Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության ԶՈՒ զարգացման պլանավորման բաժնի ավագ սպա, փոխգնդապետը դիմում է ՀՀ նախագահին

Հունվար 25,2018 15:42

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԶԵԿՈՒՑԱԳԻՐ

Մեծարգո պարոն Նախագահ,

Ես` ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության ԶՈՒ զարգացման պլանավորման բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արթուր Ռոբերտի Մուսաելյանս, իմ ընտանիքի անդամների` հայրս, մայրս, կինս և երկու երեխաներս (աղջիկ` 22 տարեկան և տղա՝ 20 տարեկան` ծառայել է ԼՂ զինված ուժերում) հետ 1999թ-ից մինչև 2010թ.-ի հուլիս ամիսը բնակվում էինք Երևան քաղաքում, քրոջս՝ Թամարա Մուսաելյանին (ամուսնացած է, ունի ամուսին և մեկ 10 տարեկան որդի) պատկանող, առանց կոմունալ հարմարությունների երկու սենյականոց բնակարանում: Մինչ այդ, նույնպես սրտի դողով (կախված տան տիրոջ քմահաճույքներից) բնակվել եմ տարբեր վարձակալական հիմունքներով բնակարաններում:

Բնակհաշվառման հերթում ընդգրկված եմ եղել 1998թ.-ից, սակայն պարբերաբար հետաքրքրվելու արդյունքում պարզ դարձավ, որ 1998թ-ի հերթագրումս անհայտ պատճառներով կորել է (պատճառաբանում են հին ՊՆ շենքից նորը տեղափոխվելու ընթացքում է կորել):

Ներկա պահին, ընտանիքիս անդամների հետ, վարձակալական հիմունքներով, բնակվում եմ ք. Երևանի Լենինգրադյան փողոցի 18 շենքումի բնակարան 20՝ մեկ սենյականոց բնակարանում, որի ամսական վարձավճարը կազմում է 85,000 ՀՀ դրամ, ինչի համար ՀՀ պաշտպանության նախարարությունից փոխհատուցում չեմ ստանում և երբեք էլ չեմ ստացել, քանի որ ունեմ Երևան քաղաքի գրանցում:

1992թ-ի փետրվարի 26-ին լսելով հորեղբորս՝ Վլադիմիր Մուսայելյանի («ախոտնիչի Վովա» մականունով) Խոջալուի ազատագրման համար մղվող մարտի ժամանակ զոհվելու և ք. Ստեփանակերտի ռմբահարումից վերջինիս ընտանիքի անդամների՝ կնոջ և երեք դստեր վիրավորվելու լուրը, կամավոր մեկնել եմ ԼՂ, վերջիններիս ք. Երևան տարհանելու (ինչը ոմն բարձրաստիճան զինվորական համարում է փախուստ, իսկ իրականում փախածներին տալիս են մարտական ուղու վկայական, գնդապետ կոչում, բաժնի պետի պաշտոն) նպատակով ու կամավոր հիմունքներով ընդգրկվել եմ «շինարար Էդիկի» կամ «բենզին Էդիկի» ջոկատում, մնացել այնտեղ մինչև 1993թ-ի ապրիլի 8-ը, և քանի որ մարտական գործողությունների ակտիվ մասնակից չեմ եղել, ինձ թույլ չեմ տվել համապատասխան վկայական ունենալու համար դիմել ստեղծված հանձնաժողովին:

ՀՀ զինված ուժերում ծառայությունս սկսել եմ 1995թ-ին, սկզբում որպես թիվ 14746 զորամասի կառավարման կետերի պահպանության դասակի հրամանատար, այնուհետև վաշտի հրամանատարի պաշտոնակատար: 1997թ-ին տեղափոխվել եմ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչություն, որպես ղեկավարման կետերի օպերատիվ հերթապահ: 2002թ-ին նշանակվել և ծառայել եմ ԶՈՒ ԳՇ ավագ օպերատիվ հերթապահի, իսկ 2003թ-ին՝ օպերատիվ վարչության օպերատիվ բաժնի ՊԲ-ի, այնուհետև 4-րդ ԲԿ-ի ուղղության ավագ սպայի պաշտոններում:

2008թ-ից մինչև 2010թ.-ը ծառայել եմ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում տեղակայված Կենտրոնական Հրամանատարության Շտաբի Համատեղ Պլանավորման խմբում որպես ռազմավարական պլանավորման սպա:

2010թ-ին ավարտելով ծառայությունս ԱՄՆ Կենտրոնական Հրամանատարու­թյու­նում և վերադառնալով ՀՀ զինված ուժեր, նշանակվել ու մինչև օրս ծառայում եմ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության ԶՈՒ զարգացման պլանավորման բաժնում՝ ավագ սպայի պաշտոնում:

2003թ-ից մինչև օրս մասնակցում եմ Հայաստան-ՆԱՏՕ, ՀԱՊԿ և միջազգային այլ կազմակերպությունների հետ կազմակերպվող միջոցառումներին:

– 1990-95թթ.-ներ – Սովորել եմ Երևանի Պետական Համալսարանի Երկրաբանական ֆակուլտետի Երկրաֆիզիկայի բաժնում:

– 2002թ.-ի նոյեմբերի 18-ից 22-ը – ՆԱՏՕ-ի ռազմական տերմինաբանության անհատական ունկնդրման վկայական:

– 2003թ.-ի փետրվարի 3–ից 7-ը – Զանգվածային Խոցման Զենքերի տարածման թեմաների շուրջ սեմինարների մասնակցության վկայական:

– 2003թ.-ի ապրիլի 7-ից հուլիսի 5-ը – Զրինյի Միկլոշի անվան լեզվի կենտրոնում անգլերեն լեզվի դասընթացների հավաստագիր վկայական, Ազգային Պաշտպանական Համալսարանում, ք. Բուդապեշտ, Հունգարիայի Հանրապետություն:

– 2003թ.-ի նոյեմբերի 17-ից 20-ը – «Հայաստան և Խաղաղապահ գործողություններ» սեմինարների մասնակցության վկայական Ջորջ Մարշալի անվան Եվրոպական կենտրոնի տնօրինության կողմից:

– 2004թ.-ի հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 26-ը – Անգլերեն լեզվի կատարելագործման դասընթացների հավաստագիր վկայական Սուրբ Ջոնի անվան Համալսարանում,

ք. Յորքշայը, Մեծ Բրիտանիա:

– 2005թ.-ի հունվարի 14-ից 25-ը, ապրիլի 17-ից 24-ը, օգոստոսի 18-ից սեպտեմբերի 16-ը և նոյեմբերի 12-ից 26-ը մասնակցել եմ Մակեդոնիայի Հանրապետության Սկոպյե քաղաքում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

– 2005թ.-ի մայիսի 20-ից հունիսի 16-ը՝ ՆԱՏՕ-ի դպրոց, ԳՇ օպերատիվ սպայի դասընթացների հավաստագիր (Օբերամերգաու, Գերմանիայի Ֆեդերալ Դաշնություն):

– 2006թ.-ի ապրիլի 17-ից 24-ը մասնակցել եմ Նիդերլանդների ք. Բրունսումում տեղակայված ՆԱՏՕ-ի շտաբում կազմակերպված օպերատիվ սպաների դասընթացներին:

– 2006թ.-ի ապրիլի 27-ից օգոստոսի 30-ը – ԱՄՆ Կենտրոնական Հրամանատա­րու­թյու­նում, որպես Ազգային ներկայացուցչի օգնական՝ փոխգործակցության սպա (հավաստագիր, ք. Տամպա, Ֆլորիդա նահանգ):

– 2007թ.-ի օգոստոսի 5-ից դեկտեմբերի 21-ը՝ Բարձրագույն Հրամանատարական դասընթացներ Բալթյան Պաշտպանական ակադեմիայում/քոլեջում: Ստացել եմ Բարձրագույն Ռազմական Կրթության Դիպլոմ՝ կրթական կրծքանշանի կրման իրավունքով (ք. Տարտու, Էստոնիայի Հանրապետություն):

– 2008թ.-ի մայիսի 7–ից 2010թ.-ի մայիսի 9-ը – Ստացել եմ հավաստագիր վկայական ԱՄՆ Կենտրոնական Հրամանատարության Կենտրոնական Շտաբի Համատեղ Պլանավորման խմբում ռազմավարական պլանավորման սպայի պաշտոնում Գերազանց ծառայության համար, ինչպես նաև ԱՄՆ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել եմ “Միացյալ շտաբներում գերազանց ծառայության” ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձր աստիճանի մեդալով:

– 2011թ.-ի հոկտեմբերի 3-ից 14-ը – Պաշտպանական Կառավարման Միջազգային շարժական 12-1 դասընթացների վկայական (Պաշտպանական Ռեսուրսների Կառավարման Ինստիտուտ, Ռազմածովային Հետավարտական Դպրոց, Մոնտերեյ, Կալիֆորնիա):

– 2011թ.-ի հոկտեմբերի 24-ից 28-ը – Մասնակցություն ՆԱՏՕ-ի «Քաղած դասեր» կոնֆերանսին (Լիսաբոն, Պորտուգալիա):

– 2013թ.-ի նոյեմբերի 13-ից 14-ը – որպես խմբի ղեկավար գործուղվել եմ Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաք, մասնակցելու ՀՀ և ԲՀ երկկողմ համագործակ­ցու­թյան շրջանակների ընդլայնման և ռազմավարական պլանավորման ոլորտում ԶՈՒ զարգացման և կիրառման պլանների մեթոդաբանությանն ուղղված թեմաների քննարկմանը:

– 2012թ. և 2014թ.-ին մասնակցել եմ Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված “Լայնածավալ անվտանգության կոնտեքստում պաշտպանության կառավարում” թեմայով դասընթաց-քննարկումներին:

– 2016թ.-ի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 24-ը – Պաշտպանական Ռեսուրսների կառավարում դասընթացների վկայական (Պաշտպանական Ռեսուրսների Կառավարման Ինստիտուտ, Ռազմածովային Հետավարտական Դպրոց, Մոնտերեյ, Կալիֆորնիա):

Մեծարգո պարոն Նախագահ, կուզենայի տեղեկացնել Ձեզ նաև այն մասին, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչությունում ծառայության ժամանակ, 2008թ-ին վարչության բնակարանային ապահովման դիմորդների ցուցակում եղել եմ առաջինը, սակայն երկու տարով գործուղվելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության շտաբ զրկվեցի բնակարանով ապահովվելու հնարավորությունից:

Բացի այդ, առաքելությունս ավարտելով և վերադառնալով Հայաստանի Հանրապետություն, և ճշտելով թե որ համարի ներքո եմ գտնվում բնակարանային ապահովման ցուցակներում, պարզվեց, որ անգամ հաշվառված չեմ: Սակայն ունենալով ինձ մոտ փաստաթղթերիս կրկնօրինակը (ինչը ցավոք սրտի չէի արել 1998թ-ի հերթագրման ժամանակ) համապատասխան պատասխանատու անձինք հարկադրված ընդգրկեցին ինձ 2003թ.-ի ցուցակներում, ասելով, եթե երկու սենյականոց ցանկանամ, ապա ցուցակում կլինեմ 35-րդը, իսկ երեքի դեպքում՝ 67-70-րդը:

Ներկա պահին, ըստ երեք սենյականոց բնակարանների ցուցակի՝ 28-րդն եմ, և կարծում եմ երկու սենյականոց բնակարանի մասին տվյալ պաշտոնատար անձինք չպետք է ակնարկեին, քանի որ ընտանիքիս անդամների թիվը 6 հոգի է՝ 2-րդ կարգի հիվանդության հաշմանդամություն ունեցող հայրս (թոշակառու), մայրս (թոշակառու), կինս՝ մանկապարտեզի դաստիարակչուհի, աղջիկս և տղաս, որոնք չափահաս են, սակայն ուսանող չեն և դեռևս չեն աշխատում: Բոլորն էլ գտնվում են իմ խնամքի ներքո:

Մեծարգո պարոն Նախագահ, այս անգամ բնակարանով ապահովման մոտեցումը ըստ ներկայիս ՀՀ պաշտպանության նախարարի հետևյալն է՝ ապահովվում են ք. Երևանի գրանցում ունեցող, բայց առաջնագծում երկարատև ծառայություն ունեցող սպաները: Կարծում եմ, որ սխալ մոտեցում է, քանի որ 1997-2008թթ. ծառայելով ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչությունում որպես ՊԲ-ի և ԲԿ-ի ուղղության ավագ սպա-պետի պաշտոնակատար և պարբերաբար լինելով թե առաջնագծի զորամասերում և, թե մարտական դիրքերում (դեպքերի, պատահարների հետ կապված և ստուգումների նպատակով), կարող եմ ասել, որ տեղում ծառայող սպաներից և զորամասի հրամանատարներից էլ շատ եմ եղել իրենց մարտական դիրքերում: Եվ, կարծում եմ, որ դա չափանիշ չէ սպայի ծառայությունը և նրա բանակաշինության գործում ունեցած ներդրումները գնահատելու համար:

Մեծարգո պարոն Նախագահ, հետամուտ լինելով Ձեր արդարացի և ազգանվեր սկզբունքներին, հավատալով Ձեր կողմից հայապահպանության համար ներդրվող ջանքերին, մշտապես փորձել եմ իմ անմիջական մասնակցությամբ և կատարած աշխատանքներով մի փոքր լումա ունենալ թե Ձեր նախընտրական (Աջափնյակ վարչական շրջան՝ 2008, 2013 թվականների ՀՀ Նախագահական և 2017թ.՝ ԱԺ պատգամավորական ընտրություններ) և, թե հետընտրական նպատակասլաց գործում, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ու զարգացման, պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացներին աջակցելու համար:

ՀՀ զինված ուժերում ողջ ծառայության ընթացքում պարգևատրվել եմ՝ «Անբասիր ծառայության» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանների, «ԶՈՒ 20 ամյակի», «Անդրանիկ Օզանյան» և «Մարշալ Բաղրամյան» ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով, ԱՄՆ պաշտպանության նախարարի կողմից՝ «Միացյալ շտաբներում գերազանց ծառայության» ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձր աստիճանի մեդալով, բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Մեծարգո պարոն Նախագահ, խնդրում եմ Ձեր աջակցությունն ինձ բնակարան կամ բնակարանի ձեռքբերման գումարի հատկացման հարցում:

Մեծագույն հարգանքով՝

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԶՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ՍՊԱ

 

փոխգնդապետ                      Ա. ՄՈՒՍԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031