Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը` լրագրողներին. «Դուք ինձ հարգեք, ես էլ ձեզ կհարգեմ»

Հունվար 31,2018 18:33

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հունվարի 31-ին այցելեց Թումո: Նա ասաց, որ իր այցելությունը Թումո պատահական չէ: Նրա ձեւակերպմամբ, Թումոն ցույց է տալիս, թե Հայաստանն ուր պետք է գնա` գյուղատնտեսությունից մինչեւ արդյունաբերություն, բանկային համակարգ:

Արմեն Սարգսյանի խոսքով, կա մի ուղղություն, որը բնական քիչ ռեսուրսներ ունեցող Հայաստանին տանելու է 21-րդ դար. «Այդ ուղղությունը ժամանակակից տեխնոլոգիաներն են, դրանց տարածումը շուկայում, եւ այդ շուկան առնվազն Եվրասիական տարածքն է, ու քանի որ Հայաստանը ստեղծում է ԵՄ-ի հետ ավելի խորը հարաբերություններ, մենք կամուրջ ենք դառնում: Սա ոչ թե ծրագիր է, երազանք, այլ իրականություն է, որովհետեւ Թումոն է իրականություն»:

Նախագահի թեկնածուն անդրադարձավ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի օրինակով Փարիզում համանման կենտրոն բացելուն, ու փաստեց. «Դա ֆանտաստիկ օրինակ է, որ փոքր Հայաստանն այսօր արտահանելու է այս կրթական համակարգը, սրա հիման վրա կարելի է շատ ուրիշ փորձեր անել»:

Արմեն Սարգսյանը չցանկացավ իր վերաբերյալ հարցերի պատասխանել, ասաց, որ այս տեսակ հանդիպումներով նախապատրաստվում է ՀՀ նախագահի հետ հանդիպմանը, սակայն օր չնշեց: Ընդամենն ասաց, որ դա կլինի օրենքով նախատեսված ժամանակահատվածում:

Իրեն ուղղված մի քանի հարցից հետո էլ հավելեց. «Ժուռնալիստների նկատմամբ իմ հարգանքը շատ խորն է, ես ձեզ դաս չեմ տալիս, ուղղակի ասում եմ իմ սպասելիքը` պայքարեք վատի դեմ, բայց նաեւ քաջալերեք լավը: Եթե ես որոշում ընդունեմ նախագահի հետ հանդիպումից հետո, անպայման կհանդիպեմ ձեզ հետ ու կպատասխանեմ ձեր հարցերին: Կա լրագրողական էթիկա… Դուք ինձ հարգեք, ես էլ ձեզ կհարգեմ: Եվ եթե նախագահ ընտրվեմ, ամեն ինչ անելու եմ, որ այս մասնագիտությունը մի կարգ ավելի բարձրանա»:

Պատասխանելով այն հարցին` արդյոք ծանոթ է Հայաստանի խնդիրներին, նախագահի թեկնածուն ասաց, որ ինքը Հայաստանից չի գնացել, հաճախ Հայաստանում է եղել, եւ գուցե փողոցում իրեն տեսնողները չճանաչեին, որովհետեւ կա նաեւ այդպիսի սերունդ:

Նա նաեւ հավելեց, որ Արցախի իշխանությունների հետ եւս նպատակ ունի հանդիպել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031