Լրահոս
Օրվա լրահոսը

Խոհեմության պակաս. բոշությունից մինչև լեշակերություն

Հունվար 22,2018 10:41

Հայն ամեն ինչի պատրաստ է հանուն զինվորի, և դրանում որևէ մեկին համոզելու կարիք չկա: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին աշխարհասփյուռ հայության համախմբումը դրա վառ ապացույցն էր: Այդ օրերին վերահաստատվեց անհերքելի մի ճշմարտություն՝ բանակը մեր «խոցելի տեղն է». զինվորին վերաբերող ցանկացած հարց, կապված նրա առողջության ու ապաքինման հետ, հուզում է ամենքիս: Այդ հարցերը, հրատապությունից ելնելով, այսօր շրջանցել են երկրում առկա բոլոր խնդիրները:

Օրեր առաջ նախարար Վիգեն Սարգսյանի արած կոչը յուրաքանչյուրը յուրովի ընդունեց: Թվում է՝ արտառոց ոչինչ չկար նրա խոսքում: Բայց թվում է միայն…

Բանակը երիտասարդի ֆիզիկական ու մտավոր ներուժը ծառայեցնում իր կառույցի կայացմանը: Երբ խաղաղ պայմաններում կամ ռազմական գործողությունների ժամանակ զինվորը վիրավորվում է, պետությունը շատ դեպքերում հրաժարվում է նրա արտերկրյա բուժման ծախսերը հոգալուց: Անգիր են արել «փող չկա»-ն: Դա քիչ է, հիմա էլ տարբերություն են դնում Ապրիլյան պատերազմի կամ «խաղաղ» պայմաններում վիրավորված զինվորների միջև: Մի հիմնադրամից մեկ այլ հիմնադրամ գումար չեն փոխանցում, պատճառաբանելով, թե օրենքը թույլ չի տալիս: Հեքիաթասաց եք դարձել. մի՞թե օրենքին ուժ տվողն ու չտվողը դուք չեք:

Նախարարի կոչը, եթե ուղղվեր վիրավոր զինվորների օգնության համար առկա հիմնադրամների ֆինանսավորելուն, գուցե, ընդունելի լիներ: Սա կոպիտ սխալ էր Ազգային անվտանգության տեսակետից. Պաշտպանության նախարարն անձամբ է հայտարարում է, որ երկիրը ծայրաստիճան աղքատ է, այնքան, որ մի զինվորի վիրահատության գումար չունի: Իսկանդեր-Մ համակարգն ունենալու հարցը արդյոք կասկածի տակ չի՞ դրվում. մի՞թե ֆինանսապես աղքատ մեր երկիրը այդպիսի շռայլություն կարող էր թույլ տալ:

Հայաստանի տնտեսության վիճակն իր արտացոլումն է գտել նաև Ազգային բանակում, ուր խնդիրները բազմաթիվ են, դրանք թաքցնելն անհնար է, սակայն նայած թե ո՞վ և որտե՞ղ է այդ մասին բարձրաձայնում: Վիգեն Սարգսյանը փորձառու դիվանագետ չէ, նրա թիմում էլ չկան այդպիսիք: Ի լրումն՝ օրեր առաջ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը հայտարարեց՝ «բանակում ի՞նչ կար, որ գողանան»: Իրավացի է, բանակում ի՞նչ է մնացել, եղածը թալանել ու ծախսել են դղյակաշինության ու օտարերկրյա անշարժ գույքի իրենց բիզնեսների զարգացման համար:

Չի բացառվում, որ նախարարը վիրավոր զինվորին օգնելու քայլին գնաց զուտ խղճի խայթից ելնելով, իսկ եթե PR-ի համար էր, ապա սխալ հաշվարկ էր: Գաղափարի հեղինակը լինելով, նա կարող էր մեծահոգաբար ստվերում մնալ: Նրա խիղճը պակաս հանգիստ չէր լինի, եթե այդ կոչով հանդես գար Արցախյան ազատամարտի մասնակից մի հայորդի, որը վայելում է ժողովրդի սերն ու հարգանքը: Համոզված եմ, ոչ թե մեկ այլ մի քանի տասնյակ զինվորի արտերկրում վիրահատության ու բուժման գումար կհանգանակվեր: Ցավոք, այդպիսիք քիչ չեն:

Դիվանագիտական խոհեմություն էր հարկավոր, որ գործը նախարարի մակարդակով չհասներ «բոշության» փոխադարձ վիրավորանքի կամ էլ ԱԺ-ի արվեստագետ պատգամավորին մխիթարելու պաշտպանական խոսքում «լեշակեր» չանվանեին սեփական ժողովրդին:

«Լավություն անելիս այնպես արա, որ ձախ ձեռքդ չիմանա, թե աջն ինչ է անում» (Մատթ. 6.3):

Արդեն 6 տարի հաշմանդամ նախկին զինծառայող խաղաղապահ Դավիթ Հակոբյանը նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի ուշադրությանն արժանանալու համար կեղծ ահազանգ էր հնչեցրել, որի համար դատապարտվել էր 1,5 տարի ազատազրկման: Ս. Օհանյանից խաբված Դավիթ Հակոբյանի ու ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հանդիպումն այսօր էլ կարծես մոլորակների հանդիպում լինի:

Եթե չեք օգնելու, գոնե մի խաբեք, հույս մի՛ տվեք… Իշխանական էլիտայի ներկայացուցիչները միայն համացանցում են հայրենասեր ու մեկ էլ տոնական սեղանների շուրջ, այն էլ՝ երրորդ բաժակից հետո:

Ալբերտ Դալլաքյանն ու վիրավոր մեր մյուս քաջորդիները կապաքինվեն, քանի որ նրանց հույսը ժողովրդի վրա է…

 Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031