Լրահոս
Օրվա լրահոսը

«Կադաստրը չի գրանցում, որովհետեւ ԴԱՀԿ արգելանքի տա՞կ է գույքը, գլուխը պատի՛ն է տալիս որեւէ պետական մարմին». Արփինե Հովհաննիսյան

Հունվար 31,2018 17:48

ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանն այսօր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում փոփոխությունների նախագիծ:

Գործող օրենսդրությամբ, ըստ Միհրան Պողոսյանի, անձը, ունենալով սեփականության իրավունք իր գույքի նկատմամբ, երբեմն հայտնվում է ԴԱՀԿ-դատարան-կադաստր կարուսելի մեջ: Երբ անձը, դիմում է իրավասու դատարան գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով, դատական կարգով պահանջը բավարարվում է, դիմում է կադաստր՝ սեփականության իրավունքը գրանցելու համար, չեն գրանցում, եթե տվյալ գույքի նկատմամբ առկա է ԴԱՀԿ –ի կողմից կիրառված արգելանք: ԴԱՀԿ-ն ունի գույքն արգելանքից հանելու իր հիմքերը, ու ստացվում է, որ անձը դիմում է դատարան, դատական ծախսեր է կատարում, իր սեփականության իրավունքը հաստատում վեճի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ, սակայն օրենքի բացի արդյունքում իր իրավունքը նշված գույքի նկատմամբ պետական գրանցում չի ստանում, մնում է ԴԱՀԿ-ի արգելանքի տակ: Այս ամենը հանգեցնում է նրան, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաեւ՝ անձի սեփականության իրավունքի իրացումը մնում են անկատար: Նա նորից պիտի դիմի դատարան՝ այս անգամ գույքն արգելանքից հանելու պահանջով: Այսինքն՝ մի քանի անգամ պտտվի այդ օղակներով:

Միհրան Պողոսյանն ասաց, որ իր 9 տարվա փորձը ցույց է տվել, որ խնդիր կա, դեպքերը բազմաթիվ են. «Սա գնահատում եմ՝ որպես քաղաքացու քաշքշուկ, գնահատում եմ՝ որպես կոռուպցիայի աղբյուր եւ գտնում եմ, որ կարգավորում պետք է տալ օրենքով»: Առաջարկվող կարգավորումն այն է, որ եթե ի սկզբանե կա դատական ակտ, որ այդ գույքը տվյալ անձին է պատկանում, գույքը պետք է արգելանքից հանի ԴԱՀԿ-ն: Խոսքը մեկ այլ անձի գործով արգելանքների մասին է, այսինքն, այն դեպքերի, երբ երրորդ անձի գույքն է ԴԱՀԿ-ն արգելանքի տակ վերցրել:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, եթե ես ունեմ սեփականության վկայական, ինչո՞ւ պիտի ԴԱՀԿ-ի սխալ արգելանքի համար նորից գնամ դատարան, որ ապացուցեմ, որ իմ տունն է, ԴԱՀԿ-ում դեռ պետք է ներողություն խնդրեն, նույնիսկ այդ քաղաքացին իր վնասի փոխհատուցում պետք է պահանջի ԴԱՀԿ-ից:

Միհրան Պողոսյանն էլ պատասխանեց, որ սա վերաբերում է երրորդ անձի սեփականությանը. «Չենք խոսում այն շարքային քաղաքացու մասին, որն ունի սեփականության վկայական: Չի եղել մեկ դեպք, երբ դատարանը չի տվել արգելանքից հանելու որոշումը, պրակտիկան խոսում է, որ սա պարզապես խոչընդոտ է, որ ստեղծել ենք քաղաքացու համար, հիմա առաջարկում եմ հանել այդ խոչընդոտը: ԴԱՀԿ-ն չի կարող հանել արգելանքը, կադաստրն իրավունք չունի գրանցել գույքը»:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ Միհրան Պողոսյանը այլ օրենքում պետք է փոփոխություն անի, ոչ թե ԴԱՀԿ-ի: Նա առաջարկեց, որ եթե խոսքը վերաբերում է նրան, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը որեւէ պետական մարմին, մասնավորապես կադաստրը չի կատարում, ուրեմն Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում սեւով սպիտակի վրա դա գրվի, եթե ինքը լավ չի ընկալում օրենքը: Հարկադիրը դատական ակտի հիման վրա չպիտի հանի արգելանքից: Եթե կադաստրը չի գրանցում, ուրեմն իրենց օրենքով պետք է գրվի՝ բարի եղեք փոխեք գրանցումը: Եթե կադաստրը չի գրանցում, դա պրոբլեմ է իր համար ու եթե ասում են՝ արգելանք կա՝ չեմ գրանցում, գրեք իրենց օրենքում: Կա վերաբերելի պետական մարմին ու եթե կադաստրը դա չի արել, պրոբլեմն առաջինը կադաստրից է, հարկադիրը վերջին կետն է, բա մեջտեղի օղակում մենք ոչ մի անելիք չունե՞նք, հարկադի՞րը պիտի շտկի կադաստրի սխալը: Ինչի՞ պետք է հարկադիրը լուծի մի խնդիր, երբ մեջտեղի մարմինը խնդիր է սարքել, բա մեջտեղի մարմնի համար պրոբլեմ չկա՞, պետք է նստենք այստեղ ասենք՝ կադաստրը չի գրանցում, որովհետեւ ԴԱՀԿ արգելանքի տա՞կ է գույքը, գլուխը պատին է տալիս որեւէ պետական մարմին»:

Միհրան Պողոսյանն արձագանքեց. «Եթե արգելանքի տակ գույք կա, կադաստրը չի կարող գրանցի, չգիտեմ գլուխը պատին է տալիս, թե ինչ է անում, բայց 10 տարի է այդպես է աշխատում»:

Միհրան Պողոսյանին հանձնաժողովում հորդորեցին իր նախագիծը հետ տանել, վերաձեւակերպել ու նոր բերել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031