Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզում կբացվի Թումո կենտրոն. ֆրանսահայերը մտահոգված են «Հայաստանի տան»՝ իրականություն չդառնալու հարցով. (Տեսանյութ)

Հունվար 22,2018 19:11

«Այս տարի սեպտեմբերին Փարիզում կբացվի Թումո կենտրոն»,- Փարիզի քաղաքապետարանում հայտարարեց Փարիզի քաղաքապետ, Հայաստանի պատվո շքամեդալակիր Անն Իդալգոն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում: Ժամեր առաջ նախագահը հանդիպում ունեցով Փարիզի քաղաքապետի հետ, այնուհետև Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետն ու ՀՀ նախագահը ելույթներով հանդես եկան: Հանդիպմանը մասնակցեցին հայ համայնքի շուրջ 300 ներկայացուցիչներ:

Փարիզի սոցիալիստ քաղաքապետն իր ելույթում վստահեցրեց՝ Փարիզում «Հայաստանի տուն» ստեղծելու հարցն օրակարգային է: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Անն Իդալգոն շեշտեց՝ Հայաստանը մեծ կշիռ ունի ապագա խաղաղության ստեղծման համար: Փարիզի քաղաքապետը նաև տպավորված էր այն փաստով, որ Ցեղասպանությունից հետո Հայաստանն անկախություն հռչակեց: Սա Փարիզի քաղաքապետը հրաշք անվանեց: Անդրադառնալով ցեղասպանության հերքմանը՝ Անն Իդալգոն դրա ժխտումը հանցանք համարեց:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումներին: Նախագահը վստահեցրեց՝ Հայաստանը հաղթահարում է դժվարությունները՝ համալիր բարեփոխումների միջոցով ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները, խթանելով ազատ շուկայական տնտեսության զարգացումը, ՏՏ ոլորտի աճը, նորարարական գաղափարների կյանքի կոչումը։ Այնուհետև ասաց՝ տարեցտարի մեծանում է նաև Հայաստանի միջազգային ներգրավվածությունը՝ որպես կայուն ու վստահելի գործընկեր, ամրապնդվում են առկա կապերն ավանդական գործընկերների հետ. «Այս առումով, իհարկե, նշանակալի էր 2017 թվականի նոյեմբերին Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի լիարժեք կյանքի կոչումը մեզ համար առաջնային հանձնառություն է»։

Սերժ Սարգսյանի հավաստմամբ՝ 2018-ը կարևոր տարի է լինելու: ՀՀ նախագահը հիշեցրեց՝ Հայաստանի Հանրապետության 100-րդ տարեդարձ, Երևանի հիմնադրման 2800-ամյակ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողով:

Դիմելով հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ի դեմս ձեզ՝ ֆրանսահայությունն իր աշխատասիրությամբ, ինտելեկտուալ ներուժով և արժանապատիվ վարքով ուրույն տեղ ունի այս քաղաքի, այս երկրի բարօրության գործում»։ Սերժ Սարգսյանը հիշեց նաև Հյուգոյին: Նա հայտարարեց. «Ինչպես ասում էր ֆրանսիացի ժողովրդի ականավոր զավակ, բանաստեղծ և դրամատուրգ Վիկտոր Հյուգոն՝ «Փարիզն իր դռներն է բացում, և ժողովուրդներն այստեղ են գալիս՝ գերված այս հսկա մագնիսով»։ Այդ մագնիսը հենց ֆրանսիացի ժողովուրդն է, որի հյուրընկալ ու մարդասեր ոգին ևս մեկ անգամ իրեն դրսևորեց, երբ հնարավորություն տվեց Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցներին հանգրվանել այս հրաշալի երկրում»:

Թեև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները Սերժ Սարգսյանին հարցեր տալու հնարավորություն չունեցան, սակայն Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրին, որ նման հանդիպումներից քաջալերված են:

Հայկական համայնքի ներկայացուցիչ, Սեպարատուր ընկերության հիմնադիր Լևոն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հայտնեց. «Քաջալերանք է, երբ մեր հայրենիքի ղեկավարները գալիս են Ֆրանսիա, և այսպիսի ընդունելություն է կազմակերպվում: Իսկ հարցերը ոչ թե այստեղ է, որ պետք է լուծվեն, այլ դրանք առանձին հանդիպումներով են լուծվում»: Անդրադառնալով այն խնդրին, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքականին, մեր զրուցակիցն ասաց, որ այս խնդրի լուծման համար Հայաստանը պետք է կարողանա ճիշտ ներկայանալ, որպեսզի ներդրումներ բերվեն:

Հայկական համայնքի ներկայացուցիչ, խմբագիր Ալիս Մավյանն էլ մտահոգություն հայտնեց, որ Ֆրանսիայում գործում են շուրջ 400 հայկական կազմակերպություններ, սակայն դրանք միմյանց հետ չեն համագործակցում:

Պատմաբան Հարութ Գևորգյանը մտահոգված է այն փաստով, որ Հայաստանի տունը տարիներ շարունակ իրականություն չի դառնում. «10 տարի է քաղաքապետարանը խոստացել է, որ Հայաստանի տուն պետք է ստեղծվի, բայց դեռ կոնկրետ չէ՝ այն պիտի լինի մշակութայի՞ն տուն, թե՞ այլ ձևաչափով: Հույս ունենք, որ մի օր դա իրականություն կդառնա: Իսկ թե ինչու չեն զարգանում հայ-ֆրանսիական հարաբերությունները, պետք է հաշվի առնել, որ երկու երկրները հավասար հարթության վրա չեն: Մենք մի երկիր ենք, որ նոր-նոր ենք ձգտում քաղաքական, ժողովրդավարական, տնտեսական կանոններ մշակելուն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Փարիզ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031