Լրահոս
Օրվա լրահոսը

2010-11-ին գնաճը 7 տոկոս էր, բայց սոցիալապես անապահովները դիմացան (Տեսանյութ)

Հունվար 23,2018 13:13

ՀՀ կառավարությունում դեռ պետք է վերլուծեն Հայաստանում գնաճի պատճառները, նոր հետեւություններ՝ ըստ այդմ նաեւ քայլեր անեն: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Aravot.am-ը հետաքրքրվեց`որքա՞ն ժամանակ է հարկավոր կառավարությանն այդ ամենն անելու համար: Նախարարը տարակուսեց հարցից. «Դուք ի՞նչ եք ուզում, որ հիմա ասեմ 12 օր կամ…»: Հարցը հստակեցրեցինք`դա երկարատե՞ւ գործընթաց է. մինչեւ կառավարությունն այդ վերլուծություններն անի, սոցիալապես անապահով խավը սովից կմահանա՞: Նախարարը հիշեցրեց 2010-11 թվականները, երբ գնաճը յոթ տոկոսից բարձր էր ու հակընդդեմ հարց հնչեցրեց. «Ի՞նչ տեղի ունեցավ, այն ժամանակ մահացա՞վ»: Հետո նախարարը երկար բացատրեց, որ իրենց խնդիրը բնակչության սոցիալապես անապահով խավի թիրախավորումն է եւ երկար բացատրեց, թե ինչ ընթացակարգերով են դա անում:

Մանրամասները`տեսանյութում

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`ի՞նչ խորհուրդ կտա նախարարը, ինչպե՞ս ապրեն պաշտոնապես հրապարակված 30 տոկոս աղքատները: Նախարարն ասաց, որ աղքատության դեմ պայքարի լավագույն միջոցը տնտեսության զարգացումն է: Այդ մասին իր թեզն ինքը տարբեր առիթներով հրապարակել է: Տարբերակներից մեկն էլ աղքատների համար աշխատատեղերի ստեղծումն է: Վարդան Արամյանը հռետորական որակեց հարցը`իսկ մինչ աշխատատեղերը կստեղծվեն, ինչպե՞ս ապրեն այդ մարդիկ: Հիշեցրեց կառավարության ուսումնասիրությունները` աղքատության ամենաբարձր ցուցանիշը գյուղաբնակների շրջանում է, քանի որ տրանսֆերտները վերջին տարիներին, 34 տոկոսով կրճատվել են: Ասաց`ենթակառուցվածքները պետք է զարգացնեն, գյուղացիներին ավելի մեծ օժանդակություն տան: Ասաց՝ այդ պատճառով արդեն իսկ ունեն գյուղատնտեսության սուբսիդավորման հինգ ծրագիր, որպեսզի աղքատները արժեք ստեղծեն, պետությունն էլ կարողանա աշխատատեղ ստեղծի:

Ի դեպ, նախարարը վիճելի է համարում թեզը, որ դիզվառելիքի թանկացումները կբերեն շղթայական թանկացումների, ինչի ականատեսը կդառնանք մայիս ամսից:

Aravot.am-ը հետաքրքրվեց`ի՞նչ ճակատագիր ունեցան վարչապետ Կարեն Կարապետյանի խոստացած ներդրումները, որոնց հետ տնտեսական աշխուժության հույսեր էին կապվում: Վարդան Արամյանը հորդորեց այդ հարցով դիմել Էկոնոմիկայի նախարարություն: Հարցն իր նախարարության մանդատից դուրս է: Բայց ասաց, որ ունենք ներդրումների աճ`2,4 տոկոս. «Դա շատ է, թե քիչ է, այսպես բացատրեմ`դեռեւս բավարար չէ, որպեսզի հավակնենք հինգ տոկոս տնտեսական աճի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031