Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ առաջին նախագահի անվտանգության ծառայության պետի ընտանիքը դիմում է նախագահին

Հունվար 19,2018 14:30

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգարժան պարոն նախագահ,

Ձեզ խնդրանքով դիմում է գեներալ-մայոր Ռոմեն Ղազարյանի կինը՝ Լենա Ավագյանը, մեր ընտանիքի համար շատ կարեւոր խնդրի արդարացի լուծման համար: Խնդիրը կայանում է նրանում, որ 1998 թվականին, երբ որ ամուսինս հեռացավ Հայաստանի Հանրապետությունից, ելնելով որոշակի հանգամանքներից, ամուսինս խնդրեց ինձ եւ մեր երկու որդիներին, որպեսզի մենք թույլ տանք, որ մեր ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր սեփականությունը հանդիսացող Երեւան քաղաքի Հովսեփ Էմինի 4/2 հասցեում գտնվող տանը ժամանակավոր բնակվի իր աշխատակցուհի Մ.Գ.-ն, ասելով, որ ինքը երբ կվերադառնա Հայաստան, Մ.Գ.-ն իր պահանջով կազատի մեր ընտանիքի բոլոր անդամներին սեփականության իրավունքով պատկանող տունը:

Սակայն ամուսինս Ռուսաստանի Դաշնությունում 2015 թվականին հանկարծամահ եղավ: Ամուսնուս մահից հետո ես եւ որդիներս Մ.Գ.-ից պահանջեցինք, որ ազատի մեր տունը, սակայն Մ.Գ.-ն ամենաստոր կերպով օգտվելով այն հանգամանքից, որ ամուսինս մահացել է, հայտարարեց, որ տասը տարուց ավելի ինքն է բնակվում այդ տանը եւ հրաժարվեց ազատել մեր տունը: Չնայած նրան, որ Մ.Գ.-ն ի սկզբանե քաջատեղյակ էր, որ նշված տունը սեփականության իրավունքով պատկանում է մեր ընտանիքի բոլոր անդամներին, եւ որ ինքը մեր տանը բնակվում է ժամանակավոր, բոլորիս թույլատրությամբ:

Մ.Գ.-ն դիմեց դատարան, որպեսզի վաղեմության ուժով ճանաչվի մեր տան միակ սեփականատեր: Մ.Գ.-ի դատարան դիմելուց հետո մենք նույնպես հակընդդեմ հայցով դիմեցինք դատարան, որպեսզի Մ.Գ.-ին վտարեն մեր տնից: Սակայն շուրջ երեք տարի ձգձգվող քաղդատարավությունից հետո Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Շահնազարյանը, խախտելով եւ ոտնահարելով թե ՀՀ սահմանադրության, թե քաղօրենսգրքի բազմաթիվ հոդվածներ, կայացրել է արդարադատությանը հակասող եւ ակնհայտ կողմնակալ վճիռ, որը կարդալուց թվում է, թե վճիռը գրվել է հայցվոր Մ.Գ.-ի փաստաբանի կողմից, այլ ոչ թե դատավորի:

Այսինքն, դատավոր Հ. Շահնազարյանը իր կողմից կայացրած անարդար եւ ակնհայտ կողմնակալ վճռով՝ տան օրինական սեփականատերերին եւ Ռոմեն Ղազարյանի օրինական ժառանգներին զրկել է իրենց սեփականությունից եւ օրինական կերպով ստացված ժառանգությունից:

Հարգարժան նախագահ, նշեմ նաեւ այն կարեւոր հանգամանքը, որ ես իմ երկու որդիների եւ նրանց ընտանիքների հետ ութ անձով համատեղ բնակվում ենք նույն տան մեջ: Այնինչ հայցվորն ունի սեփական բնակարաններ եւ այլ անշարժ գույք, որը տվել է վարձակալությամբ եւ մինչ օրս բնակվում է մեր տանը:

Հարգարժան նախագահ, ուստի խնդրում եմ Ձեզ, որպես նաեւ իմ ամուսնու մարտական ընկերոջ, Ձեր անմիջական վերահսկողությունը գործի արդարացի լուծման համար»:

ԼԵՆԱ ԱՎԱԳՅԱՆ

Հ.Գ. «Առավոտի» տեղեկությամբ՝ փետրվարի 8-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում նշանակվել է Ղազարյան ընտանիքի բողոքի քննությունը:

40 էջանոց բողոքում Ղազարյանները պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը: Բացի այդ, վերաքննիչ բողոքին զուգահեռ Ղազարյանները մտադիր են դիմել արդարադատության խորհուրդ՝ դատավորի անարդար վճռի հետ կապված:
Բողոքաբեր կողմը վերաքննիչ դատարանի ուշադրությունն էր հրավիրել տան տիրապետման պատշաճության հիմքերի վրա. «դատարանը ճիշտ չգնահատելով եւ խախտելով ՀՀ քաղօրի 187-րդ հոդված 1-ին կետի պահանջները, աղավաղելով գործի համար էական նշանակություն ունեցող փաստերն ու ապացույցները, կայացրել է վճիռ, որը հակասում է գործող օրենսդրությանը, քանի որ հենց առաջին հերթին Մ.Գ.-ն չհերքեց ու չառարկեց այն կարեւոր հանգամանքը, որ ինքն այդ տանը ժամանակավորապես ապրել է ոչ միայն Ռոմեն Ղազարյանի, այլ նաեւ պատասխանողների թույլտվությամբ, ինչն իր վճռով հաստատել է նաեւ դատարանը:

Մ.Գ.-ն չհերքեց նաեւ այն կարեւոր հանգամանքը, որ 1998 թվականին պատասխանող Վահե Ղազարյանը (որդին-խմբ) գնացել է վիճելի բնակարան, Մ.Գ.-ն Վահե Ղազարյանի պահանջով բերել եւ նրան է հանձնել վիճելի տան սեփականությանը վերաբերող բոլոր փաստաթղթերի բնօրինակները, քաջ գիտակցելով, որ ինչպես Վահե Ղազարյանը, այնպես էլ մյուս պատասխանողները նույնպես հանդիսանում են այդ տան սեփականատերերը, քանի որ քաջատեղյակ է եղել այդ բոլոր փաստաթղթերի բովանդակությունից»: Ի դեպ, դատարանը իր վճռով հաստատված հանգամանք է համարել, որ այդ տան սեփականությանը վերաբերող բոլոր փաստաթղթերի բնօրինակները գտնվել են վիճելի հասցեում: Իսկ այդ փաստաթղթերի բնօրինակները դատարան էին ներկայացվել Ղազարյան ընտանիքի կողմից:

«Դա հաստատում է այն փաստը, որ պատասխանողները պահանջելով գույքի սեփականության վկայականը եւ մյուս փաստաթղթերը, իրացրել են եւ պաշտպանել իրենց սեփականության իրավունքը: Դատարանն իր վճռում արձանագրել է, որ Ռոմեն Ղազարյանը տասնյոթ տարի գտնվել է արտերկրում, սակայն միտումնավոր անտեսել է, որ նա գտնվել է հետախուզման մեջ, հետեւաբար, հետախուզվողը զրկված է եղել իր իրավունքներն իրացնելուց եւ չէր կարող իր գործողություններով հրաժարվել իր սեփականությունից»,-ասված է բողոքում:

«Առավոտ»

18.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Սա Բուդոն ա , իննսունականների Երեւանի
    բեզպրեդել ու օդիոզ կերպարներից մեկը, մարդկանց ծեծ ու ջարդ,
    ընտրակեղծիքներ, թալան, շինիչ դատավարություններ,,,
    դե դե Աստված կա երկնքում ,,,, ինչպես ասում են: Հիմիկվա ճահճի հիմնադիրներին ( եգորյան, նավասարդյան, տեր հուսիկ, սիրադեղյան, ջհանգիրյան) հեղափոխությունը « խժռեց» իր զավակներին

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031