Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձ է արվում միայն քրեական հանցագործության տեսանկյունից ներկայացնել, որ նպատակ է եղել պատանդներ վերցնել, շենք- շինություն զավթել»

Հունվար 22,2018 15:12

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը պնդում է, որ «ծռերի գործով» մոտ ութ ամիս ընթացող դատավարության ընթացքում արդարադատություն չի իրականացվել:

«Ընդամենը գործընթաց է, որ կրում է դատավարություն անունը: Այս ութ ամիսներին օրինականության դաշտում գրեթե որեւէ աշխատանք չենք արել, նման պայմաններում չենք կարող ակնկալել, որ արդյունքում կունենանք արդարադատության անունից կայացված դատական ակտ: Պաշտպանական կողմը մշտապես այս խնդիրն է բարձրաձայնել, մեր պաշտպանյալները որպես ապստամբներ իրենց բողոքի ձայնը բարձրացնելիս ասում էին, որ դա նաեւ բողոքի ձայն էր տիրող անարդարության դեմ, որը տիրում էր ՀՀ-ում: Դատավարությունը պետք է հիմք տար իշխանությանը, որ ապացուցեին, որ նրանք առնվազն այս առումով ճիշտ չեն, բայց այն կանոններով, որ աշխատում ենք դատարանում, հաստատում է մեր պաշտպանյալների դիրքորոշումը, որ երկրում օրենքը չի իշխում, ընթացող գործընթացը հաստատում է, որ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ ասաց փաստաբանը:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ հավելեց, որ «ծռերի գործով» իրական փաստերը չեն համապատասխանում քրեական գործերում առկա փաստերին. «Ամենացայտուն հակասությունը Ժիրայր Սեֆիլյանի մասով այն է, որ քրեական գործում մեղադրական եզրակացությունը սկսվում է այսպես, որ Ժիրայր Սեֆիլյանը, հանդիսանալով Սիրիայի քաղաքացի, եկել է Հայաստան, պատերազմի ժամանակ մասնակցել է պատերազմական գործողություններին, հետագայում փորձել է ապրիլի 24-ին գործողություններ իրականացնել, ինչից հետո նրան մեղադրել են ապօրինի զենքի շրջանառության մեջ, նրա ընկերներն էլ գրավել են ՊՊԾ գունդը՝ պահանջ դնելով ազատել Սեֆիլյանին: Ստացվում է, որ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» մի նպատակ են ունեցել՝ իրենց ընկերոջը ազատ արձակել: Ամբողջ մեղադրական եզրակացությունը սրա շուրջ է, բաց է թողնված քաղաքական գործոնը, բաց է թողնված, որ ընդհանրապես պահանջ չի եղել Սեֆիլյանին ազատ արձակելու մասին: Փորձ է արվում միայն քրեական հանցագործության տեսանկյունից ներկայացնել, որ նպատակ է եղել պատանդներ վերցնել, շենք- շինություն զավթել, որ Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջ դնեն… այս ամենից մի բան եմ հասկացել, որ իշխանություններն ընդունել են ապստամբության գոյության իրավունքը, եւ քանի որ հասկացել են, դիտավորյալ դեպքերը աղավաղել են, որ այս գործից ապստամբության հոտ չգա, «Սասնա ծռերի» գործողությունները խեղաթյուրվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Հ. Գ. «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անունից տարածված առաջին իսկ հայտարարությունը՝ 2016-ի հուլիսի 17-ին, սկսվում էր այսպես. «Մենք Ժիրայր Սէֆիլյանի մարտական և քաղաքական պայքարի ընկերներն ենք:
Տարիներ շարունակ Ժիրայր Սէֆիլյանը և նրա համախոհները փորձել են խաղաղ միջոցներով իրավիճակ փոխել Հայաստանում: Որպես արդյունք՝ Ժիրայր Սէֆիլյանին վերագրվեց զինված ապստամբություն կատարելու կեղծ մեղադրանք և նա հայտնվեց բանտում, իսկ նրա համախոհները մշտապես ենթարկվում են հալածանքի և բռնությունների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031