Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին ու հիմնական գույնը ծնվում է գույների քաոսից»

Հունվար 18,2018 13:30

Հարցազրույց նկարիչ Անդրեյ Շուգարովի հետ

– Երեւանում ձեր վերջին անհատական ցուցահանդեսը 2015-ին էր: Շշուկներ էին պտտվում, որ արվեստում սիրում եք ագրեսիա, քանի որ հենց նման նկարները կարող են փոխանցել իրական կյանքի պատկերները… Եվ դա արտահայտվում է հիմնականում կենդանիների պատկերներով: Ձեր աշխատանքներում գերակշռում է դեղինը կամ դեղնաշագանակագույնը: Իսկ 2018-ը դեղին շան տարի է…

– Ճշմարտություն կա ասվածում, բայց ավելի շատ իմ աշխատանքներում էքսպրեսիան է: Կտավներումս ձեր նշած ագրեսիան ծնվեց 2000-ականների սկզբին, Ֆրանսիայում ապրելու ու ստեղծագործելու տարիներին: Այնտեղ մտերմացա ու համագործակցում էի հեղինակավոր գալերեաներից մեկի տնօրեն Պատրիկ Ժիգուի հետ: Հենց նա նկատեց, որ իմ աշխատանքներում հատկապես ձիերը հիանալի են, իր խոսքերով՝ ագրեսիվ, ու խորհուրդ տվեց, որ գույներով էլ ավելի ընդգծեմ դա: Ֆրանսիայում լավագույն նկարիչներին ասում են՝ «դու լավ ես ներկում…», ինչն ինձ ասաց Պատրիկը… Պետք է ասեմ, որ ֆրանսիացիները սիրում են ագրեսիա… Պատկերացնո՞ւմ եք, մի երկար ժամանակահատված ամիսը միայն 25 ձի էի կտավին հանձնում, իհարկե՝ մեկը մյուսից տարբեր ու տարբեր շարժումների մեջ: Թեւավոր խոսք կա՝ կարեւոր չէ ինչը, կարեւոր է՝ ինչպես… Ի վերջո, Սեզանը ողջ կյանքի ընթացքում խնձոր նկարեց, բայց ինչպե՜ս այն հրամցրեց… Ինձ մոտ առաջին ու հիմնական գույնը ծնվում է գույների քաոսից: Իսկ ագրեսիան կամ էքսպրեսիան կարելի է արտահայտել միայն կոնտրաստի միջոցով՝ օրինակ՝ սեւ-սպիտակ, դեղին ու… մի խոսքով՝ այլ գույների խառնուրդից: Ի վերջո գույների ընտրությունը շատ հաճախ կախված է գնորդի ճաշակից… Այն տպավորությունը չստեղծվի, որ միայն կենդանիներ եմ պատկերել: Նիցցայում, Շամպայնում, Կաննում, Մարսելում, ի վերջո՝ Փարիզում, մի կարճ ժամանակահատված էլ Հռոմում ստեղծել եմ դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ եւ այլն:

– Ասում են նաեւ, որ ձեր ստեղծագործական կյանքը շուրջ հինգ տարի հիանալի էր ընթանում Ֆրանսիայում, վաճառվում էին աշխատանքները, ինչը նկարչի հիմնական մտահոգությունն է: Իսկ հետո՞…

– Հետո վերադարձա հայրենիք: Ինձ համար աշխարհում երկու քաղաք կա. մեկը ծննդավայրս է՝ Թբիլիսին, մյուսը Երեւանը, որտեղ ապրում եմ 1962 թվականից: Երեւանում էլ հնարավոր է զբաղվել սիրածդ աշխատանքով: Այնքան էլ համամիտ չեմ, թե նկարչի հիմնական մտահոգությունը ստեղծած գործը վաճառելն է: Այո, լինում է մի ժամանակ՝ տարբեր նկարիչների մոտ դա տարբեր է, երբ գնորդ չի լինում: Այստեղ էլ, ինչպես արտասահմանում, կարող ես զբաղվել նկարչությանը մոտ աշխատանքով: Իսկ մենք՝ հայ նկարիչներս, լավ վայրում ենք գտնվում…

– Ի՞նչ կարծիքի եք այսօրվա ձեր երիտասարդ գործընկերների մասին:

– Սովորել եմ Էդուարդ Իսաբեկյանի, Մկրտիչ Սարիբեկյանի, Գարրի Սմբատյանի արվեստանոցներում: Վարպետներս եթե տեսնեին այսօրվա նկարիչների «պրոդուկտը», պարզապես չէին հասկանա: Բայց սա միայն Հայաստանում չէ: Մեկ-մեկ շատ անթույլատրելի բաներ են իրենց թույլ տալիս երիտասարդները: Օրինակ, մարդ, որը գծանկարին պարզապես չի տիրապետում, սկսում է այդ ոճում, այլ բառ չեմ գտնում՝ աճպարարություն անել, ինչն անթույլատրելի է: Չեմ բացառում, որ ունենք նաեւ պրոֆեսիոնալ երիտասարդ արվեստագետներ… Հայաստանում ունենք նկարիչների միջին սերունդ, որոնք ցանկալի են նաեւ եվրոպաներում ու Ամերիկայում, նրանք են Տիգրան Սմբատյանը, Տիգրան Ասատրյանը, Կայծ Վանիկյանը, Տարոն Մուրադյանը, Շմավոն Շմավոնյանը… Օրինակ՝ Տիգրան Ասատրյանը պարզապես վիրտուոզ է…

– Շատ է խոսվում արվեստագետների, այդ թվում եւ ձեր՝ նկարիչներիդ մեկը մեկին խանդելու, նախանձելու մասին…

– Ֆրանսիայում հրեա հարեւանս մի օր ասաց՝ հայերիդ մի ընտանիքը մեր չորսին արժե, բայց դուք ինչո՞ւ իրար չեք սիրում…

– Երեւանում էլ վերջին շրջանում գործում են ցուցասրահներ, որոնց աշխատանքը ոչ լիարժեք, բայց կարելի է համեմատել մենեջերի, իմպրեսարիոյի հետ: Չե՞ք կարծում, որ նկարիչներիդ համար պարզապես անհրաժեշտ են անձնական մենեջերները:

– Աշնանը պատրաստում էի աշխատանքներիս կատալոգը, որը նախաձեռնել է ընկերս՝ ճանաչված դիմածնոտային վիրաբույժ Գրիգորի Խաչատրյանը: Վստահ եմ, որ այս կատալոգը շատ ներկայանալի կլինի: Պատրաստվում եմ մարտին էլ Նկարիչների միությունում հանդես գալ անհատական ցուցահանդեսով:

– Ձեր գործընկերներից, նաեւ մտերիմներից ոմանք հաճախ կատակում են, որ Անդրեյ Շուգարովը այնքա՜ն է սիրում Երեւանը, որ չի նկատում ժամանակին սկսված, այսօր էլ հաճախ անհետացող կանաչ գոտիները:

– Երեւանն ինձ համար միշտ կանաչ է: Համեցեք իմ արվեստանոց, որի պատուհանը բացվում է դեպի Մարզահամերգային համալիր եւ ինքներդ կհամոզվեք, թե ինչ գեղեցիկ ու կանաչ է: Եթե երբեւէ կտավին հանձնեմ Երեւանը, հենց այդպես էլ կնկարեմ:

 

Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ»

17.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031