Սուրբ Սարգսի գիշերը դռները բաց թողեք, կրակ վառեք ու մազերը չսանրեք․ էթնոհոգեբանը՝ հավատալիքների մասին

Սուրբ Սարգսի գիշերը դռները բաց թողեք, կրակ վառեք ու մազերը չսանրեք․ էթնոհոգեբանը՝ հավատալիքների մասին

Շիրակի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, էթնոհոգեբան Կարինե Սահակյանը, որը 2013 թվականին Սուրբ Սարգսին նվիրված գիրք է հրատարակել, Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց ժողովրդական այն ծեսերը, որոնք պարտադիր պիտի պահպանել ամենահաս Զորավարին սպասելիս։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի հունվարի 27-ին է տոնելու սուրբ Սարգիս Զորավարի, նրա որդի Մարտիրոսի և տասնչորս զինվորների հիշատակի օրը:

«Տոնի բնաբանը կամ կարգախոսն է. «Տեր, տուր ինձ ջուրն այդ, որ երբեք չծարավեմ»։ Ըստ ժողովրդական հայեցակարգի՝ Սուրբ Սարգիսը մուրազատու է, ժողովուրդը հավատում է հնգօրյա շաբաթապահքին և տեսած երազներին։ Հավատում էին, որ եթե Սուրբը գար և իր ձիու պայտը խփեր դռանը, որի առջև նախօրոք, ըստ ավանդույթի, ալյուր էր ցանված, երբեմն էլ ալյուրը ցանում էին սեղանի վրա, եթե նշան երևար ցանցած ալյուրի վրա, ուրեմն բարենիշ էր տվյալ ընտանիքի համար։ Հավատում էին, որ նախատոնակ գիշերը չէր կարելի մազ սանրել, ասում էին, որ 7 աղջկա բախտ միանգամից կկապվի։ Եթե սանրեին, Սուրբ Սարգսի ձիու ոտքերին թնջուկ կփաթաթվեր ու չէր կարողանա գալ։ Մինչև օրս էլ ժողովրդի օրհնանքի ու անեծքի ժանրում պահպանվում է.«Թնջուկ եղնի, ոտը գա», որը նշանակում է սուրբը կալվի-կապվի ու չկարողանա գալ։ Այսինքն՝ Սուրբ Սարգսի ճանապարհը բացելու գործողություն էին կատարում՝ ակնկալելով, որ նա կմոտենա իրենց երազանքի նախաշեմին։ Դուռը բաց թողնելը, կրակ վառելը, դրանք բոլորը ճանապարհը ցույց տալու գործողություններ են, նշանակում է հոգեպես պատրաստ եմ քեզ դիմավորելու։ Ժողովրդի մեջ տարածված հավատալիք էր նաև, երբ պահքի ժամանակ հավատավորները կտրում են իրենց մազերը և հանձնում քամուն, որպեսզի Սուրբ Սարգսի քամին տանի իրենց բոլոր ցավերը։ Մազ կտրելը ուխտի ձև է, բացի այդ Սուրբ Սարգսի գիշերը պետք է դռները բաց թողնեին ու անպայման կրակ վառեին, անկախ նրանից սուրբն այցելելու էր, թե չէ, կրակ պիտի վառել դռան առաջ։ Դուռը պիտի բաց թողնել այն հավատքով, որպեսզի սուրբը իր զորավոր զորքով, զինավառ այցելի այդ տուն կամ դռնով անցնի։ Կրակը խորհրդանշում է Հիսուսի լույսը, որ այդ ընտանիքում լինի, գուցե հեթանոսական հիմքեր ունի, այնուամենայնիվ կրակի վառելը պարտադիր է։ Օրացուցային տոնի համաձայն, ընդունված է, որ Սուրբ Սարգիսը սիրո ճակատագիր որոշողն է և ամուսնության հովանավորը երիտասարդ զույգի։ Իհարկե, միայն ամուսնության հետ չի կապված, եթե մարդն ընդգծված մուրազ ուներ և հավատավոր է, անպայման այդ գիշեր սուրբը կայցելեր կամ երզում կամ նշան կթողներ։ Նա հավատում էր, որ սուրբը կգա և իր օրհնությունը կբերի տվյալ ընտանիքին։ Սիրո այս հովանավորի տոնին անեկ հաց էին թխում, ուտում ձեթեղեն կերակուրներ, աղի հաց ու բլիթներ գալիք ծարավի համար, որպեսզի այդ օրը երազում Սուրբ Սարգիսն այցելելով տար ծարավի ու տոչորումի սպեղանին՝ ջուրը։ Դրա համար էլ իր բնաբանը՝ «Տեր, տուր ինձ ջուրն այդ, որ երբեք չծարավեմ»-, ասում է Կարինե Սահակյանը։

Մեր զրուցակցի ասելով, սիրո ճանապարհ բացող սուրբն առնչություն ունի նաև հացաբույսերի, մասնավորապես ցորենի և դրանից պատրաստված փոխինդի հետ, որը համարվում էր Սուրբ Սարգսի տոնի ծիսական կերակուրը։ Ըստ, Կարինե Սահակյանի, այդ օրը հալվա էին եփում և գիշերը մատաղի ձևով բաժանում էին եկեղեցու շուրջ հավաքված ուխտավորներին, հալվայի մատաղ էր։ «Փոխինդն ամենաճշգրիտ կերակուրն էր Սուրբ Սարգսի ժամանակ, փոխնդով արված խաշիլի առաջին պատառը, բրդուճը դնում էին դռան շեմին կամ կտուրը՝ նայելով, որ թռչունները գային և փախցնելով տանեին այն ուղղությամբ, որը նրանց երազանքի կամ սպասումների իրականացման հորիզոնն էր։ Եթե գերեզմանոցի կողմը տաներ, չար բան էր գուշակվում, նայած, թե ում տան կողմն էր տանում, ըստ այդմ, մտածում էին, որ այդ կողմերից իրենց համար փեսացու կգա։ Երբեմն սիրո բրդուճը չէր բացվում, այսինքն Սուրբ Սարգիսը չէր այցելել այդ ընտանիքին, բայց մեծ մասամբ ժողովրդի հայեցողության մեջ ընդունված է, որ Սուրբ Սարգիսն իրոք մուրազատու է, իրոք անպայման տեսած երազները կկատարվեն, որովհետև հավատում էին, որ սուրբը իրոք սիրո ճակատագիր որոշողն է։ Դռան դիմաց կամ մի հարթ տեղ, ասենք սեղանին ալյուր փռելուց ու դռները բաց թողնելուց հետո ստուգում էին, թե կա՞ արդյոք ձիու պայտի հետքը ալյուրի վրա, թե՞ չէ։ Ցայսօր էլ պայտ են խփում դռներին, որը նշանակում է՝ Սրբի այցելած տուն է »։
Կարինե Սահակյանի ասելով, մեկն իրեն պատմել է, որ նախքան երկրաշարժը Սուրբ Սարգսի տոնին տեսել է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը լացում էր, պատերից ջուր էր հոսում։ Մտածել է, թե ինչու է եկեղեցին լաց լինում ու հասկացել է, որ վատ տեղաշարժ է լինելու մեր ժողովրդի կյանքում. եկեղեցին հազվադեպ է լաց լինում։

«Սուրբը բազմողորմ է, բոլոր աղաչավորներին ու իր զորությունն ապավինածներին նեցուկ։ Տան մեծը՝ երեցը աղի բլիթ պիտի պատրաստի, որպեսզի ջուր խմելու ցանկություն առաջանա, անկախ նրանից պահեցողություն եղել է, թե չէ, եթե երազը պիտի այցելի երիտասարդներին, անպայման կայցելի», -ասում է էթնոհոգեբանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարինե Սահակյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք