Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ գիրքը ոչ միայն դուրս է եկել Ադրբեջանի գործող ռեժիմի դեմ, այլ նաեւ հենց հասարակության դեմ»

Փետրվար 02,2018 13:30

«Առավոտ»-ի զրուցակիցն է ադրբեջանցի գրող,
«35 նամակ որդուս» գրքի հեղինակ Զեյնալ Իբրահիմովը

– Դուք Ձեր «35 նամակ որդուս» գրքում գրում եք իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել քառորդ դար առաջ, եւ չի կարող չծագել մի հարց՝ ինչո՞ւ եք հիմա գրում:

– Ես գիրքը գրել եմ դեռ 2015 թվականի սկզբին: Եվ ինչո՞ւ հիմա, քանի որ ժամանակը ընդգծեց եւ ավելի հստակեցրեց տեղի ունեցածը: Եվ այս բոլոր տարիների ընթացքում ես հետեւել եմ Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին: Ժամանակ էր հարկավոր այդ ամենը ամբողջապես գիտակցելու համար:

– Փաստորեն, Դուք վիճարկում եք պաշտոնական Բաքվի եւ ադրբեջանական հասարակության այն տեսակետը, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, եւ Ադրբեջանը ամեն ինչ պետք է անի այն «հետ բերելու» համար: Որո՞նք են Ձեր փաստարկները:

– Այո՛, ես կարծում եմ, որ Ղարաբաղը պետք է անկախություն ստանա: Փաստարկներս շատ պարզ են՝ բոլշեւիկները այդ տարածքը Ադրբեջանի կազմ արհեստականորեն են մտցրել: Ավելին՝ հակամարտության տարիների ընթացքում Ադրբեջանը արել է ամենը, որպեսզի անհնար լինի Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում գոյակցությունը՝ երկրում մշակելով ֆաշիզմ եւ ատելություն հայերի նկատմամբ:

– Հայր եւ որդի Ալիեւների կողմից ձեւավորված ռեժիմը ձեռք է բերել հատկանիշներ, որոնք քաղաքագիտությունը բնորոշում է որպես ֆաշիզմ եւ նացիզմ։ Այլիսլիի գիրքը վառում էին բաց հրապարակում, ինչպես Գերմանիայում՝ երեսունականներին հրեաների կողմից գրված գրքերը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ճակատագրի կարժանանա ադրբեջանական հասարակությունում Ձեր գիրքը: Ինչ-որ բան կփոխվի՞:

– Դեռ ադրբեջանական կողմից որեւէ ռեակցիա չկա: Չեմ կարծում, որ իմ գիրքը կարող է ինչ-որ բան փոխել, քանի որ ոչ միայն դուրս է եկել գործող ռեժիմի դեմ, այլ նաեւ հենց հասարակության դեմ, որն իհարկե մերժելու է գրվածի ճնշող մեծամասնությունը: Հասարակությունը շատ երկար տարիներ զոմբիացվում է իմ գիրքն ընկալելու համար:


– Այդ դեպքում ինչո՞ւ եք գրել:

– Ես գրել եմ այն, ինչ տեսել եմ: Եթե հասարակությունը դրան պատրաստ չէ, դա լռելու առիթ չէ:

– Ոչ մի պատերազմ հավերժ չէ, ամենաերկար պատերազմն էլ ավարտվում է խաղաղությամբ: Ո՞րն է խաղաղության Ձեր տեսլականը։

– Ճիշտ է, նույնիսկ հարյուրամյա պատերազմը ավարտվել է խաղաղությամբ: Բայց տվյալ իրավիճակում կոնֆլիկտը լուծելու յուրաքանչյուր փորձ հօգուտ կողմերից որեւէ մեկի անհեռանկարային է, քանի որ այն երկու ազգերի մեջ ավելի շատ ատելություն կսերմանի եւ կդառնա մխացող կրակ, որը յուրաքանչյուր րոպե կարող է վառվել:

Իմ պատասխանը կարող է աբսուրդ թվալ, բայց մինչեւ ադրբեջանական հասարակությունը ցանկացած իշխանության ներքո (ես դա ուզում եմ հատկապես ընդգծել) չգիտակցի պատմության կեղծման անհեռանկար եւ նվաստացուցիչ լինելը: Եվ մինչեւ որ չընդունեն թեկուզ իրենց համար տհաճ իրականությունը, որ Ադրբեջանի սահմանները գծված են ֆանտազիայի եւ բոլշեւիկների օգնությամբ: Մինչեւ որ չգիտակցեն իրենց իրական ազգային ինքնությունը եւ չապրեն «մեծն ազգագրագետ» Հեյդար Ալիեւի՝ ազգը ստորացնող եւ անդեմ դարձնող «մեկ ազգ, երկու պետություն» լոզունգով՝ միայն մեկ «ավագ եղբորը» մյուսով փոխելով: Մինչեւ Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ արդար եւ բացահայտ միջազգային հետաքննություն չանցկացվի, եւ չհայտարարվեն իրական մեղավորները: Մինչեւ չճանաչվի միլիոնից ավելի բնիկ բաքվեցիների՝ հայրենիքից հեռացված բոլոր ազգերի ցեղասպանությունը: Մինչեւ ադրբեջանական հասարակությունը չգիտակցի, որ Օսմանյան կայսրություններում Հայոց ցեղասպանությունը իր հետ որեւէ կապ չունի, քանի որ այդ ժամանակ ո՛չ ադրբեջանական հասարակությունը գոյություն ուներ, ո՛չ էլ Ադրբեջան անունով երկիրը, ո՛չ էլ նույնիսկ ադրբեջանցի անվանումը: Ոչ մի իրականում երկարատեւ եւ ամուր խաղաղություն հնարավոր չէ:

Եվ կցանկանայի հավելել, որ ոչ մի գենետիկական ռուդիմենտ եւ առավել եւս, ինչպես պնդում են ադրբեջանցի պատմաբանները, բազմադարյա ատելություն երկու ազգերի մեջ չի եղել եւ չէր էլ կարող լինել, քանի որ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ առաջին կոնֆլիկտը գրանցվել է միայն 1905 թվականին:

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

01.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728