Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյանը պատասխանում է Սերժ Սարգսյանին` ինչո՞ւ են գները բարձրանում

Հունվար 19,2018 15:00

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը, արձագանքելով հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մտահոգությանը, թե ինչո՞ւ են մեր երկրում գները բարձրանում, գնաճն օբյեկտի՞վ է, թե՞ սուբյեկտիվ, հարցին հարցով է պատասխանում` ինչո՞ւ այլ երկրներում որոշ այդ քայլերը ազդում են այդ երկրի զարգացման վրա, Հայաստանում չեն գործում:

Նրա խոսքով. «Ադամ Սմիթը ժամանակին մի տեսություն է գրել ազատ շուկայական հարաբերությունների մասին, որը բոլոր երկրներում, նույնիսկ դիկտատուրական երկրներում` Հյուսիսային Կորեայում, նախկին Բիրմայում, աշխատում է, իսկ Հայաստանում չի աշխատում: Եթե դու կարողանում ես բացահայտել խորամանկությունը կամ ինչ-որ մեկի սխալը, հանցագործությունը, ապա դա առաջին քայլն է, թե ինչպես դա հետագայում կաշխատի` դա արդեն երկրորդ քայլն է»:

Պարոն Իգիթյանը Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում մասնակցում էր տնտեսական թեմայով քննարկմանը: Նրա խոսքով՝ Հայաստանում տեսնում ենք, որ անտրամաբանական ձեւով աճում են որոշ ապրանքների գները. «Պարզ է, որ գյուղատնտեսության մեջ հնարավոր չէ ճկուն, օպերատիվ ձեւով, ներդրումների միջոցով միանգամից արտադրություն սկսել, որոշ ոլորտներում` մսագործության եւ այլն, դա պահանջում է 2-5 տարի: Բայց հիմա աշխարհը բաց է, ինչպես ասում է Ադամ Սմիթը` եթե պահանջարկը կա, ուրեմն առաջարկը միշտ էլ կգտնվի»:

Հովհաննես Իգիթյանն օրինակ բերելով կարագի աննախադեպ թանկացումը՝ ասաց. «Որ ասում են` ամբողջ աշխարհում է թանկացել, ասեմ` վերջերս Ֆրանսիայում էի, եւ Նից քաղաքի ամենաթանկ խանութում կարագն ընդամենը երկու ցենտով էր թանկացել: Ֆրանսիայում նվազագույն աշխատավարձը համարվում է 1500 եվրոն, եւ մարդը կարող է 1000 տուփ կարագ գնել այդ գումարով: Ինտերնետում որոնում բաժնում գրեք կարագ-Ուկրաինա-մեծածախ, կտեսնեք, որ երկու եվրո արժե այդ կարագը: Ինչո՞ւ Հայաստան չի գալիս այդ կարագը»,- հարցնում է պարոն Իգիթյանը. «Այդ հարցի պատասխանը Սերժ Սարգսյանը չգիտի՞. եթե չգիտի՝ ասենք, բացի այն, որ կան ներկրման համար որոշ մենաշնորհներ եւ ադմինիստրատիվ եւ այլ օրենսդրական օբյեկտիվ եւ սուբյեկտիվ սահմանափակումներ եւ խոչընդոտներ, կա նաեւ մի բան, որի մասին Հայաստանում չեն խոսում: Դա նաեւ սպառման մենաշնորհն է: Պատկերացրեք` մենք հիմա 3-4 հոգով ֆինանսներ ներդնենք, Ուկրաինայից մի 100 տոննա կարագ բերենք: Բերեցինք, նույնիսկ հաշվի առնելով մեր կապերը, հնարավորությունները եւ ձեր` լրագրողների օգնությամբ սահմանն առանց խոչընդոտների անցանք, ի՞նչ ենք անելու այդ 100 տոննա կարագը:

Այսինքն` պետք է գնանք «Սիթի»-ին խնդրենք, ՍԱՍ-ին խնդրենք եւ այլն: Պարզ չէ՞, որ նրանք մեզնից չեն վերցնելու, որովհետեւ նրանք այդ ալիքները վաղուց ունեն, որովհետեւ այդ հանգամանքը, որ օրինակ` Ռուսաստանում արժե 200 ռուբլի, մոտ երեք եվրո, ինչու Ռուսաստանից նրանք երեք եվրոյով բերում են, իսկ Հայաստանում ութ եվրոյով են վաճառում: Մեկ կիլոգրամի փոխադրման ծախսն ամենաշատը 10 ցենտ է ստացվում: Այս հարցերի պատասխանը մենք գիտենք, եթե չգիտեն, թող մամուլով կարդան: Եթե ասում են` Հայաստանում կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, թող նայեն այդ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները»:

Նրա խոսքով՝ Ադամ Սմիթին շատ քննադատողներ են լինում` ասելով, որ նրա տեսությունը հաշվի չի առնում սոցիալական խնդիրները եւ արտաքին ազդեցությունը, սակայն հետագայում պարզվեց, որ սոցիալական մասը լուծում են տարբեր հիմնադրամներով, ապահովագրական ինստիտուտներով կամ քաղաքական կուսակցություններով. «Կուսակցություններ կան, որտեղ ամեն կուսակցություն ներկայացնում է տարբեր ոլորտների շահ, հիմնականում այդ ոլորտները լինում են սոցիալական բնույթի: Օրինակ` ինչու սոցիալիստները Ֆրանսիայում միջին եւ ցածր սոցիալիստներին են ընտրում, միջին եւ բարձր լիբերալ-դեմոկրատական եւ այլն: Եվ սրանով պառլամենտում, թե հասարակության մեջ կա մի խումբ, որը լուծում է այդ հարցը: Այդ հարցն անընդհատ բարձրացնում են Հայաստանում: Պատճառներից մեկը, եթե Սերժ Սարգսյանը չգիտի, ասում եմ` որովհետեւ իշխող կուսակցությունը ընտրվում է՝ անկախ նրանից` օրինական ճանապարհով, թե կեղծիքներով, բայց ընտրվում է հիմնականում աղքատների միջոցով, բայց ընտրվելուց հետո հիմնականում սպասարկում է հարուստների շահերը: Առաջինը պետք է կոռուպցիայի մասին չխոսենք, կոռուպցիան Հայաստանում շատ հեշտ լուծվող հարց է, Հայաստանում պետք է բիզնեսը տարանջատվի պետական հնարավորություններից»:

Պատճառներից մեկն էլ, ըստ պարոն Իգիթյանի, այն է, որ կառավարությունում աշխատում են բիզնես կազմակերպություններից եկած մարդիկ, եւ նրանք նայում են միկրոէկոնոմիկայի մակարդակով. «Այսինքն` իրենց համար բյուջե լցնելը հիմնական նպատակն է: Պետական գործիչը միայն բյուջեի մասին չի մտածում, որովհետեւ պետական գործչի համար կա նաեւ սոցիալական խնդիրների, դեմոգրաֆիայի, մշակութային ու նաեւ զարգացման խնդիր»:
Հովհաննես Իգիթյանը նաեւ խնդիր է համարում, որ մեր երկրում բյուջեն լցնում են հիմնականում անուղղակի հարկերով ու հույսը դրել են դրա վրա. «Մեզ մոտ երկար ժամանակ ավելացված արժեքի հարկը եղել է 50-60 տոկոս: Երկրներ են եղել, որ 20 տոկոսից դա իջեցրել են 13 տոկոս, եւ հաշվարկել են, որ 7 տոկոսով իջեցնելով անուղղակի հարկը՝ յոթ տոկոսից նրանք ստացել են ավելի՝ գումարած մուլտիպլիկատիվ էֆեկտով զարգացրել են տնտեսությունը: Եկեք ԱԱՀ-ն սարքենք ոչ թե 20, այլ 30 տոկոս, եւ մուտքային մասի 50-60 տոկոսը կդառնա 60-70 տոկոս, ի՞նչ վատ է, բյուջեն կավելանա, բայց միանգամից խեղճանում է բնակչությունը, եւ այդ ազատ գումարը, որը կարող է զարգացնել պետությունը, միանգամից նվազում է»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

18.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031