Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. Պետությունը վարկաբեկելու հարցում մեր դիվանագիտությունը բավական ակտիվ է

Հունվար 23,2018 16:56

Թե ի՞նչ կխոսվի կրակովներում կամ մեկ այլ տեղ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի համար էական չէ, քանի որ քայլերն ավելի պերճախոս են: Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի այսօր կազմակերպած «Անվտանգային դինամիկան Հայաստանի հարեւանությամբ» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետը նկատեց. «Որքան էլ Մինսկի խմբի շրջանակներում փորձեն նվազեցնել, էապես նվազեցնել, էլ չեմ ասում վերացնել պատերազմի վերսկսման վտանգը եւ գնալ բանակցությունների, այդ տարբերակը ՌԴ-ին ձեռնտու չէ»: Ըստ նրա, Ռուսաստանն ամեն ինչ արել է ձեւավորելու `ՌԴ-ի կողմից կառավարելի անկայունության ռեժիմ, որի ջերմաստիճանի փոփոխումը միայն իր մենաշնորհը պիտի լինի`իր կոնկրետ շահերի համատեքստում:

Օրերս ՌԴ-ից Ադրբեջան գնաց հարձակողական զենքի հերթական խմբաքանակը Քաղաքագետին զարմացնում-զայրացնում է, որ այս անգամ հայկական կողմից չհնչեցին նույնիսկ մինչ այժմ արտահայտվող ցավն ու էմոցիաները, թեեւ իմաստային առումով դրանք ոչինչ էին:

Ավելին, նա վկայակոչում է Արցախի պաշտոնյաներից ոմանց, որոնք ասացին` միգուցե լավ է, որ ՌԴ-ն եւ Ադրբեջանը խորացնում են հարաբերությունները եւ դա հակահայկական քայլ դիտարկել չի կարելի:

Ինքն այլեւս չի զարմանում տարբեր պաշտոններում դրված ՌԴ-ի շահերի պաշտպանների հայտարարությունների վրա: Ավելին, առաջարկում է`գնանք խնդրենք, որ ՌԴ-ն Ադրբեջանին միջուկային զենք տա, գուցե դա ավելի կկայունացնի իրավիճակը:

«Խաղաղությունը Կովկասում պիտի հաստատվի առանց ՌԴ-ի, ի հեճուկս ՌԴ-ի եւ ՌԴ-ի շահերի հաշվին: Քաոսից հինգ պակաս վիճակ է»,- ահազանգում է քաղաքագետը:

Նա անդրադարձավ նաեւ սիրիական նոր զարգացումներին: Ավելի ճիշտ, դրանց վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի լռությանը: Ինքը չի էլ հասկանում, թե ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն լռում կան ինչո՞ւ նրան չեն հարցնում: Բայց մի բան հաստատ գիտի`այս ամենը տեղի չէր ունենա, եթե «ռազմական ոստիկանություն կոչվող ռուսական բանդան մի քանի ժամվա ընթացքում չբացեր բոլոր թիկունքները»: Ի դեպ, դա այն տարածքն էր, որտեղ թեժացում թույլ չտալու պարտավորությունը ստանձնել էր ՌԴ-ն:

Ռուբեն Մեհրաբյանին զվարճացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բացատրությունը, թե թուրքերը խիստ ջղայնացած էին Պենտագոնի պահվածքից: Հեգնում է. «Վաղը հեշտ կլինի բացատրել, թե ինչո՞ւ Պերմյակովի անվան 102 բազան երկու ժամվա ընթացքում դուրս եկավ»: Նաեւ ասում է`հայկական քաղաքական դասն ու վերլուծաբանները խնդիր ունեն վերլուծելու թե մենք ի՞նչ գործ ունենք այս ամենում`«եւ-եւ»-ի կոչվող քաղաքականությամբ:

Ի հեճուկս այս կարևոր հարցերում հայկական դիվանագիտության պասիվության, քաղաքագետը հիշեցնում է Չեխիայում Հայաստանի դեսպանի հետ կապված պատմությունը`Կոնեւի արձանի առիթով: Նա տարակուսում է, թե որքան կարող է ակտիվ լինել մեր դիվանագիտությունը`Հայաստան պետության վարկաբեկման հարցում:

«Բարդ կետը դեռ հաղթահարված չէ, տհաճ անակնկալների ռիսկը գնալով մեծանում է, որոշակիությունն ու կանխատեսելիությունը նվազում է»,- ասում է քաղաքագետը` հավելելով, որ մանավանդ առջեւում հունվարի 29-նն է, երբ փական է դրվելու աշխարհում թափառող ռուսական կեղտոտ փողերի մեկ տրիլիոնի վրա: Թե ի՞նչ ազդեցություն կթողնի այս ամենը ՀՀ իշխանավորների ներկայացրած հայ-ռուսական դարավոր բարեկամության վրա`ժամանակը ցույց կտա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ The Armenian Institute of International and Security Affairs – AIISA

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031