Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկոռեկտը դու ես». «Դեդ»-ը պիտակավորեց դատավորին

Հունվար 23,2018 17:15

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր լրացավ ամբաստանյալներից «Դեդ»-ի՝ Մարտիրոս Հակոբյանի սանկցիայի ժամկետը, եւ նա բերվեց նիստերի դահլիճ:

Հիշեցնենք, որ այս գործով բոլոր ամբաստանյալները հեռացվել էին նիստերի դահլիճից: Նրանք բոյկոտել էին նիստը, եւ առանց դատավորի թույլտվության դահլիճից դուրս գալու համար մի քանի ժամով հեռացվել նիստից:

«Դեդ»-ը, տեսնելով, որ իր ընկերներն ու պաշտպանները չկան, պնդեց, որ նիստերի դահլիճում անելիք չունի: Դատավոր Արթուր Օհանյանի եւ նրա միջեւ լեզվակռիվ սկսվեց, երբ ամբաստանյալը դատավորի հասցեին պիտակավորումներ հնչեցրեց: Արթուր Օհանյանն էլ հորդորեց կոռեկտ լինել: «Անկոռեկտը դու ես, դու ո՞վ ես, ես քո դատարանին չեմ հարգում»,- բղավեց Մարտիրոս Հակոբյանը:

Դատական նիստի կարգը խախտելու համար Հակոբյանի հանդեպ կրկին նույն սանկցիան կիրառվեց. նա հեռացվեց նիստերի դահլիճից 5 ժամով:

Ապա լրացավ նաեւ մյուս ամբաստանյալների սանկցիայի ժամկետը: Նիստերի դահլիճ բերվելով՝ նրանք հայտարարեցին, որ իրենց պայմանագրային պաշտպաններին են պահանջում:

Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը նշեց, որ շարունակելու է բոյկոտն ու առանց դատավորի թույլտվության դահլիճից դուրս գնալու համար արժանացավ սանկցիայի՝ նիստերից հինգ ժամով հեռացման տեսքով:

Ամբաստանյալները դատավորին տեղեկացրին, որ իրենց պայմանագրային պաշտպաններից չեն հրաժարվում: Նիստն ընդմիջվեց՝ վերջիններիս ներկայությունն ապահովելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031