Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճը բարիք է, և իշխանությունը մեծացնում է այն. «Ժամանակ»

Հունվար 24,2018 11:33

Բայց գնաճի հետ կապված քննարկումը հետաքրքիր էր մեկ այլ առումով: Այն ցույց տվեց, որ իշխանությունը ոչ միայն որևէ վտանգ չի տեսում այդ գնաճի մեջ, այլ ընդհակառակը, այն համարում է բարեբախտություն: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, որը վարում էր խորհրդարանական լսումները, հայտարարեց, որ գնաճին չպետք է վերաբերվել որպես չարիքի, ավելին, այն բարիք է, քանի որ նպաստում է տնտեսության զարգացմանը: Իսկ միթե բարիքը շատ է լինում, ընդհակառակը, իշխանությունը խրախուսում է գնաճը, քանի որ դրա միջոցով հնարավոր է տնտեսական աճի իմիտացիա ստեղծել, և ամենակարևորը՝ ավելի շատ հարկեր հավաքել:

Եթե գնաճի բարեբերության մասին նման տեսակետ հայտներ Ճապոնիայի խորհրդարանի որևէ ներկայացուցիչ՝ մենք կարող էինք ինչ-որ տեղ հասկանալ, որովհետև Ճապոնիայի իրար հաջորդող կառավարություններն արդեն 16-17 տարի փոփոխական հաջողությամբ պայքարում են դեֆլացիայի կամ գների իջեցման դեմ: Այսօր Ճապոնիան միակ երկիրն է, որի կենտրոնական բանկը սահմանել է վերաֆինանսավորման բացասական տոկոսադրույք՝ -0․1 տոկոս: Կամ եթե Խոսրով Հարությունյանը իսկապես ճիշտ լիներ, ապա այսօր աշխարհի ամենազարգացած երկիրը պետք է Զիմբաբվեն լիներ, քանի որ այդ երկրում այդ բարիքից այնքան շատ էր, որ 10 միլիարդ զիմբաբվեական դոլարով կարելի էր երեք հավի ձու գնել, եթե իհարկե վաճառող լիներ: Իսկ Զիմբաբվեում էլ ամեն ինչ միանգամից չսկսվեց, կային տարիներ, երբ այդ երկրում ինֆլյացիան 7 տոկոս էր։ 1997թ., օրինակ, ինֆլյացիան եղել է 20 տոկոս, իսկ 11 տարի անց՝ 2008-ին 231 մլն 150 հազար՝ 888․87%: Չնայած նման մեծ բարիքի առկայությանը, Զիմբաբվեն ոչ միայն չզարգացավ, այլ ընդհակառակը, հայտնվեց աշխարհի ամենաչքավոր երկրների ցանկում և հրաժարվեց սեփական արժույթից:

Հայաստանի ֆինանսների նախարարը ընդհանրապես մտքի հսկա է, նա կարծում է, որ քանի դեռ Հայաստանում սովից մարդ չի մահանում, ապա ամեն ինչ լավ է: Հարցին, թե գնաճը ազդում է մարդկանց աղքատացման վրա, նա ասել է. «2010-2011թթ գնաճը 7 տոկոսից բարձր էր, մարդ մահացա՞վ: Հայաստանում չկա վիճակագրություն, թե սովից որքան մարդ է մահանում, իսկ որ մահանում է, դա փաստ է: Ուղղակի որևէ մեկը չի ուզում մարդու մահը կապել նրա սոված կամ թերսնված լինելու հետ: Ով է ուսումնասիրել, թե մարդկանց հիվանդությունների կամ մահվան որ տոկոսն է առաջացել թերսնման պատճառով:
Վրաստանի հետ համեմատվել սիրող Հայաստանի իշխանություններին ասենք, որ թերսնվածության ինդեքսով Հայաստանը 38-րդ տեղում է, իսկ Վրաստանը՝ 31: Հուսադրողն այն է, որ Չադին կամ Զամբիային դեռ չենք հասել

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները այնքան են կտրված իրական կյանքից և այն կյանքից, որով ապրում են Հայաստանի բնակչության մի զգալի հատվածը, որ նրանց համար ֆանտաստիկ է հնչում այն միտքը, որ երկրի քաղաքացիների մի զգալի մասը գիշերը պառկում է քնելու սոված կամ կիսաքաղց: Նրանք չեն կարող հասկանալ, որ իրենց գործողություններով իրենք ավելի են մեծացնում այդ մարդկանց քանակը: Չնայած ըստ Կարեն Կարապետյանի՝ ամեն դեպքում ամեն ինչ այդքան վատ չէ, եթե կա այլընտրանք. եթե չեն կարողանում ապրել, ապա կարող են մեռնել: Սա կարելի էր սև հումոր ընկալել, բայց, ցավոք, իրականություն է:

 

Ավետիս Բաբաջանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031