Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Փետրվար 02,2018 10:30
shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ երրորդ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Երբ Խորեն Աբրահամյանն էդ բանաստեղծությունս արտասանեց, ես նոր միայն հասկացա՝ ինչու են «Համլետի» ու «Ոսկե հորթի» իր կրկնօրինակումները բնօրինակներից ավելի հաջող, բայց հիմա չեմ ուզում էդ թեմայի մեջ խորանալ, որովհետեւ մտադիր եմ ձեզ համար նկարագրել էն ամենը, որ տեսա K-9-ից «Ռոսիա» ռեստորան տանող ճանապարհին, ինչպես նաեւ՝ Կարմիր հրապարակի մատույցներում, ու էդ ամենն անձամբ Ֆրունզիկի հետ է կապված, որոշ չափով էլ՝ Արմեն Ջիգարխանյանի, բայց առաջին հերթին՝ Ֆրունզիկի, որովհետեւ K-9-ից «Ռոսիա» տանող ողջ ճանապարհին անցորդները մեզ էին նայում, ավելի ճիշտ՝ Ֆրունզիկին էին նայում ու մատնացույց անում, ինչպես նաեւ՝ Ջիգարխանյանին, եւ ռեստորանում էլ էր նույնը, ու ռեստորանից հետո էլ, չնայած արդեն մթնել էր, էլի նույնն էր. բոլորը Ֆրունզիկին ու Ջիգարխանյանին էին նայում ու մատնացույց անում, եւ չնայած Ֆրունզիկի հետ Երեւանի փողոցներով էլ էի քայլել ու իր հանդեպ ժողովրդի վերաբերմունքը տեսել, Մոսկվայում լրիվ ուրիշ էր, եւ երբ Կարմիր հրապարակում Հրանտը Ջիգարխանյանին ասաց՝ «սաղ Մոսկվան քեզ ու Ֆրունզին ա նայում», Ջիգարխանյանը ժպտալով ասաց՝ «բայց Ֆրունզին ավելի շատ են նայում, քան՝ ինձ», եւ Ֆրունզիկը փռթկացնելով Ջիգարխանյանին ասաց՝ «որովհետեւ իմ քիթը քո քթից էրկու անգամ մեծ ա», եւ Հրանտը փռթկացնելով ասաց՝ «մեղմ ասած՝ էրկու անգամ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «քթի չափսերով որ լիներ, ինձ էլ ճանաչողներ կլինեին», եւ Ֆրունզիկը մեղավոր ժպտալով ասաց՝ «քեզ ավելի կարեւոր տեղերում են ճանաչում, Հրանտ ջան», եւ Հրանտը ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «էս երկրի ամենակարեւոր տեղը Կարմիր հրապարակն ա. էստեղ մենակ քեզ ու Արմենին են ճանաչում», եւ Ֆրունզիկը փռթկացնելով Հրանտին հարցրեց՝ «Շեկոյան Արմենի՞ն», եւ Հրանտը միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «Շեկոյան Արմենը դերասան չի, որ ճանաչեն», եւ Խորենը Հրանտին ասաց՝ «ես էլ եմ դերասան, բայց ինձ էլ չեն ճանաչում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Խորենին ասաց՝ «քեզ գոնե Հայաստանում ու Երեւանում ճանաչում են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեզ էնտեղ էլ ճանաչողներ չունենք», եւ Ջիգարխանյանը Հրանտին ասաց՝ «քեզ շատ չե՞ս թերագնահատում, Հրանտ ջան», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչ որ կա՝ էդ եմ ասում», եւ Ֆրունզիկն ասաց՝ «մի Հայաստան ա՝ մի Հրանտ Մաթեւոսյան», եւ Հրանտը փռթկացնելով ասաց՝ «պա՛հ-պա՛հ-պա՛հ», եւ Ֆրունզիկը ժպտալով Հրանտին ասաց՝ «հազար տեղ քո հաշվով գլուխ եմ գովացել», եւ Հրանտը ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «ո՞նց ես գլուխ գովացել», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «ասել եմ՝ Հրանտն ընկերս ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «առանձնապես չես սխալվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ընկերը պոզովպոչով չի լինում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մեր էդ չարաբաստիկ ֆիլմում իսկական ընկերոջ պես էիր խաղում» եւ մի քիչ էլ մտածեց ու Խորենին նայելով ավելացրեց՝ «Խորիկն էլ էր փայլուն խաղում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Սոսն էլ», եւ Ֆրունզիկը ժպտալով հարցրեց՝ «էլ ո՞վ մնաց», եւ Խորենը ժպտալով ասաց՝ «Շերենցը»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել