Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսի մանկությունը հիվանդանոցներում է անցնում

Հունվար 24,2018 15:00

Մեկուկես տարեկան Ալեքս Ստեփանյանն օգնության կարիք ունի: Առողջական լուրջ խնդիրներով այս փոքրիկը հիվանդանոցներից աչք չի բացում: Մի հիվանդանոցից մյուսն է տեղափոխվում, սակայն նրա վիճակը չի բարելավվում: Երեխային անընդմեջ բուժման կուրսեր են հարկավոր. միայն այդ դեպքում փոքրիկի առողջական խնդիրները կթեթեւանան:

Մեր երկրում, ըստ օրենքի, մինչեւ 7 տարեկան երեխաների համար բուժօգնությունն անվճար է: Այդ նպատակով բյուջեից միլիոններ են տրամադրվում հիվանդանոցներին` պետպատվերով այդ երեխաներին սպասարկելու նպատակով: Ալեքսին անվճար են բուժում, բայց հարցն այն է, որ այդ բուժումից փոփոխությունը քիչ է լինում: Երեխան ցնցումներ է տանում, մկանները ձգվում են, գերշարժունակ է:

Բժիշկները նրա մոտ մտային գլոբալ խնդիրներ են ախտորոշել: Այս հիվանդության դեպքում հիվանդանոցային բուժման կուրսը մերսումներից, մարզանքներից ու դեղորայքային բուժումից է բաղկացած, սակայն ոչ բոլոր հիվանդանոցներում են Ալեքսին այս ծառայությունները մատուցում: Մի հիվանդանոցում հետազոտություններ են անցկացնում, մյուսում միայն մերսումներ ու մարզանքներ անցկացնում, սակայն այդ ամենն էլ՝ կարճ ժամանակահատվածով, որպես պարտականություն, եւ այդ պատճառով էլ, ծնողների համոզմամբ, արդյունքը չնչին է լինում: Ալեքսի ծնողներն այս ու այն կողմ ընկած՝ գումար են հայթայթում, որ երեխային ինտենսիվ թերապիայի կուրսերի տանեն, քանի որ անգամ այդքան քիչ պարապմունքները, որոնք Ալեքսն անցել է պետպատվերով, դրական դինամիկա են արձանագրել: Ալեքսը սկսել է բռնված կանգնել, սակայն նստել դեռ չի կարողանում: Երեխայի հոր՝ Արմեն Ստեփանյանի խոսքով՝ երեխայի հետ բարեխիղճ զբաղվելու դեպքում արդյունքն ակնհայտ կլինի:

«Հայաստանի մանկական ասոցիացիա»-ն կարող է Ալեքսի առողջությամբ զբաղվել: Արմեն Ստեփանյանը խոսել է կազմակերպության պատասխանատուների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել երեխային անվճար ֆիզիոթերապիա անցկացնելու: Սակայն խնդիրն այն է, որ Ալեքսին ամեն օր տանել-բերելու համար ծնողները միջոցներ չունեն: Ալեքսի ընտանիքը բնակվում է Արարատի մարզի Եղեգնավան գյուղում, որը Երեւանից 40-50 կիլոմետր հեռավորության վրա է:

«Տարվա մեջ առնվազն երեք ամիս պետք է տանենք-բերենք, բայց դա էլ չենք կարող: Երեւանում տուն վարձելը նույնպես մեր ուժերից վեր է: Եթե նման հնարավորություն լինի, քաղաքում տեղաշարժվելը ավելի հեշտ կլինի, մի ճար կանեմ՝ երեխային կտանեմ այդ բուժումներին»,- ասում է Արմեն Ստեփանյանը:

Ստեփանյանների ընտանիքը սեփական բնակարան էլ չունի, Եղեգնուտում էլ բարեկամի տանն են ապրում, որը նույնպես վաճառքի է հանված: Ընտանիքն իր բոլոր միջոցները, որոնք հիմնականում կազմում են երեխայի հաշմանդամության համար ստացած գումարները` ընդամենը քսան հազար դրամ, ուղղում է փոքրիկի` հիվանդանոցներ տանելու ճանապարհածախսին:

Եթե այդ ամիս չեն էլ տանում, ապա դրանով կենցաղային ու սննդի հարցերն են հոգում: Արմեն Ստեփանյանը հիմնական աշխատանք չունի. գյուղատնտեսական սեզոնին օրավարձով դաշտում աշխատում է, սակայն, ինչպես ինքն է ասում, այդ աշխատածն էլ ներդնում է երեխայի առողջությունը բարելավելու գործում: Կնոջ աշխատելու հարցն էլ խնդիր է. Ալեքսին 24-ժամյա ուշադրություն է հարկավոր: Գերշարժողունակության պատճառով երեխայի ընկնելու հավանականությունը մեծանում է, ուստի մայրն ամեն րոպե նրան տեսադաշտում է պահում: Երեխայի ծնողների խոսքով՝ բժիշկները զգուշացրել են, որ ցանկացած հարված երեխայի համար խիստ վտանգավոր է:

Ալեքսի բուժման կուրսի ժամանակը մոտենում է, եւ ծնողները հույսով սպասում են, որ մի ճար կգտնվի, եւ Ալեքսի բուժումները չեն ընդհատվի:

Անգամ պետպատվերով բուժումների դեպքում է ընտանիքը պարտքերի մեջ հայտնվում. ճիշտ է, բուժումներն անվճար են, բայց ամիսներով երեխային հիվանդանոցում պահելը, կերակրելը, գնալ-գալը ընտանիքին կլորիկ գումարներ են արժենում:
Երեխայի առողջական խնդիրը «մաշել» է այս ընտանիքի անդամներին. օրուգիշեր ծնողները միայն մեկ բանի մասին են մտածում` Ալեքսին ոտքի կանգնեցնեն:
Ընտանիքը պետությունից հույսը կտրել է, սպասում է, որ բարերարներ կգտնվեն եւ օգնության ձեռք կմեկնեն փոքրիկին: Հայրը հույս ունի, որ երեխային մի օր առողջ է տեսնելու. «Ես հույսս չեմ կորցնում, գիտեմ, որ երեխաս կբուժվի, ուղղակի այդ բուժումը իմ հնարավորության սահմաններից վեր է, բայց եթե լինեն մարդիկ, որ ինչ-որ չափով ձեռք մեկնեն, ես էլ կանեմ հնարավոր ամեն ինչ ու երեխայիս ոտքի կկանգնեցնեմ»:
Ծնողները հույս ունեն, որ գոնե դրամահավաքի միջոցով կկարողանան երեխային տանել ֆիզիոթերապիայի կուրսերի, որպեսզի փոքրիկի վիճակը փոքր-ինչ բարելավվի:

Այդ նպատակով երեխայի մոր` Աննա Մարտիրոսյանի անունով բանկում հաշիվ է բացված:

Յունիբանկ, AMD 24121028483200, USD 24121028483201

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

23.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031