Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ վարկային կազմակերպություններ իրենց կանոնակարգերով «հերքում են» մաթեմատիկան, թվաբանությունը և տարրական տրամաբանությունը

Հունվար 27,2018 19:35

Աշխարհի տարբեր երկրների ժողովուրդների սովորույթների, ապրելակերպի մեջ բազմապիսի էական տարբերություններ կան, սակայն աշխարհում կան մի շարք բաներ, որոնք առայժմ աքսիոմատիկ կերպով ընդհանուր են բոլորի համար: Դրանցից որպես օրինակ կարելի է թվարկել մաթեմատիկան, թվաբանությունը, տարրական տրամաբանությունը և մի շարք նմանատիպ այլ բաներ:

Սակայն, հայաստանյան որոշ ունիվերսալ վարկային կազմակերպություններ (այսուհետ՝ ՈՒՎԿ) թքած ունեն այդ աքսիոմների վրա և առաջնորդվում են իրենց սեփական աքսիոմներով՝ կանոնակարգերով, որոնք ավելի վեր են դասում, քան երկրի օրենսդրությունը, մարդու իրավունքները … և այլ նմանատիպ հույժ կարևոր բաներ: Այս պահին խնդիր դրված չէ անուններ բարձրաձայնել, քանզի դրանցից որոշների մասին բազմիցս են  բարձրաձայնվել, սակայն պատկան մարմինների կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

Այնպես որ, ավելի լավ է խոսենք և բարձրաձայնենք տվյալ ոլորտի այն բացերի մասին, որոնց մասին տեղեկացնելով, նախ տվյալ կազմակերպությունները կփորձեն վերանայել իրենց կանոնակարգերը, երկրորդ՝ հանրությունը գուցե և կարողանա պաշտպանել իր իրավունքները, որպեսզի ՈՒՎԿ-ները՝ կանոնակարգերի անվան տակ բացահայտորեն չխաբեն իրեն: Եվ այսպես, ենթադրենք որևէ վարկառու  որոշակի ժամկետով ու որոշակի տոկոսադրույքով, ասենք՝ երկու տարով վարկ է վերցրել որևէ ՈՒՎԿ-ից: Այդ դեպքում պայմանագրի հետ նրան տրվում է նաև ամսական վճարումների գրաֆիկ՝ մատրիցա, որի տողերը՝ ամիսների օրերն են, իսկ սյուները ունեն մոտավոր հետևյալ պատկերը. մայր գումար, տոկոսի գումար, սպասարկման վճար և տվյալ տողի ընդհանուր գումար: Փորձենք կոնկրետ օրինակի վրա ներկայացնել իրավիճակը, որպեսզի ավելի մատչելի ու հասկանալի լինի:

Ենթադրենք 24 ամսով հատկացվել է 1 200 000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ վարկ և ամսական վճարվելիք գումարն ունի հետևյալ բաշխումը. մայր գումար-24 000 դրամ, տոկոսի գումար-24 000 դրամ, սպասարկման վճար-24 000 դրամ: Նախ ասեմ, որ այդ սպասարկման  վճարների չափը օդից վերցրած թվեր են՝ զուրկ որևէ հիմնավորումից, բայց դա դեռ ոչինչ, քանզի ՈՒՎԿ-ն կարող է ասել, որ սրանք են մեր պայմանները, ձեռք է տալիս, վերցրեք վարկը, ձեռք չի տալիս, մի վերցրեք, ձեզ պարտադրող չկա: Ընդունենք, որ վարկառուն համաձայնել է ՈՒՎԿ-ի առաջարկած պայմաններին և ստորագրել է համապատասխան վարկային պայմանագիր, այդ դեպքում, եթե նա ամիսը մեկ  անգամ է վճարում սահմանված գումարը, ապա ամեն ինչ կընթանա նորմալ՝ ըստ գրաֆիկի: Ենթադրենք տվյալ վարկառուի բախտը բերում է և նա վիճակախաղով կամ որևէ հարազատի կողմից չնախատեսված մեծ գումար է նվեր ստանում, ասենք՝ 1 000 000 (մեկ միլիոն) դրամ և որոշում է ժամկետից շուտ այդ մեկ միլիոն դրամը միանվագ կերպով վճարել որպես մայր գումարի մարում (փաստացի, այդ քայլով փոխվում է վճարումների գրաֆիկը), փորձենք հասկանալ, թե այդ դեպքում ինչ պետք է տեղի ունենար վճարումների գրաֆիկի հետ և այդ նշված ՈՒՎԿ-ներն իրականում ինչպես են վարվում: Նախ, չգիտես ինչու, այդ ՈՒՎԿ-ների որոշ մասը հաճախ անտեսում է, որ վճարման հանձնարարագրում նշված է մայր գումարի մարում, հետևաբար, փոխանակ այդ չափով նվազեցնելու մայր գումարը, և որպես հետևանք փոփոխելու նաև տոկոսի ու  սպասարկման վճարի գումարների չափը ու կազմելու վճարումների նոր գրաֆիկ՝ մնացորդ գումարի (200 000 դրամ) նկատմամբ, նրանք նախ այդ գումարի չափով միաժամանակ՝ կամայականորեն նվազեցնում են և մայր գումարից, և տոկոսների գումարից, որը բացի իրավական ու ֆինանսական կոպտագույն խախտում լինելուց, նաև վարկառուի՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է և հետո միայն նվազեցված մայր գումարի ու նվազեցված տոկոսի գումարի նկատմամբ կիրառում վերահաշվարկ, իսկ ամսական սպասարկման վճարի գումարի չափը՝ 24 000 դրամը թողնում են անփոփոխ:

Այլ խոսքով, անում են այնպես, որ վարկառուն մինչև մնացորդ մայր գումարի լրիվ մարումը, դեռ այդքան ամիսներ շարունակ, պարտադրված լինի ամսական վճարել նաև այդ չարաբաստիկ՝ հորինված 24 000 դրամ ամսական սպասարկման վճարը: Եկել է պահը և ՈՒՎԿ-ներին ուզում եմ հուշել. այդ 24 000 ամսական սպասարկման վճար կոչվածը մեկ ամբողջ ամսվա (30 կամ 31 օրվա) համար նախատեսված ծառայության մատուցման սպասարկման վճար է, և մայր գումարի նվազեցումից հետո, իրենք պարտավոր են կազմելու ամսական վճարումների նոր գրաֆիկ, որտեղ պետք է մնացորդ մայր գումարի նկատմամբ սահմանվի սպասարկման գումարի նոր՝ համամասնական չափ, որն էլ 30-ի կամ 31-ի վրա բաժանելուց, կստացվի մեկ օրվա՝ փոփոխված սպասարկման վճարի գումարի չափը, այլ ոչ թե, ինչպես իրենք են մեկնաբանում, հերթական վճարումից մեկ օր անց անգամ, իրենք իրավունք ունեն ամբողջովին գանձելու (այն էլ նախկին) 24 000 դրամ գումարը: Արդյունքում  ստացվում է, որ և 1 200 000-ի դեպքում են սահմանում ամսական 24 000 դրամ սպասարկման վճար, և մեկ միլիոն դրամ գումարի վճարումից հետո, մնացորդ 200 000 դրամի դեպքում են սահմանում ամսական նույն 24 000 սպասարկման վճարը: Եվ այդ ամենն այն դեպքում, եթե նույն ՈՒՎԿ-ից մարդը վերցնում է 200 000 դրամ վարկ, ապա ըստ իրենց տված վճարումների գրաֆիկի, ամսական սպասարկման վճար են սահմանում 4 000 դրամ: Փաստացի, մի դեպքում նույն 200 000 դրամի դեպքում, նույն ՈՒՎԿ-ն սահմանում է ամսական 4 000 դրամ սպասարկման վճար, մեկ այլ պարագայում, երբ տեղի է ունենում մայր գումարի արտահերթ մարում և վարկի մայր գումարի մնացորդը դառնում է նույն 200 000 հազար դրամը,  սահմանում է ամսական 24 000 դրամ սպասարկման վճար: Այ քեզ աբսուրդ…: Թող որևէ մեկը փորձի տալ այս աբսուրդի  բացատրությունը, այսինքն` սա ինչ թվաբանություն է, գուցե և հասկանանք…

Սույն նյութին առնչվող կան նաև մի շարք այլ աբսուրդներ և անհրաժեշտության դեպքում, դրանք կներկայացվեն հետագայում…

Հուսանք, որ վերը ներկայացվածն օգտակար կլինի մեր վարկառուների համար, որպեսզի նման դեպքերում նրանք կարողանան ճիշտ պաշտպանել իր շահերը, քանզի մշտապես առնչվում ու առնչվելու են նմանատիպ և համարժեք այլ խնդիրների հետ…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031