Լրահոս
Օրվա լրահոսը

Համազգային թատրոնի անդավաճան դերասանը՝ Արման Նավասարդյան

Հունվար 31,2018 12:30

«Առավոտի» զրուցակիցը՝ դերասան Արման Նավասարդյանը, շուրջ 20 տարիների բեմական գործունեության ընթացքում զուգահեռում է թատրոնը կինոյի հետ: Նրան հաճախ անվանում են «անդավաճան»՝ նկատի ունենալով 1999-ից Համազգային թատրոնում դերասանի գործունեությունը մինչ օրս: Մեզ հետ զրույցում արվեստագետն ասաց. «Տաթեւիկ Ղազարյանի, Ալլա Սահակյանի, Վարդան Մկրտչյանի, Գագիկ Մադոյանի հետ ուսանել ենք Սոս Սարգսյանի արվեստանոցում (ասիստենտ՝ Դավիթ Հակոբյան) եւ 1999-ից, ինչպես ասում են՝ ներմուծվել թատրոն: Իմ դեպքում՝ մուտքս Համազգային թատրոն համարում եմ 2005թ., երբ վստահեցին գլխավոր դերեր միանգամից երկու պիեսում: Դրանք Էդմոն Ռոստանի «Ռոմանտիկներն» էին (ռեժիսոր՝ Սաթենիկ Մաթեւոսյան) եւ Ռոբերտ Լամուրեի «Ախ կանայք, կանայք» կատակերգությունը (ռեժիսոր՝ Վիգեն Ստեփանյան)»: Տարիների ընթացքում դերասանը խաղացել է ավելի քան 20 ներկայացումներում, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի, Սերժ Ավետիքյանի եւ մյուսների աշխատանքներում:

Հետաքրքրությանը՝ հիմա էլ պատրաստվում է գարնանը թատերասեր հասարակայնությանը ներկայանալ Բարոնի կերպարով՝ Մաքս Ֆրիշի «Սանտա Կրուս» դրամայում, մեր զրուցակիցը հաստատեց ու տեղեկացրեց, որ թեեւ դերաբաշխումը դեռ չի եղել, բայց ինքը ընդգրկված է չալդրանյանական հաջորդ՝ Լեւոն Շանթի «Կայսրը» բեմադրության մեջ, նշելով, որ ուսանողական տարիներին հենց Կայսր է մարմնավորել ռեժիսոր Սաթենիկ Խաչատրյանի դիպլոմային աշխատանքում: Հայտնեց նաեւ, որ շուրջ երեք տարի առաջ, երբ Չալդրանյանը հրավիրվել է Համազգայինի թատրոն՝ բեմադրելու «Համլետը», ինքը նույնպես ընդգրկված է եղել այդ բեմադրության մեջ:

Հասարակության լայն շրջանակներում Արման Նավասարդյանը ընկալվում է իբրեւ կատակերգու դերասան, թեեւ խաղացել է նաեւ այլ կերպարներ: Այս դիտարկմանն ի պատասխան՝ դերասանն ասաց. «Ինձ վերջին շրջանում ավելի շատ պատկերացնում եմ տրագիկոմեդիայի ժանրում: Նկարահանվել եմ 18 ֆիլմում, այդ թվում՝ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ», «Սպանված աղավնի», Բելգիա-Ֆրանսիա-Հայաստան համատեղ արտադրության «Բրավո, վիրտուոզ» (ռեժիսոր՝ ֆրանսաբնակ Լեւոն Մինասյան) եւ այլ ֆիլմերում: 2011թ. նկարահանված «Ես եմ» ֆիլմը վերջին աշխատանքն էր վարպետիս՝ Սոս Սարգսյանի, որի հետ պատիվ ունեցա խաղալ»: Հավելեց նաեւ, թե այս պահին շարունակվում է նկարահանվել Ռուսաստանում ռեժիսոր Կոնստանտին Սմիրնովի նոր աշխատանքում (ֆիլմի վերնագիրը դեռ որոշված չէ). «Սա կատակերգական կերպար է ու միակ հայ դերասանն եմ: Պրեմիերան կկայանա ռուսաստանյան TV-ներից մեկով»: Հարցին՝ այս անգա՞մ ինչպես ընտրեցին դարձյալ իրեն, Արման Նավասարդյանը հավաստիացրեց. «Հայի կերպարի համար շուրջ երկու տարի քաստինգ էր հայտարարված եւ Համազգայինի էլեկտրոնային փոստը նամակ էր ստացել… Կարճ ասած՝ չորս դերասաններից ընտրեցին ինձ»:

Արման Նավասարդյանը «Արտավազդ» մրցանակաբաշխությունում 2014թ. արժանացել է Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակի՝ Համազգայինի «Արտավազդ Շիդար» ներկայացման համար (ռեժիսոր՝ Արմեն Մեհրաբյան), 2017-ին էլ՝ «Լավագույն տղամարդ դերասան» Ուկրաինայում (Խերսոնում) 10-րդ անգամ անցկացվող Մելպոմենա Տավրիի փառատոնում, Դանիիլ Խարվիսի «Լյու- բով» ներկայացման գլխավոր դերակատարման համար: Ռեժիսոր Նարինե Գրիգորյանի «Լյու- բով» բեմադրությունն էլ 11 երկրից 36 ներկայացումների թվում ճանաչվեց լավագույնը:

Կեսկատակ-կեսլուրջ հիշեցնելով, որ դերասանը նաեւ զբաղվում է արտասահմանյան ֆիլմերի հնչյունային կրկնօրինակումներով, մեր զրուցակիցը նույնպես կատակեց. «Հավանաբար դրանք հազարի են հասնում կամ մոտ այդ թվին…»: Դիտարկմանը, թե հնչյունային կրկնօրինակման ոլորտում մինչ օրս նշաձող է Խորեն Աբրահամյանի Համլետի «ձայնային մարմնավորումը», մեր զրուցակիցն ասաց. «Հավանաբար նկատի ունեք արտասահմանյան ֆիլմերի մերօրյա ոչ բարձրարվեստ կրկնօրինակումները: Հավաստի ասում եմ, որ դա կրկնօրինակող դերասանի հետ բացարձակ կապ չունի: Այս դեպքում մեղավորը միայն ժամանակն է ու գումարը»: Հետո էլ կարծես արդարացնելով ասվածը, նշեց. «Չէի ասի, թե այդքան սարսափելի են ֆիլմերի հայերեն հնչյունային կրկնօրինակումները: Հիշո՞ւմ եք՝ կային ժամանակներ, երբ արտերկրի ֆիլմերը ռուսերեն կրկնօրինակվում էին ընդամենը մեկ արտիստի միջոցով: Եվ հետո՝ երբ նշում եք, օրինակ՝ Խորեն Աբրահամյանի Համլետի կրկնօրինակումը, ապա դերասանը դրա վրա աշխատել է ամիսներ…»:


Զրույցի ընթացքում շոշափվեց հայաստանյան սերիալներում նրա «չմասնակցությունը»: Այս առիթով մեր զրուցակիցը ընդամենը փաստեց ռուսաստանյան սերիալների ռեժիսորների աշխատաոճից մեկ դրվագ. «Մասսայական տեսարաններում նույնիսկ նրանք հրավիրում են դերասաններ թատրոններից: Անգամ մեկ ռեպլիկի համար հաստատվում է պրոֆեսիոնալ դերասան…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

30.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարիամ says:

    Շնորհալի է, բայց մի քիչ կրկնվում է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031