Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակության հանդեպ երեւակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով» հրկիզել են պահնորդների տնակը

Հունվար 18,2018 19:44

Մհեր Ալիխանյանին, Ժորա Մնացականյանին, Վոլոդյա Հակոբյանին, Գուրգեն Մնացականյանին, Արամ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2017թ. հոկտեմբերի 13-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Շամախյան» տեղամասի «Պանտերա Սեքյուրիթի» ՍՊԸ-ի ուղեփակոցում, միմյանց հետ նախնական համաձայնությամբ, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, ինքնահաստատման եւ հասարակության հանդեպ երեւակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով իրենց դժգոհություն են արտահայտել ուղեփակոցի տեղադրման առթիվ:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»): Մհեր Ալիխանյանի խափանման միջոցը ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը, մնացածներինը`գրավը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի`սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է հունվարի 24-ին:

Նախկինում հայտնել ենք, որ 2017թ. հոկտեմբերի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում մի խումբ անձինք դիտավորությամբ հրկիզել են «Պանտերա Սեքյուրիթի» պահնորդական ընկերության աշխատողների տնակը: Քրեական գործը սկզբում հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերով վնաս է պատճառել, ինչը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով»):

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031