Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը ներկայացրեց ֆրանսիական երաժշտություն Խաչատրյանի տանը

Հունվար 19,2018 16:35

Հունվարի 18-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հյուրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակն էր՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ) կազմով։ Նրանց էին միացել նաև դաշնակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանը և հոբոյահար Տիգրան Վարդանյանը։ Քառյակի երաժիշտները հանդես էին գալիս տարբեր անսամբլային կազմերով՝ դուետ, տրիո։ Երեկոյի ընթացքում հնչեցին ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի կամերային ստեղծագործությունները՝ սոնատ կլարնետի և ֆագոտի համար, սոնատ ֆլեյտայի և դաշնամուրի համար, դաշնամուրային սոնատ 4 ձեռքի համար, սոնատ կլարնետի և դաշնամուրի համար, տրիո հոբոյի, ֆագոտի և դաշնամուրի համար։
«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» նախաձեռնությունը 5-ամյա պատմություն ունի. մեկնարկել է այն ժամանակ, երբ նշվում էր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը։ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի տեղեկացմամբ՝ նպատակը համերգային ծրագրերը թանգարանային այցելության հետ զուգակցելն է։ Համերգների ընդմիջումների ժամանակ ունկնդիրները հնարավորություն են ունենում շրջել թանգարանի ցուցասրահներում։ Արմինե Գրիգորյանը նկատում է, որ իրենք ձգտում են հանրությանը ներկայացնել որակյալ, թեմատիկ ծրագրեր։

Կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը, անդրադառնալով համերգային ծրագրին, ասաց, որ իրենք մշտապես ներկայացնում են բարձրաճաշակ երաժշտություն, հանրությանը հայտնի կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները, և այս համերգային ծրագիրը բացառություն չէ։ Նա նշեց, որ ինքը և դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը բազմիցս ներկայացրել են Պուլենկի դաշնամուրի և կլարնետի համար գրված սոնատը, ինչը բավականին բուռն արձագանքների է արժանացել։ Եվ քանի որ Պուլենկն ունի ստեղծագործություններ նաև ֆագոտի և ֆլեյտայի համար, միտք առաջացավ «Հարությունյան» քառյակի կազմով ներկայացնել Ֆրանսիս Պուլենկի գործերը։ Նա վստահություն հայտնեց, որ երաժշտասեր հանրությունը կհավանի այդ երաժշտությունը։ Խոսելով «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակի մասին՝ Դավիթ Գյուլամիրյանը նշում է, որ իրենց անսամբլի ապագան տեսնում է գունավոր, ցանկանում և ձգտում են հանդես գալ մեծ բեմերում։ Եվ այդ ճանապարհին գարնանը հյուրախաղեր ունեն Գերմանիայում։ Ի դեպ, քառյակը երկամյա գործունեության ընթացքում արդեն հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում, Չինաստանում, Լիբանանում։

Դաշնակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանը բարձր գնահատեց այն փաստը, որ Հայաստանում ունենք բացառիկ կազմով փայտափողային-դաշնամուրային քառյակ, որը տարբեր երկրներում ներկայացնում է ոչ միայն եվրոպական, հայկական երաժշտություն, այլև հանրահռչակում է մեր հանճարեղ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անունն ու ստեղծագործությունը։ Նա ընդգծեց, որ միշտ հաճելի է ելույթ ունենալ նման հետաքրքիր ու լավ երաժիշտների հետ։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031