Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվա-Բաքու ռազմատեխնիկական «բիզնեսը» կծաղկի՞

Փետրվար 01,2018 12:00

«Մնացել են մի քանի տեխնիկական հարցեր»

ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն օրերս ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում որոշ մանրամասներ է հայտնել Կրակովում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից:
«Կրակովում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը քննարկվել են հարցեր՝ կապված ռազմական ռիսկերի նվազեցման, այդ թվում` հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հետ:

Նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների պատրաստած փաստաթղթին, որն առաջարկում է լրացուցիչ 7 դիտորդների գործունեություն»,- ասել է Պոպովը: Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին Շվեյցարիայում կայացած բանակցություններում որոշում կայացվեց ակտիվացնել բանակցային գործընթացը եւ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված շփման գծում լարվածության թուլացմանը: Դրանից հետո համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ինչպես նաեւ օգնել են կազմակերպել Կրակովի հանդիպումը: «Մնացել են մի քանի տեխնիկական հարցեր, որոնք դեռ պետք է համաձայնեցնել՝ նախքան կգործարկվի ընդլայնման մեխանիզմը»,- հավելել է ռուսաստանցի համանախագահը:

Պոպովը նաեւ նշել է, որ բանակցություններում առաջարկվել է քննարկել ԼՂ կարգավորման առավել բարդ ասպեկտներ, որոնք խոչընդոտում են խնդրի լուծմանը. «Դրանք նոր չեն, կողմերը դրանք բազմիցս բարձրաձայնել են, եւ վերաբերում են կարգավիճակի որոշմանը եւ տարածքային խնդիրներին»: Պոպովը պարզաբանել է, որ համանախագահները կփորձեն օգնել գտնելու ընդունելի լուծում, եւ ակնկալում են հստակեցնել կողմերի դիրքորոշումները փետրվարի առաջին տասնօրյակում տարածաշրջան նախատեսվող իրենց այցի եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ընթացքում: «Որպես միջնորդներ՝ մենք հանդես ենք գալիս բարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակության օգտին: Կարծում ենք, որ դա այլընտրանք չունի: Միայն իրենք՝ կողմերը, արտահայտելով քաղաքական կամք, կարող են հանգել փոխզիջումային լուծման, որը վերջ կդնի այս ձգձգվող հակամարտությանը… Մեր կողմից մենք ջանքեր ենք գործադրում՝ Բաքվին ու Երեւանին առաջարկելու իրենց համար ձեռնտու տարբերակներ, եւ դրա մասին կխոսվի տարածաշրջանում: Երբ կողմերը պատրաստ լինեն հանդիպման, հնարավոր կլինի երկու երկրների առաջնորդներին, հաշվի առնելով նրանց աշխատանքային գրաֆիկը, առաջարկել համապատասխան տարբերակներ, այդ թվում՝ գագաթնաժողովի անցկացման ձեւաչափը եւ ժամկետները»,- ասել է Պոպովը: Նկատենք, որ անցյալ շաբաթ ճեպազրույցում Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան էլ նշել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում կարեւոր է ոչ թե բանակցությունների ակտիվությունը, այլ դրանց արդյունավետությունը:

Ռազմական նոր պայմանագիր՝ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ

Մինչ պաշտոնական Մոսկվան Ղարաբաղյան կարգավորման գործընթացում արդյունավետություն է ակնկալում ու կարեւորում շփման գծում լարվածության թուլացման հաստատումը՝ հետաքրքրական լուրեր ստացվեցին ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության հեռանկարների մասին:

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն ուշագրավ տեղեկություն հայտնեց: Ըստ գործակալության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, թե Բաքուն նոր բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում պայմանագրի շուրջ: «Դա գործընթաց է, որը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Այժմ բանակցություններ են ընթանում: Դուք ավելի լավ գիտեք, որ ռուսական ռազմական արդյունաբերությունն առաջընթաց է ապրում, ի հայտ է գալիս նոր ժամանակակից սպառազինություն: Ինձ համար այժմ դժվար է խոսել ինչ-որ կոնկրետ տեսակների մասին, բայց ընդհանուր առմամբ մեր համագործակցությունն այդ ոլորտում բեղուն է»,- ասել է Ալիեւը:

Ընդ որում` ռուսաստանյան գործակալությունը հղում էր անում Ալիեւին՝ տեղեկացնելով, թե նշել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ «5 միլիոն դոլարի» պայմանագրեր է կնքել, մինչդեռ հայտնի է, որ խոսքը 5 միլիարդ դոլարի կնքված պայմանագրերի մասին է: «Դրանց մեծ մասն իրականացվել են: Մենք ստացել ենք գնումները: Այժմ կաշխատենք համագործակցության հետագա ծրագրերի շուրջ: Ոչ մի սահմանափակում Ադրբեջանում եւ Ռուսաստանում չկա»,- հավելել է Ալիեւը:

Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարությունը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին կրկին արդարացիորեն կրքեր բորբոքեց: Ասել, թե Ադրբեջանի նախագահի հայտարարությունն անսպասելի էր՝ չափազանցություն կլիներ: Մոսկվայի ու Բաքվի հարաբերություններն այն մակարդակի վրա են, որ չի կարելի բացառել նոր գործարքները:

Առավել անհասկանալի են իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից «արդարացումները», թե՝ մենք բոլոր մակարդակներով հարցը բարձրացնում ենք, Ռուսաստանը սուվերեն պետություն է, ինքն է որոշում՝ որ երկրի հետ ինչ պայմանագիր կնքի եւ այլն…

Այո, դա այդպես է, բայց հարցն այն է, թե հայկական կողմն ի՞նչ է հակադրում այդ պայմանագրերին, մենք փորձո՞ւմ ենք այլ երկրներից էլ ստանալ անհրաժեշտ սպառազինություն կամ, հաշվի առնելով Ալիեւի հետ ռազմական համագործակցությունը, իսկ ավելի ճիշտ՝ Մոսկվայի շարունակական «բիզնեսի» ծաղկման գործընթացը հայկական շահերի պաշտպանության հարցում, Ռուսաստանից այլ հարցերում փորձո՞ւմ ենք ստանալ ավելին, քան կարող է ստանալ Ալիեւը:

Ադրբեջանը` Եվրոպայում ծանր սպառազինություն ներկրող թիվ մեկ երկիր

Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինմանը, ապա դրա ծավալների մասին տեղեկությունները պարբերաբար ի հայտ են եկել: 2015թ. մարտին հրապարակվեց Ստոկհոլմում գործող խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի՝ SIPRI-ի տարեկան զեկույցը, որն ազդարարում էր, որ Ադրբեջանը սպառազինությունների գնումների ծավալն ավելացրել է 249 տոկոսով: Զենքի եւ զինամթերքի համաշխարհային շուկայի ուսումնասիրություններով զբաղվող ամենահեղինակավոր հետազոտական կենտրոններից մեկի մասնագետները, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, նշել էին. «Եվրոպայում զենքի ներկրումների ընդհանուր ծավալի 13 տոկոսը բաժին է ընկնում Ադրբեջանին»: Այս ցուցանիշով Ադրբեջանը ողջ մայրցամաքում զիջում է միայն Մեծ Բրիտանիային, այն էլ՝ աննշան:

Խաղաղության ուսումնասիրության կենտրոնի փորձագետները չէին շրջանցում նաեւ Բաքվի կողմից ձեռք բերվող զենքի ծագման հարցը. «Ադրբեջանը սպառազինությունների 85 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից»:

2016թ. փետրվարին Ստոկհոլմի Խաղաղության միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտը հրապարակեց մեկ այլ զեկույց, որում նշվում էր, որ 2011-2015 թվականներին, 2006-2010-ի համեմատ, Ադրբեջանը 217 տոկոսով ավելացրել է ծանր սպառազինության ներկրումը՝ այդպիսով դառնալով Եվրոպայում ծանր սպառազինություն ներկրող թիվ մեկ երկիրը: SIPRI-ի փոխանցմամբ՝ նույն ժամանակահատվածում Ադրբեջանը յոթ անգամ ավելացրել է Ռուսաստանից սպառազինության ներմուծումը. եթե 2006-2010 թվականներին ռուսաստանյան սպառազինության ամբողջ արտահանման միայն 0.7 տոկոսն էր գնացել Ադրբեջան, ապա 2011-2015-ին՝ 4.9 տոկոսը:

«Վերջին հինգ տարում Ռուսաստանը զենք է մատակարարել 50 երկրների։ Հիմնական գնորդների ցանկում փոփոխություններ չեն եղել՝ Հնդկաստան, Չինաստան, Վիետնամ։ Վիետնամը վերջին հինգ տարիներին զենքի ծավալներն ավելացրել է շուրջ 700 տոկոսով եւ այդ առումով բացարձակ առաջատար է աշխարհում… Միեւնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է մնալ Ռուսաստանի հավատարիմ գնորդը։ Իր զինանոցի պարունակության 80 տոկոսը Բաքուն Ռուսաստանից է ձեռք բերում, իսկ որոշ զինատեսակներ էլ ներմուծում է Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից եւ Թուրքիայից։ Ռուսական զենքի առաքումները Եվրոպա աճել են հիմնականում Ադրբեջանին վաճառվող զենքի հաշվին. 2011-2015թթ. Ադրբեջանին վաճառված ռուսական զենքը կազմել է զենքի ամբողջ արտահանման 4,9 տոկոսը՝ այն դեպքում, երբ 2006-2010թթ. ցուցանիշը կազմել է ընդամենը 0,7 տոկոս»,- ասվում էր զեկույցում։

Ամփոփումը՝  «Առավոտ»-ի փետրվարի 1-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 31.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728