Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, որ ռուս սահմանապահներն են կանգնած հայկական սահմանին, Հայաստանը դարձնում է Ռուսաստանի մաս. «Վզգլյադ»

Հունվար 18,2018 21:12

Ռուսական «Վզգլյադ» թերթում հրապարակվել է քաղաքագետ Պյոտր Ակոպովի «Ինչու՞ է Ռուսաստանը պաշտպանում Հայաստանի սահմանը» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը փորձում է բացատրել Ռուսաստանի շահերը Հայաստանում և պնդում, որ Արցախյան հիմնահարցի կարգավորումը հնարավոր է միայն, եթե Հայաստանն ու Ադրբեջանը լինեն միևնույն միության կազմում:

Հեղինակը անդրադարձ է կատարում օրերս Երևանում անցկացված կլոր սեղանին, երբ բարձրացվեց սահմանապահ գործառույթները Հայաստանի անվտանգության ծառայությանը հանձնելու հարցը:

Նշվում էր, որ 1992թ. երկու երկրների միջև պայմանագիրը հնացել է, իսկ հիմա Հայաստանը կարող է ինքն իրեն պաշտպանել. պետք է մինչև 2020թ. հունվարի 1-ը հայկական կողմին հանձնել սկզբում հայ-իրանական, իսկ հետո՝ հայ-թուրքական սահմանի վերահսկողությունը: Ինչը հետագայում կհանգեցնի Հայաստանի «ինքնիշխան պարտականությունների վերականգնմանը» և անգամ «կամրապնդի պաշտպանական ռեսուրսները ռազմավարական՝ Մեղրիի ուղղությամբ՝ ադրբեջանական ուժերի հարձակման դեպքում», գրում է հոդվածագիրը:

Եթե այդ առաջարկներն անհրաժեշտ արձագանք չստանան, կլոր սեղանի մասնակիցներն իրենց իրավունք են վերապահում բողոքի ակցիաներ նախաձեռնել: Ընդ որում, հոդվածագիրը նկատում է, որ նրանց մեջ չկան «ո՛չ տեսանելի քաղաքական գործիչներ, ո՛չ որևէ ձևով հայտնի անձիք, այնպես որ սկզբունքորեն նման «նախաձեռնությունը» կարելի է անվանել պարզապես տեղեկատվական-հոգեբանական պատերազմի բաղադրիչ, որը վարում են Ռուսաստանի դեմ մեր ամերիկացի «գործընկերները»:

Վստահությամբ չի կարելի պնդել, որ այդ ուղերձը նախաձեռնվել է ամերիկացիների կողմից, բայց նրանց ձեռնտու է ցանկացած շարժում՝ ուղղված հայ-ռուսական համագործակցության թուլացմանը, շարունակում է Ակոպովը: Քանի որ Հայաստանի համար, որը Ռուսաստանի մերձավոր ռազմաքաղաքական դաշնակիցն է, ՀԱՊԿ և Եվրասիական միության անդամ, նույնպես պայքար է տարվում, թեև ոչ այնքան սուր, որքան Ուկրաինայի և Մոլդովայի համար: Նախկին խորհրդային հանրապետություններից ոչ մեկին ատլանտիստները պատրաստ չեն հենց այնպես ճանաչել ռուսական ազգային շահերի ազդեցության գոտում:

Հոդվածագիրը կարծում է, որ թեև այժմ Հայաստանում պայմաններ չկան նրան Ռուսաստանից կտրելու փորձերի համար, բայց այնուամենայնիվ, աշխատանք է տարվում հասարակության մի հատվածի մոտ պահպանելու սկեպտիկ, երբեմն էլ կրիտիկական վերաբերմունք Ռուսաստանի հանդեպ՝ ակնկալելով, որ մի օր հնարավոր կլինի փորձել Հայաստանը Ռուսաստանից պոկելու տարբերակը:

Բայց եթե աշխարհաքաղաքական հակառակորդի նպատակները հասկանալի են, ապա որն է հայ հասարակության դիրքորոշման պատճառը, հարցադրում է կատարում Ակոպովը: Արդյոք այնտեղ հող կա՞ հակառուսական տրամադրությունների համար: Մեծ հաշվով՝ ոչ: Առանձին խմբեր և քաղաքական գործիչներ, իհարկե, փորձում են խաղալ այդ խաղը (օգտագործելով երկու գլխավոր թեմա՝ «Ռուսաստանը զինում է Ադրբեջանին» և «Արևմուտքը մեզ ավելի լավ կօգնի, քան Ռուսաստանը»), բայց բավականին անարդյունք, և ոչ այնքան ճշգրիտ:

Բանն այն է, որ անդրկովկասյան այդ հանրապետության ցանկացած գիտակից բնակիչ հասկանում է, որ Ռուսաստանի հետ միությունը իր իսկ գոյության գլխավոր երաշխիքն է: Կարևոր չէ՝ աղքատ թե հարուստ, այլ պարզապես խաղաղ գոյատևման, նշում է հոդվածագիրը:

Նա հիշեցնում է, որ ԽՍՀՄ անկումը հանգեցրեց Ղարաբաղյան հիմնահարցի սրման (իսկ մինչ այդ դարձել էր ԽՍՀՄ խարխլման գործիքներից մեկը), այսինքն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավարության համար Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի: Հայերը հաղթեցին Ադրբեջանի հետ պատերազմում, և Ղարաբաղը կարողացավ իր դիրքերն ամրապնդել Բաքվի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում: Բայց դրա վարձքը դարձավ ոչ միայն մշտական լարվածությունը երկու երկրների սահմանին, այլև Ադրբեջանի բնական ցանկությունը՝ վերադարձնել կորցրած տարածքները: Հոդվածագրի կարծիքով՝ Ադրբեջանի տնտեսական և ժողովրդագրական առավելություն այնպիսին է, որ եթե երկու երկրներն իրենք որոշեին իրենց ճակատագիրը, ապա հարձակումը հետ մղելու Հայաստանի շանսերը տարեցտարի կդառնային ավելի մշուշոտ:

«Բայց կա Ռուսաստանը, որին ձեռնտու չէ ոչ միայն նոր հայ-ադրբեջանական պատերազմը, այլև անհանգստությունը Կովկասում,- շարունակում է Ակոպովը: – Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը դիտարկվում են, պաշտոնական լեզվով ասած, որպես «ռազմավարական գործընկերներ», իսկ այլ կերպ ասած՝ որպես երկրներ, որոնք գտնվում են մեր կենսական շահերի գոտում: Նրանց միջև վեճերի կարգավորումը կարևոր է Ռուսաստանի համար: Բայց հաշվի առնելով այդ հարցի չափազանց բարդ բնույթը, Ռուսաստանի համար առավել հարմար է պահպանել ստատուս-քվոն:

Այսինքն` Ռուսաստանը, ինչպես և ամբողջ աշխարհը, չի ճանաչում Ղարաբաղն անկախ պետություն (միջազգային իրավունքի տեսանկյունից այն ճանաչում է որպես Ադրբեջանի մաս), բայց դրանով իսկ հույս ունի, որ ժամանակի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան կարգավորել տարածքային վեճը, օրինակ, տարածքների մասնակի փոխանակման ճանապարհով: Ընդ որում, կարգավորման շանսերն ավել բարձր կլինեն, եթե ամուր լինեն երկու անդրկովկասյան պետությունների կապերը Ռուսաստանի հետ, քանի որ այդ ժամանակ արտաքին ուժերին (նույն ատլանտիստներին) ավելի քիչ հնարավորություն կմնա ղարաբաղյան թեմայով շահարկումների համար:

Մեծ հաշվով, Ղարաբաղյան հիմնահարցի հուսալի կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը վերադառնան միասնական պետության տարածք. ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ-ի փոխարեն այն կարող է կոչվել Եվրասիական միություն: Այդ ժամանակ նույն Ղարաբաղը և մյուս վիճելի տարածքները կհսկվեն կենտրոնական իշխանության՝ անկողմնակալ Մոսկվայի կողմից: Բայց դրան դեռ շատ ժամանակ կա. Եվրասիական միությանն անդամակցում է միայն Հայաստանը, ինքն էլ դեռ չի հասունացել միասնական պետության մակարդակի»:

Այն որ Ռուսաստանը շահագրգռված չէ Կովկասում պատերազմով, հասկանալի է, բայց է՞լ ինչ կա, որ գրավում է Ռուսաստանին Հայաստանում, շարունակում է հոդվածագիրը:

Սովորաբար խոսում են հայերի ու ռուսների պատմական կապերի, հին բարեկամության, փոխադարձ համակրանքի մասին: Բայց դա չի բացատրում ամբողջը, և, անկեղծ ասած, կարևոր էլ չէ, կարծում է նա:

Այո՛, միլիոնավոր հայեր վաղուց արդեն ապրում են Ռուսաստանում, բայց վերջին տասնամյակում Ռուսաստան են տեղափոխվել նաև միլիոնավոր ադրբեջանցիներ: Այո՛, հայերը քրիստոնյա են, բայց ռուսները խնդիր չունեն նաև մուսուլման ադրբեջանցիների հետ, իսկ ա՛յ ուղղափառ վրացիների հետ վիճել են, թեկուզ և պետությունների մակարդակով: Այո՛, հայերին բնորոշ չէ ռուսատյացությունը, ի տարբերություն, օրինակ` մերձբալթյան որոշ ժողովուրդների, բայց դա բնորոշ չէ նաև ադրբեջանցիներին: «Այնպես որ Ռուսաստանը չի ցանկանում ընտրություն կատարել իր ապագա երկու հանրապետությունների միջև և չի էլ անի, բայց Հայաստանն ունի մեկ լրացուցիչ հատկություն»,- գրում է Ակոպովը:

«Այնտեղ է գտնվում ռուսական ռազմաբազան և այնտեղ են կանգնած ռուս սահմանապահները,- շարունակում է հոդվածագիրը: – Այն, որ Ռուսաստանը պահպանում է հայ-թուրքական և հայ-իրանական՝ ավելի քան 300 կմ երկարությամբ ձգվող սահմանը, Հայաստանը կարծես թե դարձնում է Ռուսաստանի մաս:

Գյումրիի բազան անցյալ տարվանից անգամ այլ կերպ է կոչվում. հիմա այն պարզապես երկու երկրների միջև ստեղծված Զորքերի միացյալ խմբավորման մասն է: Այստեղ են կանգնած նաև ռուս սահմանապահները, որոնք պաշտպանում են Հայաստանը, ինչպես Ռուսաստանը: Այսինքն` արևմտյան սահմանին մեր շահերի պաշտպանությունը սկսվում է այնտեղ, որտեղ 30 կամ 100 տարի առաջ: Գյումրիում տեղակայված ՀՕՊ և ռազմատիեզերական ուժերի նշանակությունը միայն կաճի:

Հայաստանը դժվար է անվանել Ռուսաստանի համար տնտեսապես հետաքրքիր, առավել ևս շահավետ երկիր: Բայց եթե մեր պետությունը ստեղծվեր առևտրա- մերկանտիլիստական շահերի վրա, ապա այն աշխարհում ամենամեծը չէր լինի, այլ կլիներ Բրիտանական կայսրություն, որն աճել է գաղութների և դրանց հետագա շահագործման հաշվին: Ժամանակավոր, բայց շատ ուժեղ հզորացած, հետո աստիճանաբար նվազող: Հայաստանը Ռուսաստանի համար ունի լուրջ ռազմական նշանակություն, ինչը առավել քան բավարար է այդ հիմքի վրա երկու ժողովուրդների միջև լավ հարաբերություններ կառուցելու համար»,- եզրափակում է Պյոտր Ակոպովը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031