Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսիկ Արան Հայաստանը թերմացք է անվանել, կապել կղանքի հետ

Հունվար 20,2018 18:30

Հուսիկ Արան բանաստեղծություն է գրել ու մեր երկիրը որակել արևելյան թերմացք, որը «նեխելու է կեղծիքի մեջ ու ստի, կեղտից-կեղտ սողալու է ճապաղ ու չի բարձրանա իր կղանքից վեր»։

Հայաստան եւ կղանք, ահա այսպիսի զուգահեռ: Ինչ խոսք, տպավորիչ է…Բայց չմոռանանք, որ ինչպիսին մարդն է, այնպիսին էլ իր մտքերն են, ու յուրաքանչյուրն աշխարհն ընկալում է իր արժեհամակարգին համապատասխան: Հիմա Հուսիկ Արայի համար էլ այդպիսին է Հայաստանը` «անսպիտակեղեն, մնալու է ցեխին տապկած` թևերի տակ սարդոստայն ու ոչ մի թռչող երազ»:

Ընդ որում,  Հուսիկ Արան «արեւելյան թերմացքից» գրական մրցանակներ է ստացել, կարծեմ նյութական ակնկալիքներ էլ ունի, «թերմացքի» գրողների միության անդամ է, եւ այլն, եւ այլն… Ի՞նչ կարող ես անել, այսօր ամենահեշտը երկիրը հայհոյելն է, դա նաեւ մոդայիկ է, կարող ես սոցցանցում  նույնիսկ «սրտիկներ» ու  «հավանումներ» ստանալ  թունոտ բառակույտ «ծնելու» համար, այդպիսով շոյելով եսդ ու տարբեր տրամաչափի հավակնություններդ:

Այո, Հայաստանում շատ բան  իդեալական չէ, այստեղ կոռուպցիա կա, կեղծված ընտրություններ, քրեաօլիգարխիկ համակարգ, մեր երկրում քրեական հեղինակությունը կարող է նույնիսկ արտգործնախարարի խորհրդական լինել, հազար ու մի խնդիր ունենք, առասպելական չափերի հասնող պետական պարտք, բայց դա պատճառ չէ հայրենիք հայհոյելու համար: Վանո Սիրադեղյանն իզուր չէր ասում, որ Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի…

Գուցե Հուսիկ Արան Հայաստանը հայհոյելու պահին հարբած է եղել, դեպրեսիվ, մուսայի գերդոզավորում է ունեցել, բայց ամեն հարբող Չարենց չէ, ոչ էլ ամեն հայհոյող` Բուկովսկի: Հայաստանի մասին նման կերպ արտահայտվելը համարժեք է ծնողներին հայհոյելուն, զավակին տգեղ ու անբարո անվանելուն: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ոմանք գուցե այդ բառադասավորությունը պոեզիայի գագաթ անվանեն:

Գիտեմ, որ մեր դասականները երբեք չեն վարկաբեկել Հայաստանը, իսկ Թումանյանն այնքան լավատես է եղել, որ hավատացել է՝ «Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով,/ Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով…»:

Չնայած, ի՞նչ իմանար խեղճ լոռեցին, որ արարատցի Ֆելիքսը՝ Հուսիկ Արան, իրենից տարբեր է մտածելու…

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Սամվել Խալաթյան says:

    Հուսիկ Արային.
    Հարգելի բարեկամ, գրվածքդ կարդալուց հետո ակամա միտս եկան հայ (և ոչ միայն) բանաստեղծների հայրենիքի մասին գրած բանաստեղծություններ, և այդ շարքում դրեցի նաև քո գրածը… Անկեղծորեն, քո պոեզիային անտարբեր չեմ եղել, սակայն, սա… Իմ խորհուրդը, եթե, իհարկե, կընդունես՝ գրածդ թարգմանել տուր ազերիների, թուրքերի լեզվով, նախ՝ ավելի լավ կհնչի և, երկրորդ, չի բացառվում, որ քեզ մրցանակ տան և այդ մանաթներով գնիր քեզ պակասող սննդամթերքներ, որոնք նշված են այս հղման տակ՝ https://www.med-practic.com/arm/341/19112/%D5%8D%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4%20%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D5%B2%D5%AB%20%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80/article.more.html: Ի դեպ, այդ նույն հոդվածում մեջբերված է նաև անգլիացի հայտնի գերոնտոլոգ Ջուստին Գլասսի խոսքը՝. «Մարդը մահանում է, որովհետև վատ է մտածում»:

  2. Karen says:

    վանոն դառել ա ձեր համար Սոլժենիցին, սովորական ընտրակեղծարար ու կաշաառակեր ա էլի,,,,վերջ տվեք ամոթ ա հիշողները կան հլը

  3. Artur Lazarian says:

    Նեղսրտել էք, հա՞: Որովհետեւ համարձակութիւն չունէք խոստովանելու, որ անկախ պետութիւն կերտելու ճանապարհին չէք յաջողել:

    Կը դառնայ Հայաստանը քաղաքակիրթ երկիր, թէ ոչ՝ այլ հարց է: Այն առայժմ ձախողուած պետութիւն է, որտեղ խորը գաղափարական ճգնաժամ կայ եւ այս ամենում իշխանութիւնները մեղք չունեն:

    Մեղքը ձերն է՝ հայ ժողովրդինը, որը ժամանակից յետ է մնացել եւ իր մտածելակերպով ու հոգեկերտուածքով համատեղելի չէ 21-րդ դարի հետ շատ ու շատ երեւոյթների հետ:

    Յուսիկ Արային դատափետելուց առաջ թուարկէք, թէ ինչ նշանակալի ձեռքբերումներ ունէք քառորդ դար անց:

    21-րդ դարի ձեր կինոթատրոններում դեռ ֆիլմեր են արգելում: Ասում են՝ «Նիմֆոմանուհին» հայեցի չէր: Իսկ ո՞րն է հայեցին.

    1. ձեր լաւագոյն կինոն «Սուպեր Մաման» է,
    2. երգարուեստի թագուպսակը Արմէնչիկը,
    3. լաւագոյն բանաստեղծը պալատական ‘սազանդար’ Էդուարդ Միլիտոնեանները,
    4. ազգի բարոյական չափանիշներ սահմանողը Սեյրան Սարոյեանը:
    5. ձեր համալսարանաւարտների մի ստուած զանգուած լաւագոյն դէպքում քարտուղարուհի կամ մատնայարդար է դառնում: Գիտական լաւագոյն կադրերն անխտիր հեռանում են երկրից:
    6. 30 տարի շարունակ մէկ միլիոն երեւանցի շախմատի ձի դարձած է իջնում է երթուղայինից:
    7. մարդիկ տարին 12 ամիս սոված զկռտում են, իսկ դեկտեմբերին վարկ են վերցնում, որ Ամանոր նշեն:
    8. ազգի մեծ մասը լատինատառ ու կիւրեղատառ է գրում:
    9. մի կին իր սեւամորթ ամուսնու ու երեխայի հետ նկարուեց, երկրագունդը քիչ էր մնում պոկուի իր առանցքից: «Հայու գենի» անդորրը խանգարուել էր:
    10. «Հայ գենը» խրտնել էր նաեւ գարդասիլից: «Ջհուդներն ու մասոոնները» նոր թակարդ էին լարել ձեր դէմ:
    11. դէ թուրքերի մասին էլ չասեմ:

    Այս թիւրիմացութիւնների ցանկը ես ժամերով կարող եմ շարունակել: Սրանցից ամէն մէկը մի վիթխարի ողբերգութիւն է՝ թէ՛ ազգի, եւ թէ՛ պետութեան տեսանկիւնից:

    Բայց այս ամէնը հայ հասարակութիւնը տարիներ շարունակ ԽՈՆԱՐՀԱԲԱՐ հանդուրժում է, մինչդեռ «արեւելեան թերմացքից» իրեն պատէպատ է տալիս: Սա՞ է ձեր հայրենասիրութիւնը: Եթէ այո, ապա ցաւակցում եմ ձեզ:

    ***

    Ոչ մէկին բնաւ հաճելի չէ Յուսիկ Արայի բառերը, բայց դա՛ է իրականութիւնը, որից չես կարող փախչել: Այն պէտք է ընդունել սառնասրտօրէն՝ որպէս ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐ եւ լուծել խնդիրը:

    ***
    (հումոր)
    Մի որդ մօր ձեռքը բռնած գնում է ցեխերի միջով: Յանկարծ գլուխը բարձրացնում է եւ վերեւում տեսնում դեղին, պայծառ շրջանակ:
    -Մայրիկ, մայրիկ, դա ինչ է:
    -Որդիս, դա արեւն է, որ լոյս ու ջերմութիւն է տալիս բոլորիս: Արեւը շատ լաւ բան է:
    -Իսկ եթէ արեւը լաւ բան է, ինչո՞ւ չենք գնում այնտեղ: Ինչո՞ւ ենք այս գորշ ցեխերի մէջ ապրում:
    -Սիրելիս, որովհետեւ սա մեր հայրենիքն է:
    🙂

  4. Մարգար Մախսուդյան says:

    — Տեսե՛ք, ժողովուրդը մեզ հետ է:
    Դե եկեք, ու ջոկեցեք իսկականը կեղծիքից: Եվ ո՞վ պիտր ջոկի, ե՞րբ, ո՞ր մի տեղը…
    Կեղծի՛ք ու խաչագողություն՝ ամեն օր, ամեն տեղ, ամեն տեսակի:
    Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես…
    Հովհաննես Թումանյան
    https://www.eanc.net/EANC/library/Fiction/Original/Tumanyan_Hovhannes/Essays_4.htm?page=3&interface_language=en

  5. Հարգելի պրն Լազարյան, արդյոք ինչ որ խմբակի գործողությունները եւ նախասիրությունները չեք վերագրում ողջ ժողովրդին: Յուրաքանչյուր ընդհանրացնող գնահատական, դատողություն սխալ է, իմ կարծիքով:

  6. Սամվել Խալաթյան says:

    Հայրենիքը սոսկ 25 տարվա Հայաստանը չէ, պարոն Լազարյան, որի ընթացում, ցավոք՝ դեռ այսօր էլ, ամեն մի այլանդակություն տեղ է գտել: Մեր հայրենիքը շուրջ 5000 տարվա Հայքն է՝ իր Արամազդով, Հայկ Նահապետով, Մաշտոցով ու Նարեկով, Խորենացիով ու Քուչակով, Շիրակացիով ու Համբարձումյանով, Թումանյանով ու Չարենցով, Բաղրամյանով ու Նժդեհով, Խաչատրյանով ու Կոմիտասով… Ո՞ր մեկը թվես: Ահա, այս հայրենիք-երկիրը և թվարկված-չթվարկված մեր մեծերը, մեր ազգային սրբությունները ,,արևելյան թերմացք,, չեն եղել և՝ չեն: Այսպիսի և է՛լ ավելի վատ ժամանակներ ապրել է մեր ժողովուրդը, հաղթահարել է: Սա էլ կհաղթահարենք: Ամենավատ իրադրություններում մեր և ոչ մի բանաստեղծ չի ասել՝ որ ,,երկիրը չի բարձրանա իր կղանքից վեր,,… Բանաստեղծի այդպիսի ,,մարգարեությունն,, ավելի կործանարար է, քան թալանչիների կլանի գործունեությունը: Որովհետև բանաստեղծը ազգի ոգու կերտողն է: Սրա մասին է խոսքը: Եթե Հուսիկ Արան չլիներ ընդունված հայ բանաստեղծ, այլ՝ մի թուրքի լամուկ, այսքան ուշադրության չէինք արժանացնի: Բայց ցավ ենք զգում նաև հենց իր համար, որ այսօրվա դառնությունները մեր բանաստեղծին հասցրել են մի վիճակի, որ նա իր Հայրենիքին կղանքախոսք անպատվում է՝ ինչպես մի լամուկ: Այնինչ, բանասեղծը, ճշմարիտ բանասեղծը այդ աստիճանի իջնելու բարոյական իրավունքը չունի: Սա է խնդիրը:

    • Artur Lazarian says:

      Յարգելի պարոն Խալաթեան, լիովին հասկանալի է ձեր տեսակէտը, բայց ես սկզբունքային անհամաձայնութիւն ունեմ այս հարցում:

      Ոչ ոք (այդ թւում՝ Յուսիկ Արան) կասկածի տակ չի դնում Հայկի, Խորենացու ու Կոմիտասի մեծութիւնը:
      Գրում էք, թէ «… է՛լ ավելի վատ ժամանակներ ապրել է մեր ժողովուրդը, հաղթահարել է: Սա էլ կհաղթահարենք»:

      Ի՞նչը կը յաղթահարէք… Հարիւրաւոր, եթէ ոչ հազարաւոր տարիներ նոյն ընչազուրկ, թշուառ ազգն ենք: Եւ հիմա, երբ դարեր անց վերականգնել ենք պետականութիւնը ու մէջքներս ուղղելու հնարաւորութիւն ունենք, հզօր պետութիւն կերտելու ճանապարհին աններելի սխալներ ենք գործում:
      Միգուցէ կ’ասէք՝ 25 տարին բաւարար ժամանակ չէ ամուր եւ կայացած պետութիւն ունենալու համար: Մասամբ համաձայն եմ, բայց եւ եկէք աչք չփակենք ու ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ասենք, որ ճիշտ ճանապարհով չենք գնում:

      Պետութիւնների կայունութեան չափանիշներ կան, դրանից ոչ մէկը մեզ համար յուսադրող չէ: Մեր երկիրը կանգնած է պետականակործան խնդիրների առաջ՝ տնտեսութիւն, պատերազմական վիճակ, փակ սահմաններ, կաշառակերութիւն, ժողովրդագրական վիճակ (արտագաղթ եւ ծնելիութիւն): Շատ մարդիկ ինձ հակադարձում են, թէ «պետականակործան» եզրը չափազանցութիւն է: Շատ բարի, դա իրենց կարծիքն է եւ ես այն յարգում եմ: Բայց ես վստահ եմ նաեւ, որ պետականութիւնը կորցնելուց յետոյ, երկրորդ հնարաւորութիւն չի լինելու. կամ եղածը պահում ենք, կամ լքում ենք պատմութեան թատերաբեմը:

      Հիմա կայ մի գրող, որը ուսեալ, կիրթ մարդ է (այսինքն՝ պատահական, չմտածուած բաներ չի ասում) եւ նա չի ուզում աչք փակել այս ամէնի վրայ: Իր գրածն իրեն էլ հաճելի չէ, բայց նա ընտրել է իր բողոքն արտայայտելու, ահազանգելու այդ տարբերակը եւ դա ողջունելի է:

      Ողջունելի է այնքանով, որ նա տարբերւում է միւս «գրողներից», որոնց մեծ մասը պալատական ‘սազանդարներ’ են:

      Պատահական չէր, որ ես իմ առաջին մեկնաբանութիւնում նշել էի, թէ գրականութիւն եւ կինեմատոգրաֆիա չունենք:

      Զարգացած հասարակութիւններում (այս պահին ֆրանսիականը միտքս եկաւ) կինոն եւ գրականութիւնը հզօր շարժիչ ուժեր են: Ո՞ւր է անկախ Հայաստանի կինոն կամ գրականութիւնը: Չկա՛յ, ԶՐՈ է, որովհետեւ երկրի բանաստեղծը պալատական է, իսկ կինոնկարները գրաքննութիւն են անցնում:
      Հայ հասարակութեան միտքը ԿԱՂԱՊԱՐՈՒԱԾ է, ազատ մտածելակերպը չի խրախուսւում եւ մենք տեսնում ենք դրա կործանարար հետեւանքները. մի հասարակութիւնում, որտեղ ստեղծագործական միտքն ազատ չէ եւ չկայ բնական մրցակցութիւն, այդ հասարակութիւնը ԵՐԲԵՔ յաջողութիւն չի ունենալու:

      ԱՄՆ-ն աշխարհի ամենահզօր երկիրն է այն պատճառով, որ այդ երկրում հասարակական միտքն ազատ եւ մրցակցութիւն կայ. ազատ միտքը ‘ծնում է’ բազմաթիւ գաղափարներ, իսկ մրցակցութիւնն ‘ընտրում է’ դրանցից լաւագոյնները (դասական էվոլյուցիոն տեսութիւն): Հայաստանում այդպէս չէ. բոլորը պարտաւոր են հայհոյել թուրքերին ու գովերգել Մասիս սարը:

      Յուսիկ Արան փոքր ինչ այլ կերպ մտածեց եւ հիմա փորձում են «օձը բնում խեղդել»: 🙂

Պատասխանել Artur Lazarian

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031