Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցահանդես-ցերեկույթ՝ նվիրված անվանի ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանին (Ֆոտոշարք)

Հունվար 31,2018 17:42

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում այսօր՝ հունվարի 31-ին, բացվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, սցենարիստ, կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանին նվիրված ցուցահանդեսը։ Մոտ մեկ ամիս շարունակ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալ Ֆրունզե Դովլաթյանի կենսագրական նյութերին, արխիվային տվյալներին, որոնք տրամադրել է նրա կինը՝  Իռեն Օրդուխանյանը։

«Այստեղ ներկայացված են շատ տարբեր իրեր՝ սկսած իր մրցանակներից մինչև լուսանկարներ, և ինձ համար կարևոր նշանակություն ունեցող մասունքներ՝ օրինակ իր նամակը Փարաջանովին։ Կային բաներ, որոնք անգամ ես չէի հիշում, քանի որ իր արխիվը մոտ 20 տարի է՝ ինչ այստեղ է գտնվում, օրինակ «Բարև ես եմ»-ի ռեժիսորական սցենարը , որի վրա նա մեծամեծների ասացվածքներն է գրել, որով որ շարժվել է նկարելիս»,-լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Դովլաթյանը: Ֆրունզե Դովլաթյանի որդին փաստում է ՝ արխիվները շատ են, ոչ միայն իր այլև իր ընկերների տանը, միայն պետք է դրանց հետ ճիշտ աշխատել։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը նշում է, որ փորձել են ցուցադրության մեջ շեշտադրումն անել ժամանակի վրա։ Ներկայացված են այն ժամանակի նյութերը, որտեղ իր հաղթ հասակով է կանգնած Ֆրունզե Դովլաթյանը։

«Այսօր պիտի փորձենք արժանին մատուցել մեծ արվեստագետին 90 ամյակի առիթով, նամանավանդ որ կինոարվեստի հեռանկարների շուրջ մտահոգությունը շատ մեծ է։ Վերջին ամիսներին լուրջ քայլեր են արվում և՛ մշակույթի նախարարությունում և՛ կինոգործիչների միությունում նոր շնչառություն հաղորդելու համար, իսկ մեր ժառանգության մեջ ականավոր ներկայացուցիչն է նաև ֆրունզե Դովլաթյանը»։

Լրագրողների այն հարցին, թե ներկայացված ցուցանմուշներից որի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի Կարո Վարդանյանը, թանգարանի տնօրենը պատասխանեց. «Եթե հարցը սադրիչ հարց է, ես էլ սադրիչ պատասխան կտամ։ Այս մարդը հնարավոր բոլոր տիտղոսներն ու կոչումներն ուներ, բայց ուներ նաև ստալինյան մրցանակ։ Ինչի՞ դա հիշեցի, պատկերացրեք նա 23 տարեկանում որպես Սունդուկյան թատրոնի դերասան է ստացել այդ մրցանակը, երբ իր խաղընկերները՝ Փափազյան, Ներսիսյան, դեռևս չունեին նման մրցանակ. հետաքրքիր իրողություն է»։

Կինոգետ Սիրանույշ Գալստյանը կինոռեժիսորին նվիրված ցերեկույթի ժամանակ ընդգծեց, որ եթե այժմ ուսանողական դասերը սկսված լինեին, համոզված է ՝ դահլիճում ոտքի վրա կանգնած շատ ուսանողներ կտեսնեինք. «Հաճախ դասերի ժամանակ լսում եմ և զարմանում և միաժամանակ չեմ զարմանում, որ նոր սերնդի մեջ կան այնպիսի երիտասարդներ, որոնք հասկանում են անցյալում կերտված մեծ արժեքների նշանակությունը, որովհետև այսօր մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մեզ կարծես հուշում են անընդհատ, որ պետք է կտրվել անցյալից, մոռանալ արմատների մասին»։ Ըստ կինոգետի՝ կան երիտասարդներ ովքեր գիտեն և նայել են Ֆրունզե Դովլաթյանի ֆիլմերը, ճանաչում և գնահատում են բարձր արժեքները։

Կարինե Կիրակոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031