Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարմացած եմ, որ Գյումրվա օրը նախագահի կողմից այդքան առատաձեռնություն եղավ այս քաղաքի նկատմամբ»․Հասմիկ Կիրակոսյան (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հունվար 17,2018 14:47

Գյումրու Աբովյան ճեմափողոցում 12 արձանախումբ տեղադրելու փոխարեն Սերժ Սարգսյանի խոստացած գումարը կուղղվի հենց այդ ճեմափողոցում գտնվող Ասլամազյան քույրերի պատկերասրահի շենքի վերանորոգմանը։ Կվերանորոգվեն պատշգամբը, կոյուղագծերը, կբարեկարգվի բակը, Մոսկվայից կտավներ կտեղափոխվեն Գյումրի։ Նախնական նախագիծ-նախահաշվով՝ այն կնստի 88,530 միլիոն դրամ (Տես փաստաթուղթը)։

Երեկ Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում հասարակական լսումներ էին կազմակերպվել այս թեմայով։

Հիշեցնենք  որ մինչ այդ էլ հասարակական լսումներ էին կազմակերպվել նախագահի խոստացած գումարով Աբովյան ճեմափողոցում հայտնի մարդկանց արձանները տեղադրելու շուրջ։ Այն բուռն քննադատության արժանացավ գյումրեցիներից շատերի կողմից, որոնք պնդում էին, թե հայտնի դեմքերից շատերի արձանները կան, կարիք չկա նույնը կրկնել, Գյումրին «արձանախեղդ» են անում։

Մի խոսքով, երեկվա հասարակական լսումներին, որին մեծամասամբ մասնակցում էին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային կառույցների աշխատակիցները՝ գովերգեցին թե՛ երկրի նախագահին, թե՛ Ասլամազյան քույրերի պատկերասրահը վերանորոգելու գաղափարը։

Ամենատպավորիչը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի ելույթն էր։ Վերջինս նշեց, որ 2004 թվականին «Լինսի» հիմնադրամի միջոցներով նորմալ չվերանորոգվեց Ասլամազյան քույրերի պատկերասրահը ու մի դեպք պատմեց փնթի շինաշխատանքներից։ «Մի հետաքրքիր հուշ պիտի պատմեմ, երբ «Լինսի» հիմնադրամով վերանորոգվեց, մենք մեծ բացում կազմակերպեցինք Ասլամազյան պատկերասրահում։ Հիմնադրամի նախագահը Հայաստանում Արտաշես Թումանյանն էր՝ այն ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Արտասահմանից շատ հյուրեր էին եկել, առաջին օրվանից էր վատ վիճակում եղել պատշգամբը։ Մենք հյուրերով բարձրանում էինք, այդ սրահներից մեկից պիտի անցնեինք դեպի պատշգամբ, Արտաշես Թումանյանն ինձ ծանոթ էր, մոտեցավ, ասեց՝ Հասմիկ ջան, շատվորով չանցնեք դեպի բալկոն, մի քանիսը թող գնան, մյուսներդ այս կողմում մնացեք։ Այնքան հետաքրքիր պատկեր էր, ես գիտեի այդ մասին․ կիսով չափ խոսում էի բալկոնում կանգնածների, կիսով չափ ներսի մարդկանց հետ։ Անորակ աշխատանքի մասին էր խոսքը, վատ էին հանձնել պատկերասրահը։ Այն ժամանակվանից արդեն այդ դեֆեկտները կային շենքի վրա, բայց թե ինչու էին հանձնել, չգիտեմ կամ գիտեմ նաև․․», -ասաց Հասմիկ Կիրակոսյանը։

Նա շեշտեց, որ Ասլամազյան քույրերի պատկերասրահը մեր քաղաքի մշակութային դեմքերից մեկն է, ու շատ «կիրթ» պատկերասրահ է իր աշխատակարգով․ ամեն ինչ իր տեղում է։ «Լավ է, որ այդ գումարը կգնա պատկերասրահին, որ մենք չվախենանք կանգնել ո՛չ ներսում, ո՛չ դրսում, ո՛չ բակում։ Մենք գիտենանք՝ չորս կողմից ապահով ենք, կարևոր պահ է», -ասաց Հասմիկ Կիրակոսյանը՝ նշելով, որ զարմացած է Սերժ Սարգսյանի առատաձեռնությունից։

 

 

 

«Ես նույնիսկ զարմացած եմ, որ Գյումրվա օրը նախագահի կողմից այդքան առատաձեռնություն եղավ այս քաղաքի նկատմամբ, շատ լավ էր․ 10 միլիոն էլ նախագահը տվեց «Ձիթողցոնց տանը», մեր կենցաղի թանգարանին։ Այդ օրը բաց գրպանի օր էր մեր ղեկավարության կողմից դեպի քաղաք Գյումրին, դա շատ լավ է»։

Այնուհետ անդրադարձավ Գյումրու Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 1-ին արվեստի դպրոցին։ Մինչ այդ կարծիքներ հնչեցին, որ նախագահը լավ կանի ուշադրություն դարձնի նաև այդ դպրոցին։ Հասմիկ Կիրակոսյանը հիշեցրեց, որ այն Անդրկովկասի առաջին երաժշտական դպրոցն է՝ բացված 1924, այն Գյումրու բրենդն է, պատմություն է։

«Սրբի կողքերը, որ յոթ անգամ պտտվում են, մենք քաղաքում ունենք մշակութային օբյեկտներ, որտեղ ամեն գյումրեցի եթե ոչ յոթ, ապա պարտավոր է երեք անգամ պտտվելու, ոչ միայն ներսից ծանոթանալու, այլ պտտվելու, դրանք սրբավայրեր են։ Իսկ ղեկավարության կողմից եկած գումարները դրսից, նախագահից, ուրիշ տեղից, որտեղից որ գալիս է, պետք է ուղղվեն ոչ թե գեղեցիկ ժպիտի, բարեկամական հարաբերությունների, այլ այն պատմական արժեքներին, որ կարևոր են իմ քաղաքի համար, որոնք բարձրացնում են մեր քաղաքի հեղինակությունը»,-ասաց Հասմիկ Կիրակոսյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031