝ առանց, օրինակ, հրապարակայնացնելու կարգավորման այլ կարեւոր դետալներ, որոնք Ադրբեջանի համար ընդունելի չեն:

Հոկտեմբերի 16-ին Ժնեւում գրեթե մեկուկես տարվա դադարից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կազմակերպվեց: Բանակցությունների ավարտին անմիջապես Ալիեւը լքեց Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրը:

Ժնեւի բանակցությունների արդյունքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարության մեջ արձանագրելով, որ երկու նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, միջնորդները եւ Հայաստանն ու Ադրբեջանը փաստեցին, որ նախագահները համաձայնել են ձեռք առնել միջոցներ բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ դարձնելու համար եւ լրացուցիչ քայլեր կատարել՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը: Նրանք նաեւ համաձայնել էին, որ որպես հաջորդ քայլ արտգործնախարարների միջեւ քննարկումներ անցկացնելն է: Ժնեւի հանդիպումից հետո Շվեյցարիայում ՀՀ դեսպանատանը Սերժ Սարգսյանը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը բացել էր որոշ փակագծեր՝ նշելով, թե ինչ են քննարկել Ալիեւի հետ: «Պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր»: Ի դեպ, Բաքվին նյարդայնացրել էր, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հրապարակայնացրել Ժնեւի բանակցությունների մանրամասները: «Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որեւէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք խնդրի լուծման տարբերակների մասին:

Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ՝ ե՛ւ Ադրբեջանի նախագահը, ե՛ւ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար՝ ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք՝ մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որեւէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում եւ իրականացնել, եւ դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել էր Սերժ Սարգսյանը հայ համայնքի հետ հանդիպմանը:

Այժմ Լավրովն արձանագրում է, որ սպասում են Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից «դրական ազդակներ ստանալուն»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերին, Լավրովը կարծիք էր հայտնել, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում «լուրջ առաջընթաց դեռ չկա»:

Սպասենք՝ Մոսկվայի ակնկալիքների ֆոնին շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման պահանջի վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում կլինի՞ Ադրբեջանից, Ալիեւը կփոխի՞ դիրքորոշումը:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

17.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք