Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Վազգեն Սարգսյանի և Արմեն Սարգսյանի միջև. պատմում է Արմեն Զավենի Սարգսյանը. (Տեսանյութ). 168.am

Հունվար 19,2018 21:21

Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու հանգամանքը «թարմացրեց» հիշողություն-քննարկումներն այն մասին, թե ինչպես Արմեն Սարգսյանը 1997 թվականին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից և ինչ հակասություններ նա ուներ այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ։

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի հետ։

– Պարոն Սարգսյան, 1997-ին իրականում ի՞նչ է տեղի ունեցել Վազգեն Սարգսյանի և Արմեն Սարգսյանի միջև։

– Միանշանակ ասեմ, որպեսզի թեման հենց սկզբից փակվի, ապտակի մասին լուրերն ամբողջությամբ հերյուրանք են։ Արմեն Սարգսյանին ճանաչում եմ 1996 թ.-ից, մեզ անձամբ ծանոթացրել է Բաբկեն Արարքցյանը Սևանում։ Եվ իմ ճանաչած օրվանից՝ 1996 թվականից մինչև 1999թ. հոկտեմբերի 25-ը, երկու  Սարգսյանների՝ Վազգենի ու Արմենի միջև եղել են ջերմ, մարդկային, նույնիսկ կասեի՝ եղբայրական հարաբերությունների մեջ։ Դա իմ տեսածն է և, կարծում եմ՝ քիչ չեմ տեսել, նրանց հարաբերությունների, շփումների բազմաթիվ անգամներ ներկա եմ եղել։

Եվ վերջին անգամ, երբ ես Վազգենին տեսել եմ կենդանության օրոք, դա եղել է Արմենի հետ, Արմենի կնոջ, Վաչե Մանուկյանի, նրա կնոջ՝ Թամարի հետ, մեր տանը։ Հոկտեմբեր 24-ի լույս 25-ի գիշերը միասին ջերմ օր ենք անցկացրել, և առավոտյան Վաչեն ու Արմենը մեկնում էին Լոնդոն։ Եվ, իրոք, Վազգենի ու Արմենի հարաբերությունները շատ ջերմ էին, ընտանեկան։ Ես կարող եմ հիշել. 1999թ. այդ օրը ՀՀ-ում առաջին ՏԻՄ ընտրություններն էին, այդ օրն էր։

Նրանք հրաշալի, ջերմ հարաբերություններ են ունեցել։ Իմ տեսած ու լսածն է։ Թե կուլիսներում մարդիկ ինչե՞ր են իրենց համար հորինում, ինչե՞ր են ուզում ակնկալել այդ «ապտակ» եղած-չեղածից, ես նման բան երբևիցե ո՛չ լսել, ո՛չ զգացել եմ, կամ երբևիցե առանձին տեղերում չեմ լսել, որ Վազգենը որևիցե անգամ Արմենից դժգոհ լինի, կամ Արմենի հասցեին որևիցե վատ բառ ասի։ Չկա նման բան, սուտ է, հերյուրանքներ են։

– Այդ դեպքում վարչապետի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը ո՞րն էր։

– Վստահ կարող եմ ասել, որ հրաժարականի միակ պատճառը, կարևորագույնը, ուրիշ պատճառ ես չգիտեմ և չեմ լսել, Արմենի առողջական խնդիրն էր։ Արմենն առողջական խնդիր ուներ, որի համար Վազգենը շատ ծանր էր տանում, և բազմիցս լսել եմ, որ նա միշտ խոսել է՝ Աստված Արմենին առողջություն տա, Արմենը մեզ դեռ շատ է պետք, Արմենը կարգին մարդ է և Հայաստան երկրին շատ է պետք։ Գիտեմ, որ նաև Վազգենի հորդորով Արմենը մեկնեց Լոնդոն՝ հատուկ բուժման, որովհետև իսկապես, փառք Աստծո, որ Արմենն այսօր առողջ է, Աստված տա երկար տարիների կյանք, ու առողջ լինի միշտ, ես գիտեմ, որ Արմենի հրաժարականի միակ պատճառը եղել է իր առողջական խնդիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «168.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    Կասկածանքներին և ստահոդ պատմություններին վերջ տալու միակ ուղին տեսնում եմ հետևյալում ։ Լա՜վ էլ ընդունված է հրապարակել թեկնածույի ոչ միայն հարստության վերաբերյալ տեղեկատվություն , այլև նրա առողջական պատմության մասին ստույգ փաստեր։ Վկան՝ ներկայիս ԱՄՆ-ի Նախագահի մասին հաճախակի գրվող առողջական վիճակը ներկայացնող բժշկական փաստաթղթերը ։ Նրանցում ներկայացվում են սկսած լաբորատոր քննություններից մինչև առաջարկվող դեղամիջոցները ։ Արմեն Սարգսյանի ախտորոշումը պետական գաղտնիք է՞։ Գրե՛ք և փարատեք մարդկանց , որ հաջորդ Նախագահը ներկայիս նախագահից էլ առողջ է։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031