Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մինասյանը Արամ Մանուկյանի` իր էսքիզի քննարկումների մասին. «Նորմալ եմ համարում, չեմ նյարդայնանում»

Փետրվար 02,2018 15:39

Aravot.am-ը քանդակագործ Դավիթ Մինասյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում Արամ Մանուկյանի իր քանդակի էսքիզի շուրջ եղած բուռն քննարկումներին, որոնք հատկապես սոցցանցերում են ծավալվել:

«Չգիտեմ ինչը կարող է դուր չգալ մարդկանց, բայց եթե աշխատանքը, որը էսքիզի փուլում է, կիսատ է, բայց հրապարակել ու քննարկվել է, չեմ ուզում մեկնաբանել: Ժամանակը կգա, կհանդիպեմ, կզրուցեմ բոլոր նրանց հետ, ովքեր ցանկություն կունենան, սոցցանցում ես չեմ ուզում ոչինչ քննարկել, որովհետեւ քննարկումը ճիշտ չէ, երբ արվում է Ֆեյսբուքում` առանց մարդու դեմքին նայելու»,-ասաց նա:

Ապա հավելեց. «Քննարկումների մեջ վատ բան չեմ տեսնում, ուղղակի առայժմ լուրջ մասնագիտական քննադատություն, ադեկվատ վերլուծություն շատ քիչ եմ տեսել: Ժամանակը կգա՝ կքննարկենք, բայց ոչ Ֆեյսբուքում, այլ ուրիշ դաշտում, դա կարող է լինել արվեստանոցը, որեւէ ակումբ եւ այլն»:

Դավիթ Մինասյանի լուսանկարը՝ իր ֆեյսբուքյան էջից:

Դավիթ Մինասյանին նաեւ հարցրինք` արվեստի մարդկանցից ո՞վ է դրական արտահայտվել կամ քննադատական կարծիք հայտնել էսքիզի վերաբերյալ: «Շատ կարծիքներ եմ լսել: Ինչպե՞ս կարող էի լուրջ աշխատանքի մրցույթի մասնակցել առանց արվեստագետների գնահատականների, առանց ադեկվատ, նորմալ մարդկանց կարծիքները հաշվի առնելու: Շատ լավ ընկերների, կոլեգաների հետ քննարկումներ են եղել, բացասական կարծիքներ էլ են հնչել, դրական կարծիքներ էլ, լսել ու ամեն ինչ հաշվի եմ առնել: Իսկ այն, ինչ հիմա է կատարվում, որեւէ դրական կամ բացասական էմոցիա չի առաջացնում ինձ մոտ, ես ընդամենն աշխատում եմ, ժամանակը կգա, բոլորի հարցերին կպատասխանեմ: Աղմուկն արհեստական է, մեկը մի բան գրել է, մյուսն ասել է` վայ, էս ինչ լավ թեմա է…Իմ ձեւակերպմամբ, սա աղմուկ է ոչնչից: Նույնիսկ քննարկում եղավ, թե իրավունք ունե՞ր ավագանու անդամը դա հրապարակել… Այո, եթե արվեստանոցից դուրս է եկել էսքիզը, գնացել է քաղաքապետարան, արդեն հանրայնացվել է: Բայց կարծում եմ, որ պետք է քաղաքապետարանի կառույցներում այնպես արվեր, որ եթե դա հրապարակվում էր, ամբողջական փաթեթը հրապարակվեր, որը մրցույթի ժամանակ լուրջ ձայների է արժանացել: Չէ՞ որ միայն տեսնելով չի աշխատանքի ընտրությունը»:

Քանդակագործն ասաց, որ չի ցանկանում մտնել անպտուղ բանավեճերի մեջ, քանի որ աշխատում է եւ ժամանակ չունի. «Ժամանակը ցույց է տվել, որ բոլոր քննադատված գործերն էլ հետո հանրության հավանությանն են արժանացել: Այնպես որ, հիմա ժամանակը չէ այդ թեմայով խոսելու…Փետրվարի 13-ին ավագանու նիստով նոր պետք է ընդունվի, դեռ չի ընդունվել… Այնպես որ, կարիքը չկար նման քննարկումների»:

Նրա խոսքերով, «Ֆեյսբուքն էլ գործիք է, ինչպես մուրճը կամ մատիտը, եւ այդ գործիքը կարելի է ինչպես լավ, այնպես էլ վատ նպատակով կիրառել: Այս դեպքում…նորմալ եմ համարում, չեմ նյարդայնանում: Կուզենայի, որ դա լիներ ավելի լուրջ, պատկերավոր, տեղեկատվություն ունենալուց հետո»:

Դավիթ Մինասյանը նաեւ հավելեց, թե առանց տեղեկատվություն ունենալու, զուտ հույզերի հիման վրա չի կարող այս ամենն իր դեմ պատվեր որակել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728