Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու հիշեցի Ռոբսոնին

Հունվար 19,2018 10:14

Սոչիում ապրող գործարար  Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոնի) մասին ես առաջին անգամ կարդացի անցած տարի, երբ լուր տարածվեց, որ նրան ձերբակալել են Պրահայում «օրենքով գողերի» հավաքի ժամանակ: Հետո այդ լուրը հերքվեց, բայց, բնականաբար, հայաստանցի լրագրողները սկսեցին հետաքրքրվել այդ անձնավորությամբ: Google-ի որոնողական համակարգը բերում է տեղեկություններ, որտեղ Թաթուլյանին անվանում են «քրեական հեղինակություն», «Դեդ Հասանի նշանակած», նրա անունը կապում են այն երեւույթների հետ, որոնք ռուսերեն կոչվում են «նայեզդ» եւ «ռազբորկա»: Բացի այդ, Թաթուլյանն ընկավ ամերիկյան պատժամիջոցների տակ, ինչն ինքնին մարդուն վատ չի բնութագրում, պարզապես եւս մի մանրամասն է այդ գործչի դիմանկարում:

Անձամբ ինձ համար չափանիշ են ոչ այնքան հրապարակումները՝ ի վերջո հնարավոր է մոգոնել ցանկացած տեղեկատվություն, «թխել» ցանկացած հոդված: Ինձ համար չափանիշ է այն, թե ինչպես, ինչպիսի բառապաշարով է մարդը ձեւակերպում իր մտքերը, ինչպես է նա խոսում իր մասին: Այդ նպատակով դիտեցի նրա հարցազրույցը «Բլոգ Սոչիին»: Նախ՝ աչքի է զարնում Ռոբսոնի տան ներքին հարդարանքը՝ ոսկեզօծ «թագավորական» աթոռներով, որոնք ճաշակի եւ «չտեսության» մակարդակի հստակ ցուցիչներ են: Իսկ խոսքը… Դե պատկերացրեք, որ մեր գործարար պատգամավորները կամ գեներալները խոսեին ռուսերեն եւ պատմեին բացառապես այն մասին, թե նրանք «ինշշշ տղերք են»: Եթե պատկերացրեցիք, ապա կհասկանաք, թե ինչ է իրենից ներկայացնում Թաթուլյանն իր մտահորիզոնով եւ աշխարհընկալմամբ:

Բայց, ի վերջո, եթե մարդը «գողական» է, «բլատնոյ» է, ապրում է ռուսաստանյան բիզնեսի «տայգայի» օրենքներով, դա իր եւ իր համաքաղաքացիների գործն է: Մեզ դա հետաքրքրում էր այնքանով, որ այդ անձնավորությունն իր «սեւ ջիպավոր» շքախմբով «ֆռֆռում էր» հայաստանյան դիվանագիտական համարներով, որովհետեւ, պարզվում է՝ Հայաստանի արտգործնախարարի խորհրդականն էր: Թե ինչ խորհուրդներ էր Ռոբսոնը տալիս Էդվարդ Նալբանդյանին՝ կդժվարանամ ասել, բայց պարզ է, որ այդ նախարարությունը, ինչպես նաեւ բոլոր մնացած պետական գերատեսչությունները պետք է ավելի բծախնդիր լինեն խորհրդականներ նշանակելիս, որպեսզի նման մարդիկ մեր պետությունը չվարկաբեկեն՝ առավել եւս Հայաստանի սահմաններից դուրս: Մեզ մեր պատգամավորներն ու գեներալները լիուլի հերիք են:

…Այս օրերին քննարկվում էր Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածությունը (չնայած ամեն ինչ արդեն իսկ պարզ է): Իսկ ես հիշեցի Ռոբսոնին, որովհետեւ հայաստանյան «վերնախավը» հիմնականում այդպիսի «ռոբսոններից» է կազմված: Գուցե նախագահի ընտրությունը ազդարարի այդ վերնախավի փոփոխությո՞ւնը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ներողություն, բայց հոդվածի լբառապաշարը պակաս գողական չստացվեց, քան՝ հոդվածի հերոսի կերպարը։ Իսկ ինչ վերաբերվում է նրա տված հարցազրույցին, ապա այն ադեկվատ էր տրված հարցերին, որովհետև երբ քեզանից հարցնում են քո ամենաթանկարժեք իրի մասին, ծիծաղելի է փորձել պատասխանել այդ հարցին գիտական բառապաշարով, նույնիսկ եթե ինքդ գիտնական ես։

  2. gib.gibindus says:

    Ռուբեն Թաթուլյան:

  3. Լավատես says:

    Հայերի հզոր տարաձայնությունները մարտավարական հարցերում ու հզոր միաձայնությունը ռազմավարական հարցերում՝ հայերի ապագա հաղթանակների երաշխիքն է: Թշնամին մեզ հաղթելու համար փորձում է խթանել մարտավարական տարաձայնությունները՝ էս հայը լավն է, իսկ էս մեկը՝ վատն է եւ միաժամանակ ամեն կերպ խոչընդոտում ռազմավարական հարցերի քննարկումն ու միաձայնության գալու հնարավորությունը: Պետության ռազմավարությունը՝ դա ազգային գաղափարախոսությունն է, որի շուրջ ողջ հայությունը միաձայն է, միակամ ու պատրաստ այն իրագործելու՝ օգտագործելով լավագույն մարտավարությունը առաջարկվող մեծաքանակ տարբերակներից: Եթե մենք մնանք միայն մարտավարական խնդիրներ լուծելու մակարդակին, մենք կմնանք այլ ազգերի գաղութը, ինչպիսին ենք հիմա: Մտածող հայերը թող առաջարկեն ազգային գաղափարներ, որոնք բոլոր հայերի կողմից կընդունվեն միաձայն:

  4. Ալֆրեդ says:

    Չէմ կարծում թե տանը ոսկեզոծ իրեր ունենալը չտեսության նշան է։կամ էլ մեծ տուն ունենալը։Բիլ Գեյթսը ապրում է 38 ննջարանով տանը

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031