Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հեծանվասպորտը դառնում է հենակետային մարզաձեւերից մեկը

Հունվար 19,2018 13:00

Մրցաշրջան 2017-ը հայկական հեծանվասպորտի համար հաջողված էր: Էդգար Ստեփանյանը մեր երկրի հեծանվասպորտի պատմության մեջ առաջին անգամ ընդգրկվեց հանրապետության տասը լավագույն մարզիկների ցուցակ: Աշխարհի գավաթի խաղարկության նրա արծաթե մեդալը եւս աննախադեպ նվաճում էր: Էդգարը երկրորդ տեղը զբաղեցրեց օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոնների եւ մրցանակակիրների հետ պայքարում: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Մարտին Շարբաթյանը դա մեկնաբանում է ՀՀՖ նախագահ Արման Սահակյանի գլխավորությամբ ամբողջ ֆեդերացիայի հետեւողական աշխատանքով:

«Հեծանվասպորտում շատ դժվար է հասնել նման հաջողության, առավել եւս այնպիսի երկրներ ներկայացնող մրցակիցների հետ պայքարում, որոնց բյուջեն հարյուրապատիկ ավելի է: Մարզաձեւում արդյունքների բարելավման շնորհիվ պետբյուջեից հատկացվող մեր ֆինանսավորումն այս տարվանից կավելանա, ինչի համար շնորհակալ ենք: Հաճելի է, երբ աշխատանքդ արժանիորեն գնահատում են:

Առաջին անգամ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունենք: Օլիմպիական խաղերին մենք մասնակցում ենք 1996 թվականից, բայց միշտ «սպիտակ քարտով»: Այժմ Էդգարը հնարավորություն ունի սեփական ուժերով Տոկիո մեկնելու իրավունք վաստակել: Դա մեր գլխավոր նպատակն է եւ մեր ամբողջ ուժերն ու հնարավորությունները կուղղորդենք դրան հասնելու համար», – ասում է նա:
Ֆեդերացիայի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հերթափոխի պատրաստմանը: Լավ սերունդ է մեծանում (Ռոբերտ Խաչատրյան, Տիգրան Մարտիրոսյան, Լեւոն Լավչյան, Ամու Ասուբով), որն արդեն սկսում է խոսել տալ իր մասին եւ ապագայում կարող է փոխարինել առաջատարին: Այս հեծանվորդները պատանիների տարիքային խմբում են հանդես գալիս, լավ արդյունքներ են ցուցադրում եւ կարող են առաջընթաց ունենալ:

Խոսելով 2011 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի փոխչեմպիոն Մհեր Մկրտչյանի մասին՝ ֆեդերացիայի փոխնախագահը նշում է, որ վերջինը Ֆրանսիայում է, որտեղ էլ հանդես է գալիս տեղի ակումբում: 2017 թվականին Մհերը մրցման ժամանակ անհաջող ընկել է հեծանվից, վնասվածք ստացել եւ դրանից հետո դեռ լավ մարզավիճակ ձեռք չի բերել: Սակայն մասնագետը վստահ է, որ Մհերը կարող է կրկին բարձր արդյունքներ ցույց տալ:

Փետրվարի 28-ից մարտի 3-ը Հոլանդիայի Ապելդորն քաղաքում կկայանա հեծանվահրապարակի աշխարհի առաջնությունը: Էդգարը Հայաստանը կներկայացնի սկրեչ մրցաձեւում, որտեղ Ստեփանյանը 16-րդն է Հեծանվորդների միջազգային միության (UCI) վարկանիշային աղյուսակում:

Աշխարհի առաջնությունից հետո բոլոր մարզիկների արդյունքները կզրոյանան եւ սկսվելու է պայքարը Տոկիոյի օլիմպիական ուղեգրերի համար: Ապագայում վարկանիշային միավորներ հնարավոր կլինի հավաքել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, աշխարհի գավաթի փուլերում, Հեծանվորդների միջազգային միության (UCI) հովանու ներքո անցկացվող միջազգային մրցաշարերում: «ՀՀՖ-ն նախագահի գլխավորությամբ ակտիվ աշխատանքներ է ծավալում հավելյալ ֆինանսական միջոցներ գտնելու ուղղությամբ, որպեսզի Ստեփանյանն ավելի շատ միջազգային մրցաշարերում կարողանա հանդես գալ: Չմոռանանք նաեւ պատանիներին, որոնց այս տարի սպասվում են հեծանվահրապարակի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները: Հանրապետության առաջնությունում մենք հատուկ սանդղակ կսահմանենք, որին հասնելով՝ մարզիկները կկարողանան ներկայացնել Հայաստանը կարեւոր միջազգային մեկնարկներում»,- ասում է Մարտին Շարբաթյանը:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

18.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031