Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե վարչական ակտը չի բողոքարկվում, հարկադիր բռնագանձումն անխուսափելի է՝ այլեւս առանց դատարանի միջամտության

Հունվար 19,2018 14:00

«Անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա առանց դատարան դիմելու բռնագանձում իրականացնելու համար նախատեսված սահմանափակումները 2018թ. ապրիլից վերացվելու են». այս մասին երեկ «Առավոտին» տեղեկացրեց «Էլոֆանտ» փաստաբանական ընկերության ղեկավար գործընկեր, փաստաբան Գեւորգ Հակոբյանը:

Ըստ Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի՝ վարչական բողոքը կարող է բերվել` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում, իսկ գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում: Այլ օրենքներով կարող են սահմանվել բողոքարկման ավելի կարճ կամ ավելի երկար ժամկետներ։

Այս ժամկետներում կարող է ներկայացվել վիճարկման հայց՝ պահանջելով անվավեր ճանաչել եւ վերացնել վարչական ակտը։ Բողոք բերելու այս ժամկետները լրանալուն պես վարչական ակտը «մտնում է ուժի մեջ» եւ ըստ էության բողոքարկման ենթակա չէ:
«Առավոտի» հարցին, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, փաստաբան Գեւորգ Հակոբյանն ասաց. «Մինչեւ 2018թ. ապրիլի 1-ն ընդունված վարչական ակտերով թույլատրվում էր առանց դատարան դիմելու իրականացնել բռնագանձումներ միայն, եթե անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը չէր գերազանցում 200. 000 դրամը, ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր էր առանց նրան սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման, եթե իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը չէր գերազանցում իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:

Մնացած բոլոր դեպքերում վարչական մարմինը պետք է բռնագանձման հայց ներկայացներ դատարան»։

Բացի դրանից, հայցի ընդունմամբ վերանում էր վարչական ակտի անբողոքարկելի լինելը։ Իսկ դա նշանակում էր, որ պարտապանը կարող էր հակընդդեմ հայց ներկայացնելով, նորից վիճարկել վարչական ակտի իրավաչափությունը։

Իրավաբանի տեղեկացմամբ, 2018թ. ապրիլի 1-ից ցանկացած չափի հանրային իրավական դրամական պահանջի դեպքում, լինի 5000 դրամի ճանապարհային ոստիկանության տուգանք, թե մի քանի 100 միլիոն արժողությամբ հարկային ստուգման ակտ, եթե վարչական ակտը չի բողոքարկվում սահմանված ժամկետում, այն դառնալու է անբողոքարկելի եւ հարկադիր բռնագանձվելու է այլեւս առանց դատարանի միջամտության։ Փաստաբանը շեշտեց, որ դատական վերահսկողությունը հանրային իրավական պահանջներով բռնագանձումների իրավաչափության նկատմամբ ավելի է թուլանում։

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

18.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031