Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Թոքմաջյան. «Թուրքը չի տեսնո՞ւմ, ուրախանո՞ւմ, որ ՀՀ ՊՆ-ն զբաղված է մուրացիկությամբ»

Հունվար 22,2018 18:40

Հունվարի 22-ին «Հոդված-3» ակումբում «Պետությո՞ւն, թե՞ համայնք. բարեգործությունը, որպես համընդհանուր անարդարության ու պետության անգործության հետևանք» թեմայով քննարկում էր կազմակերպվել: Քննարկման համար առիթ էր հանդիսացել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար բարեգործության միջոցով դրամահավաք կազմակերպելու կոչը, որը լայն հանրային արձագանք ստացավ եւ վեր հանեց բարեգործության ու պետական ինստիտուտների անգործության խնդիրները:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ բարեգործությունը վատ բան չէ, ունի իր փիլիսոփայությունը: «Վատ չէ, որ Հայաստանի անկախացումից հետո ավելացել է բարեգործությունը…Ես չեմ հիշում, թե ԽՍՀՄ-ը բարեգործությունն ինչպես էր դիտարկում»,-ասաց ազգագրագետը:

Նրա ձեւակերպմամբ. «Օրինակ 90-ականներից մարդիկ բարեգործությամբ են ապրել»: Նա առանձնացրեց համակարգային եւ դիպվածային բարեգործության ձեւերը: Վիգեն Սարգսյանի կոչը, նրա խոսքով վերաբերում էր դիպվածային բարեգործությանը: Հրանուշ Խառատյանը նաեւ գտնում է, որ մեր հասարակությունն այսօր այն վիճակում է, որ 60 տոկոսն ունի բարեգործական օգնության անհրաժեշտություն:

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը նշեց, որ ինքը կատեգորիկ է վերաբերվում բարեգործությանը: «Բոլոր ոլորտներում պատասխանատու է պետությունը եւ դա չի քննարկվում»:

Նրա ձեւակերպմամբ, «Վիգեն Սարգսյանի դեպքը մառազմ է պետության հանդեպ…Թուրքը չի տեսնո՞ւմ, ուրախանո՞ւմ, որ մեր ՀՀ Պաշտպանության նախարարությունը զբաղված է մուրացիկությամբ…Իսկ եթե բոլոր զինվորներին դիտարկում ենք որպես հերոսներ, ուրեմն ՀՀ-ում 60000 հերոս կա»:

Պատմաբանի խոսքերով, բարեգործությունը միտված է խեղճերի, թույլերի ու մուրացկանների հասարակություն ստեղծելու: Հասարակությունը, ըստ նրա, այս պայմաններում չի կարող զարգանալ, որովհետեւ օրվա կոպեկի հարց է լուծում:

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը խոսելով` պաթոսից, ասաց. «Վատ է, երբ պաթոսը դատարկ է»: Հրապարակախոսի կարծիքով, այդպիսին է հատկապես հայրենասիրական պաթոսը:

«Հիվանդ մարդուն օգնելու կոչ անելը լավ է, բայց սարսափելի է, որ այդպիսի կոչ անում է Պաշտպանության նախարարը, ի՞նչ սկզբունքով է նա ընտրել հենց այդ մարդուն, երբ այդպիսիները հազարավոր են»,-տարակուսանք է հայտնում Հրանուշ Խառատյանը:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը կարծում է, որ այնպես չի, որ որեւէ հասարակության մեջ բարեգործություն չեն անում: Նրա ասելով, խնդիրն այն է, որ պետական ինստիտուտի միջոցով է բարեգործությունը կատարվում. «Մենք ուզում ենք, որ ընտրությունը ազնիվ լինի, բոլոր վիրավոր տղաներին տրվի այդ հնարավորությունը»: Նա նաեւ փաստեց, որ բարեգործությունները ավելի շատ են այն հասարակություններում, որտեղ պետությունները կայացած են, օրինակ` ԱՄՆ-ում: «Իսկ երբ պետությունը ձախողում է իր պարտականությունները ու դիմում բարեգործության, այ այդտեղ է խնդիրներ առաջանում»,-ընդգծում է քաղաքագետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031