Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարոն ջան, սիրուն չի»

Փետրվար 01,2018 19:55

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վերջերս նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` հորդորելով Երեւանի տրանսպորտային խնդիրները լուծել մետրոպոլիտենի կիսատ մնացած կայարանների շահագործումն ավարտին հասցնելով:

Արամ Սարգսյանը հիմնավորել է. «Մետրոյի ցանցի զարգացումը կլուծի ոչ միայն տրանսպորտային, այլև պաշտպանական խնդիրները. Հայաստանի բնակչության գրեթե կեսը կենտրոնացած է մայրաքաղաքում»:  Նաեւ կարծում է, որ ինքը չպետք է հուշի ծրագրի ֆինանսավորման հնարավոր աղբյուրների հասցեները:

Հիշեցնում է. «Տարիներ շարունակ տարբեր մասնագետներ («Արթունի» ղեկավար Հմայակ Հակոբյան, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան, Պետպլանի նախկին աշխատակից Սուրեն Սարգսյան) ներկայացրել են իրենց առաջարկները Աջափնյակում գոնե 1-2 կայարանի շահագործման վերաբերյալ, որտեղ միայն թունելների, ենթակառուցվածքների մի մասի կառուցման վրա դեռևս սովետական շրջանում ծախսվել են ահռելի միջոցներ, որոնք մինչ օրս կոնսերվացված են: 2018թ. աշնանը կնշվի Երևանի 2800-ամյակը: Երևանցիները, ավանդույթի համաձայն, պատրաստ կլինեն մասնակցել համաժողովրդական շինարարությանը և՛ դրամահավաքով, և՛ անհատույց աշխատանքով, և՛ մասնագիտական խորհուրդներով: Ապագա «Աջափնյակ» կայարանի հարակից տարածքում գտնվող մի շարք հիմնարկներ, մասնավորապես՝ «Թումո» կենտրոնը, հավանաբար, շահագրգիռ կլինեն ֆինանսապես աջակցելու կայարանի կառուցմանը»:

Արամ Սարգսյանին պատասխանել է Տարոն Մարգարյանի խորհրդական Ա. Գեւորգյանը: Ասում է` իրենք պատրաստակամ են անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում քննարկել Երեւանի մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման եւ դրա հետագա զարգացման հետ առնչվող ցանկացած առաջարկ:

Առաջին անգամ քաղաքապետ ընտրվելիս Տարոն Մարգարյանը խոստանում էր բարելավվել մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը: Այս անգամ էլ խոստացավ: Կարգախոսներն էին միայն տարբեր: Առաջին անգամ միայն խոստացան, հիմա, ասում են`գործ են անում: Միջազգային WYG խորհրդատու ընկերությունը մեր մայրաքաղաքի համար նախագծել է եվրոպական չափորոշիչներին համապատասխան տրասնպորտային մոդել. առաջարկվում է մոտ 3 անգամ կրճատել ընդհանուր ցանցի երկարությունը, այդքան էլ` երթուղիների թիվը: Այսինքն, գործող 115 փոխարեն շահագործել 42 երթուղի։

Բնականաբար, կօպտիմալացվեն նաեւ տրասնպորտային միջոցները` 2039-ից դառնալով 939-ը։ Հիմնավորում են`ծախսերը կկրճատվեն, փոխարենը որակը կբարձրանա: Տեսնենք: 20 տարի սպասել ենք, մի երկու ամիս էլ կսպասենք: Սակագնի, 18 մետրանոց ավտոբուսների`Երեւանի փողոցներում տեղաշարժվելու հնարավորությունների եւ շատ այլ հարցեր դեռ պատասխաներ չունեն: Ոչինչ: Կսպասենք:

Քաղաքային իշխանությունը հայտարարել էր, որ նոր տրանսպորտային ցանցի ներդրման եւ սպասարկման համար մոտ 100 միլիոն դոլար է անհրաժեշտ։ Մեկ միլիոն դոլար էլ, ի դեպ վարկային միջոցներով ձեռք բերված, տրամադրվել էր Երեւանում հանրային տրանսպորտը բարելավելու եւ վճարման միասնական տոմսային համակարգ ներդնելու խորհրդատվական ծառայությունների համար:

Այս ամենում, մի փոքրիկ թյուրիմացություն է եղել. Երեւանի տրանսպորտային նոր ցանցի մշակման աշխատանքներում Երեւանի քաղաքային իշխանության աչքից ուղղակի վրիպել է մետրոպոլիտենի կիսավարտ կայարանների գոյությունը կամ մետրոպոլիտենն ընդհանրապես իբրեւ տրանսպորտային միջոց հաշվարկելը:

Ուրեմն Տարոն Մարգարյանի թիմը կարողանում է մեկից վարկ վերցնել ու տալ մյուսին`մեզ իբր խորհրդատվություն տրամադրելու համար, բայց մեր տեղացի մասնագետներին իրար գլխի հավաքել, նրանց խորհուրդները լսել եւ եթե պետք է վարկ վերցնել`վերցնել բուն աշխատանքների համար, չի կարողանում:

Տարոն ջան, սիրուն չի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728