Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկ նահապետը ՀՀՇ-ից է եղել». Կարեն Քոչարյանը համոզված է՝ մտավորականը, որը գովում էր ՀՀՇ-ին, հիմա էլ ՀՀԿ-ին է գովում (Տեսանյութ)

Հունվար 18,2018 17:25

«Խոսում են, թե ով կդառնա վարչապետ, իշխանությունը կարողացավ ընդդիմությանը մատի վրա պտտացնել եւ դա գցել քաղաքական դաշտ: Դա քաղաքական օրակարգ չէր, ծիծաղելի է: Եթե համակարգը ամբողջ մնում է, ամբողջ կուսակցական կառույցը մնում է, ավելի լավ կլինի հենց կուսակցության ղեկավարը դառնա վարչապետ, այլապես մենք կողմ կդառնանք, որ ստվերային վարչապետ ունենանք, որովհետեւ եթե ինքը չլինի վարչապետ, միեւնույն է, ինքն է ղեկավարելու: Ավելի մեծ փորձանք կլինի պետության վրա ստվերայինը, ոնց որ ստվերային տնտեսությունը, սիրեկանը»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում այսպիսի տեսակետ հայտնեց նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Լրագրողները հարցրեցին՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ անփոխարինելի մարդիկ կան՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանին, ձեզ համար անփոխարինելի մարդիկ կա՞ն՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ աշխարհում ընդհանրապես ոչ մի բան անփոխարինելի չի. «Չի կարելի ասել երբեւէ, որ անփոխարինելի մարդիկ կան»:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ ասաց, որ մեռնել կա աշխարհում, անփոխարինելիությունը գոնե ժամանակի հետ փոխարինվելու է եւ հերքվելու է. «Անգամ, եթե մենք դոգմաներով ենք ապրում, այդ դոգման ժամանակը մաշելու է»:

Ռուբեն Հակոբյանը հիշեց 93 թվականը. «Շատ ռադիկալ ընդդիմություն էի, հաղորդման ժամանակ մտավորականներից մեկը, որն այսօր կա, անունը չեմ ուզում տալ, շատ նվիրված էր ՀՀՇ-ին, ասաց՝ ինձ թվում է՝ Հայկ նահապետը ՀՀՇ-ից է եղել, ինքը ՀՀՇ-ի նախահայրն է եղել»:

Կարեն Քոչարյանը կատակեց. «Համոզված եմ, հիմա էլ նա ասում է, որ Հայկ նահապետը ՀՀԿ-ից է, անգամ կարող եմ անունը տալ»: Ըստ Կարեն Քոչարյանի, իշխանավորներին, պարզ է, որ իր շուրջը հավաքված մարդիկ ասում են՝ շեֆ, դու իդեալական ես, պապա ես, սա ես, նա ես, բայց պիտի շեֆը գոնե պահի մեկին, որ իրեն կիջեցնի գետնին. «Մեր իշխանավորները, ոչ թե ավտոմեքենայի պատուհանից են նայում, անգամ այդ ավտոմեքենայի պատուհանի վրա վարագույրեր են քաշել, որ ընդհանրապես ոչ մի բան չտեսնեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031